Կայացավ Խաչատրյանին նվիրված «Նվիրում ուսուցչիս» կոնցերտի պրեմիերան

Կայացավ Խաչատրյանին նվիրված «Նվիրում ուսուցչիս» կոնցերտի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am: «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի հերթական երեկոն նվիրված էր մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի աշակերտին՝ լատվիացի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսին։ Պելեցիսը Յազեպ Վիտոլի անվան լատվիական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է։ Նրա կոմպոզիտորական ոճը բնորոշվում է որպես «նոր ներդաշնակ երաժշտություն»՝ «զարմանահրաշ զուլալ, դրական ոգով»:

Պելեցիսը նշում է‚ որ երջանիկ է երկրորդ անգամ լինել Հայաստանում։ «Հայաստանը և հայկական մշակույթը շատ մեծ նշանակություն ունեն իմ կյանքում։ Իմ ուսուցիչը՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը‚ մեծ հետք է թողել ինձ վրա։ Միշտ երազել եմ իմ երախտագիտությունն ու հիացմունքն արտահայտել Արամ Խաչատրյանի նկատմամբ և հատուկ այս փառատոնի համար գրեցի «Նվիրում ուսուցչիս» կոնցերտը երկու դաշնամուրի‚ նվագախմբի և ձայնարկչի համար‚ որի ընթացքում հնչում է նաև հատված Խաչատրյանի ստեղծագործության ձայնագրությունից։ Այս կոնցերտը յուրահատուկ հուշարձան է մեծ ուսուցչիս։ Ես մինչ այժմ հիշում եմ Խաչատրյանի դասերը‚ նրա խորհուրդները»‚- ասաց Պելեցիսը։

«Նվիրում ուսուցչիս» կոնցերտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) կատարեցին դաշնակահարներ Ռոբերտո Կոմինատին և Կոնստանցիա Պրինչիպեն։

Կոնստանցիա Պրինչիպեն առաջին անգամ է կատարում «Նվիրում ուսուցչիս» կոնցերտը և հեղինակի հետ նույնպես հանդիպում է առաջին անգամ։ Ասում է՝ ուրախ է‚ որ այս ստեղծագործությունը Երևանում՝ Խաչատրյանի հայրենիքում‚ կատարելու հնարավորություն է ստեղծվել։

Ռոբերտո Կոմինատին էլ‚ խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին‚ նշեց‚ որ երիտասարդ ու շատ պրոֆեսիոնալ կոլետիվ է‚ որի հետ աշխատելը հաճելի է։

Երեկոյի ընթացքում հնչեց նաև Պելեցիսի «Endorphin Music» ստեղծագործույթունը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի համար։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում