Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է

Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ես սիրում եմ, որ հայ եմ: Ես չէի ուզի ուրիշ ոչ մի ազգի պատկանել: Աստված չանի՝ ուրիշ ազգից լինեի…Ախր լավ ժողովուրդ է հայը: Մի քիչ վատ է ապրում, բայց կարող է լավ ապրել, եթե իրեն չխանգարեն: Որովհետև հայ ժողովուրդը անհավատ աշխատելու ձև գիտի: Եկեք չխանգարենք, որ հայ ժողովուրդը լավ ապրի»:

Այսօր ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան օրն է:

«Օրագրից․․․
07.11.2002 Վաղը՝ 8-ին նոյեմբերի, ծննդյանս օրն է… Մի բան չի, մի տարի անցավ՝ 88, նորից մի տարի և հեռացար մանկությունից 89 տարի… Եվ մոտեցար ամենավատ հրեշին: Հեքիաթների հրեշը չի, ծուխ ու կրակ չի ժայթքում: Նորից մեկ տարի, ընդամենը…
Սատանեական բան է ժամանակը, որ աննկատ գողի նման է գալիս, անցնում և տանում, գողանում է մարդու ամենաթանկագինը: Եվ… իսկ դու «չտեսնելու» ես տալիս… Տարածն ի՞նչ է որ, մեկ տարի: Եվ նեռը քեզ արդեն ժպտալով՝ աչքով է անում… Արի՜, ա՜րի, ջանի՛կս…
*** Ժամանակը դաժան բան է, տիեզերքում ոչ մի ուժ չկա նրան հավասար… Գնում է իր ռիթմով: Կուզես… վազիր, քեզ պատռիր, չես հասնի… Ամեն ինչ տիեզերքում կարող է փոխվել, քանդվել, ստեղծվել, միևնույնն է, ժամանակը կա, կլինի և վերջ չունի… չունի: Իսկ մարդու կյանքը Աստված էլ չգիտի, թե որ չնչին պատառիկն է» (Eduard & Aram ISABEKYAN):

Է. Իսաբեկյանը ծնվել է 1914 թվականի Երևանի նահանգի Սուրմալուի գավառի Իգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիա)։ 1918 թվականին Իսաբեկյանների ընտանիքը գաղթում է և երկու ամիս Էջմիածնում մնալուց հետո հաստատվում է Երևանում։

1927-1931 թվականներին սովորել է Երևանի «Գեղարդ» տեխնիկումում, ուր նրան դասավանդել են Սեդրակ Առաքելյանը, Վահրամ Գայֆեջյանը (գեղանկար), Գոհար Ֆերմանյանը (գծանկար)։
1935-1941 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում։ Առաջին երկու տարիներին հաճախել է գրաֆիկայի բաժին, այնուհետև տեղափոխվել գեղանկարի բաժին՝ Կոտե Գզելիշվիլու ղեկավարությամբ։ Դիպլոմային աշխատանքի թեման է եղել «1903 թվականի Բաթումի բանվորների ցույցը»։

Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է (թեմատիկ-կոմպոզիցիա, դիմանկար, բնանկար, գրքի ձևավորում): Էդվարդ Իսաբեկյանի արվեստի հիմքը մարդասիրությունն ու խոր հայրենասիրությունն են, իսկ ոգեշնչման ակունքները՝ հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտահայտվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների և ազգային ուրիշ մեծերի կերպարներում:
«Վարպետի կտավները հայելիների պես արտացոլում են Հայոց աշխարհի թե երեկվա, թե վաղվա օրը, արցունքն ու ժպիտը, ցավն ու խինդը»: Այսպես է նկարագրել ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկյանին Իսաբեկյանի ընկեր, վրաց նշանավոր բանաստեղծ Մորիս Փոցխշվիլին:

Արվետագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վիգեն Ղազարյանն իր ակնարկում գրվում է. «Իր պատմական նկարներով նա Վարդգես Սուրենյանցի կողքին է, բնության մեջ անկաշկանդ, նազանի կանացի իր կերպարներով՝ նա Ալեքսադր Բաժբեուկ- Մելիքյանի կողքին է, հայրենի բնությամբ և հերոսներով նա Դերենիկ Դեմերճյանի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի կողքին է: … Նա միայն ժողովրդական նկարիչ չէր, այլև հայրենասեր քաղաքացի: Նա քսան տարի ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը, ստեղծել նրա մասնաճյուղերը հանրապետության տարբեր քաղաքներում,ն րա ժամանակ ընդլայնվել է պատկերասրահի ցուցադրելի մակերեսը, նա էր Ռուբեն Դրամբյանի նման փայփայում հայ միջնադարյան արվեստի ցուցադրումը այնտեղ: Էդվարդ Իսաբեկյանի ծառայությունները գնահատվեցին նաև հետխորհրդային շրջանում: Նա Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր էր և «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահը»:

Իսաբեկյանին նվիրված են բազմաթիվ ստվարածավալ ուսումնասիրություններ, հոդվածներ մենագրություններ։ Հայաստանի ազգային պատկերասրահը հատուկ սրահ է հատկացրել Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցադրման համար: Նրա գեղանկարչական աշխատանքները պահվում են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։ Նկարահանվել են Իսաբեկյան արվեստագետին ներկայացնող տասնյակ ֆիլմեր։

«Կյանքը կա, ապրում է հրաշք ուժի մեջ: Ապրեցնելը բոլոր ոճերի ու գույների արվեստների աղն է: Արվեստը պետք է ապրեցնի: Իսաբեկյանի արվեստը ապրեցնողն է»,- ասել է գրող Սերո Խանզադյանը:

Է. Իսաբեկյանը մահացել է 2007-ին, թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում