Հռոմի պապը կաղոթի բոլոր մոլորյալ հոգիների համար

Հռոմի պապը կաղոթի բոլոր մոլորյալ հոգիների համար

Մամուլը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական այցով Վատիկանում կլինի ու կհանդիպի Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապին: Նրա մամլո քարտուղարը չի հերքել տեղեկությունը, բայց և ոչինչ չի ասել օրակարգի մասին: Փորձենք պատկերացնել նրա զրույցի կետերը կաթոլիկ աշխարհի քահանայապետի հետ:

1. Պաշտոնական ընդունելության 45 րոպեներից 20 րոպե Նիկոլ Փաշինյանը կպատմի թավշե, սիրո ու հանդուրժողականության հեղափոխության մասին ու այն մասին, որ Հայաստանում երբևէ չի եղել նման ժողովրդավարական կառավարություն: Ֆրանցիսկոս պապը կժպտա:

2. Մնացած 20 րոպեում ստիպված է տեղավորել իր մյուս ձեռքբերումները, որ թիվ ու հաշիվ չունեն: Հարկավ՝ նա քահանայապետին կասի, որ իր իմաստուն որոշումով հայոց դպրոցներում չի դասավանդվի հայոց եկեղեցու պատմության առարկան, որովհետև մեզ պետք է ընդհանրական ու ճշմարիտ պատմություն: Ֆրանցիսկոս պապը չի ժպտա:

3. Խրախուսվելով պապի լռությունից՝ Նիկոլ Փաշինյանը նրան կպատմի, որ ճիշտ է՝ ԽՍՀՄ-ի ժամանակ եկեղեցին շատ է հալածվել, բայց անկախության տարիներին սերտաճել է իշխանության հետ ու հիմա պիտի հատուցի իր սխալների համար: Ու որովհետև եկեղեցին չի կարող հեռանալ ինչպես ՙնախորդ հանցավոր ռեժիմի՚ պաշտոնյաները, պիտի հեռանա կաթողիկոսը: Հայ հանրությունը դա է ուզում: Համենայն դեպս՝ մի 20-30 հոգի, ու նույնիսկ BBC-ին երկու անգամ գրել է այդ մասին: Ճիշտ է՝ պատվիրատուն ռուսներն էին, բայց խոսքը Հայ առաքելական եկեղեցուն էր վերաբերում: Իսկ ինքը, որ ճշմարիտ քրիստոնյա է, խոր հավատացյալ, չի պահանջում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը, սերտ կապեր է հաստատել Արամ Ա-ի հետ՝ Անթիլիասի կաթողիկոսի: Կաթողիկոսը կաթողիկոս է՝ ինչ տարբերություն: Նիկոլ Փաշինյանը պարծանքով կասի, որ ինքը նույնիսկ չշնորհավորեց Վեհափառին գահակալության 20-ամյակի առիթով՝ ոչ ընտրության, ոչ օծման օրը: Թեև պարտավոր էր: Ֆրանցիսկոս պապը կմռայլվի:

4. Նիկոլ Փաշինյանը պարծանքով Հռոմի պապին կպատմի, որ բուհերում այլևս հայոց լեզուն ու հայ գրականությունը պարտադիր ուսուցման առարկաներ չեն լինելու՝ ինքն է որոշել: Թող ուսանողները սովորեն իրենց մասնագիտական առարկաները, լեզուն ու գրականությունը նրանց պետք չեն, ոչ էլ հայ ժողովրդի պատմությունը՝ դա էլ է հանելու: Տեսնելով, որ Հռոմի պապը խոժոռվում է, Նիկոլ Փաշինյանը նրան կառաջարկի, որ այդ առարկաները ուսուցանվեն Վատիկանում:

5. Նիկոլ Փաշինյանը Հռոմի պապին կպատմի Պապ թագավորի մասին, որ հայոց եկեղեցին անջատեց բյուզանդական եկեղեցուց ու թունավորվեց բյուզանդացի դեսպանի ձեռքով: Ու կառաջարկի Վատիկանում մի տեղ Պապի արձանն էլ դնել՝ ծախսերը թող պապը հոգա: Ու սլացիկ կանցնի հաջորդ հարցին:

6. Ինչու՞ պիտի եկեղեցին փող չտա: Հո պետություն չէ պետության մեջ: Հետո ի՞նչ, որ հարկերը վճարում է, որ Մայր Աթոռն է շենացնում ու տասնյակ նոր կառույցներ են ավելացել, նոր եկեղեցիներ են կառուցվում ու վերականգնվում, սոցիալական ծրագրեր ունեն, բանակին են օգնում, Հայորդյաց տներ են պահում, հոգևորականներ են ուսուցում՝ Հայաստանում ու արտասահմանում, թող քեշ փող տա: Եթե Հռոմի պապտ չհասկանա ինչ է ՙքեշը՚, Նիկոլ Փաշինյանը կարճ հակակոռուպցիոն դասախոսություն կկարդա: Հռոմի պապը կփորձի գոնե մեկ բառ ասել՝ չի ստացվի:

7. Իբրև հանդիպման պարտադիր մաս՝ Նիկոլ Փաշինյանը Հռոմի Ֆրանցիսկոս պապին կհրավիրի Երևան՝ իրեն հյուր: Պապը ինքն իրեն կստիպի ժպտալ: Նա երկրորդ անգամ կփորձի ժպտալ, երբ հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը նրան նվիրի իր գիրքը ու հանձնարարի, որ թարգմանեն իտալերեն կամ իսպաներեն, որ պապը կարողանա կարդալ ու տեսնել երկրի հակառակ երեսը:

Եթե Հռոմի պապին հաջողվի գոնե 5 րոպե խոսել, նա կպատմի, որ 2016-ին արդեն եղել է Հայաստանում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսով: Կասի, որ իր համար էլ շատ հուզիչ պահ էր Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ Սուրբ Պետրոսում 2015-ին մատուցված պատարագը, որի ժամանակ ինքն ասաց ՙգենոցիդ՚ բառը, թեպետ ելույթի տեքստում չկար, բայց չասել չէր կարող ճշմարտությունը: ՙՃշմարտություն՚ բառը պապը կշեշտի: Ու Նիկոլ Փաշինյանը նրան կընդհատի, որ մոռացած շնորհակալությունը հայտնի:
Հանդիպումից հետո պապը երկար կաղոթի բոլոր մոլորյալ հոգիների համար:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ու որ ամեն ինչ հենց այս ընթացքը չունենա, հիշեցում՝ Հռոմի պապին հանդիպելիս ոչ թե նրա ձեռքն են սեղմում, այլ՝ համբուրում են: Դա կարգ է: ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳ, որի վրա Հայաստանում թքած ունեն, բայց Վատիկանում՝ ոչ: Վատիկանը հզոր պետություն է՝ Հայաստանից փոքր է, բայց մի քանի միլիարդ ՙբնակչություն՚ ունի աշխարհում: Ու՝ անսահման իշխանություն՝ հոգևոր ու աշխարհիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում