«Դավիթը շատ անկեղծ է, գրականության մեջ արտացոլած զգացական շերտը համապատասխանում է նրա խառնվածքին»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am: «հակաՔԱՂԱՔական». այսպես է վերնագրված ԴԱՎԻԹ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ նոր գիրքը: Վերնագիրը և գրքի շապիկի ձևավորումը, թվում է, հանելուկ են առաջարկում՝ ինչի՞ մասին է գիրքը: Հեղինակն ինքը ընթերցողին խորհուրդ է տալիս քաղաքական շեշտադրումներ չփնտրել գրքում: Համաձայնում է ՝ վերնագիրը երկիմաստ է, շատերն ընկալում են հենց հակաքաղաքական իմաստով, որովհետև մեր հասարակությունն ուղղակիորեն ներծծված է քաղաքականությամբ, սակայն գիրքը ընթերցելիս պարզ կլինի, որ ինքը ոչ թե քաղաքական միտումներին է դեմ գնում, այլ հասարակության մեջ ձևավորված քաղաքական մթնոլորտին. «Հերոսները թեկուզ քաղաքական իրավիճակներում հայտնվում են, քաղաքական դիսկուրսներ ունենում են, բայց նրանց համար շատ ավելի կարևոր բաներ կան: Այսինքն՝ արժեհամակարգն է շեշտված: Երկրորդ իմաստով՝ վերնագիրը հենց հակաքաղաք իմաստն ունի: Պատահական չէ, որ գրքի շապիկին քաղաքը գլխիվայր է պատկերված, այն իմաստով, որ ես իմ ճանաչած, իմ ապրած, իմ մանկության, երիտասարդության քաղաքում չեմ ապրում: Քաղաքները մարդիկ են, իսկ շատ մարդիկ հեռացել են քաղաքից, քաղաքները մարդիկ են ու մարդիկ, նրանց արժեհամակարգը, հետաքրքրությունները փոխվել են»:
«հակաՔԱՂԱՔականը» լույս է ընծայել «Էդիթ պրինտ» հրատարակչությունը: Գրքի «հակաշնորհանդեսը» տեղի ունեցավ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: «Գիրքն ունի՞ դաստիարակչական նշանակություն» հարցին արձակագիրը պատասխանեց. «Գիրքը երկշերտ է. երբ կարդում ես, առաջին հայացքից տեքստը քեզ տանում է այլ ուղղությամբ, որ գեղեցիկ է շարադրված, հետաքրքիր է, ենթաշերտերին կարող ես ուշադրություն չդարձնել: Բայց իմ մոտեցումը հստակ է. եթե գրածդ դաստիարակչական բնույթ չունի (իհարկե՝ ոչ պարտադրող), ուրեմն անիմաստ է: Գրականությունը պետք է դաստիարակի, դաստիարակությունն սկսվում է այն պահին, երբ կարդացածդ քեզ խորհելու առիթ է տալիս, արժեհամակարգ է ձևավորում: Իմ հերոսները դեմ են քաղքենիությանը, արատավոր երևույթներին, արդարության ու ժողովրդավարության կեղծ քարոզներին»:
Ինչո՞վ է հետաքրքրել Դավիթ Սամվելյան գրողը «Էդիթ պրինտ» հրատարակչությանը. գրականությու՞նն է արժեքավոր, պահանջվա՞ծ հեղինակ է: Հրատարակչության մարքեթինգի ղեկավար ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ մեր այս հարցին ի պատասխան ասաց, որ թերևս Դավիթն է իրենց ընտրել, համագործակցելու առաջարկը նա է արել: Մինչ այդ նրա գրականությանը ծանոթ չեն եղել, թեև գիտեին, որ պահանջարկ ունի: «Երբ ծանոթացանք գրականությանը և իր անձին (դա էլ է կարևոր մեզ համար), հասկացանք, որ տարբերվող է թե՛ որպես գրող, թե՛ որպես անհատ և կարևոր ասելիք ունի մեր օրերի համար: Սկսեցինք համագործակցել, հրատարակել նրա գրքերը: «հակաՔԱՂԱՔականը» մեզ համար մեկ այլ բացահայտում էր, կարծում եմ, այն առանձնանում է վերջին շրջանում հայ հեղինակների հրատարակած գրքերից: Դավիթը շատ անկեղծ է, և գրականության մեջ արտացոլած զգացական շերտը համապատասխանում է նրա խառնվածքին»:
Հետաքրքրվեցի՝ հրատարակիչը միջամտու՞մ է հեղինակի աշխատանքին՝ մարքեթինգի պահանջներից ելնելով: «Հնարավոր է լինեն սկսնակ հեղինակներ, որոնց կարող ես ուղղորդել, ինչ-որ բաների հետ համաձայն չլինել: Դավթի պարագայում միջամտությունը բացառում եմ»,- ասաց Շավարշ Կարապետյանը: «Պարբերաբար հայ ընթերցողին ներկայացնում եք արտասահմանյան գրականության լավագույն նմուշները, և՛ կապեր ունեք, և՛ ծանոթ եք դրսի շուկային: Մտածե՞լ եք մեր հեղինակներին, օրինակ, Դավիթ Սամվելյանին արտասահմանյան հրատարակիչներին ներկայացնելու ուղղությամբ»,- հարցրինք: «Կարելի է, բայց, իմ կարծիքով, այս գիրքը շատ երևանյան է, ավելի կարևոր է հայ ընթերցողի համար: Չեմ կարող ասել` դրսում այս գործն ինչպես կընկալեն, գուցե և ընկալելի լինի, բայց խորհուրդ կտայի Դավթին հաջորդիվ անդրադառնալ ավելի համամարդկային թեմաների, որոնք ավելի արդիական են համաշխարհային ասպարեզում, ոչ միայն Հայաստանում. դա, իհարկե, կթարգմանենք, կփորձենք ներկայացնել-հանրահռչակել միջազգային հարթակներում»:
Դավիթ Սամվելյանը հեղինակ է հինգ գրքի: Նախորդ՝ «Ռոդենի ձմեռը» գիրքը երեք հրատարակություն է ունեցել, «Արտագաղթած կարոտը» հրատարակվել է երկու անգամ: Նրա գրչին են պատկանում նաև «Լուսե Երազ», «Նա և Նրա» գրքերը: «հակաՔԱՂԱՔական» պատմվածքների ժողովածուն տպագրվել է 1000 օրինակով: Այն կարելի է ձեռք բերել երևանյան գրեթե բոլոր գրախանութներից:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում