Թումանյանի թանգարանը լույս է ընծայել հեղինակի ստեղծագործությունները` արևմտահայերեն փոխադրությամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի և Լևոն Շանթի 150-ամյա հոբելյանների կապակցությամբ Թումանյանի թանգարանը հրատարակել է Թումանյանի մանկական ստեղծագործությունների արևմտահայերեն փոխադրությամբ գիրքը: Շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին Հովհաննես Թումանյանի թանգարանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արևմտահայերենի փոխադրումն իրականացրել է Լևոն Շանթը Կ.Պոլսի հայ մանուկներին Թումանյանի աշխարհն էլ ավելի ճանաչելի ու հասկանալի դարձնելու նպատակով:
«Ժամանակին Հովհաննես Թումանյանին ու Լևոն Շանթին հրավիրել են կազմել տարրական դասարանների համար նախատեսված «Լուսաբեր» դասագիրքը: Սկզբում այն հրատարակվել է արևելահայության համար, բայց այնքան հաջողված էր, որ Լևոն Շանթը դասագիրքը փոխադրեց արևմտահայերեն: Մեր թանգարանում դասագրքի տարբեր հրատարակություններ են պահվում. այն բավականին երկար կյանք է ունեցել: Այս գրքի հիմքում այն բոլոր դասագրքերն են, որոնք հրատարակվել են մինչև Թումանյանի մահը», – պատմեց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:
Գիրքը, որում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները, բալլադներն ու լեգենդները, պատմվածքները, նկարազարդել են արտասահմանում ապրող հայ մանուկները, նրանց աջակցել են Հայաստանում ապրող երեխաները:
Հրատարակման համար ֆինանսական օգնություն է ցուցաբերել Արմինե Կարապետյանը: Թանգարանը նրան նվիրեց «Հովհաննես Թումանյան 150» հուշամեդալը:
Արմինե Կարապետյանն ասաց, որ ծնվել է Իրանում` հայրենասեր ու կրթված ընտանիքում: «Հայրս գրող էր, իսկ մայրս` ուսուցչուհի: Թումանյանը մեր ամենասիրելի հեղինակներից է, և մենք մեծացել ենք նրա հեքիաթներով», – նշեց նա:
Գիրքը կազմել է Անի Եղիազարյանը, խմբագրել է Նարինե Խաչատրյանը, սրբագրել` Քնարիկ Աբրահամյանը, ձևավորումն իրականացրել է Մանե Խաչատրյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում