Սատանիզմ
Նմանատիպ
Սատանայապաշտություն
Ավետարանում հետևյալ մարգարեությունը վերաբերում է նաև մեր ժամանակներին. «Օրեր կգան, երբ շատերի սերը պիտի ցամաքի» (Մատթ. 24.12): Եկեք իրատես լինենք. մեր օրերում շատ մարդիկ կարծես թե չեզոք դիրք են գրավել հավատքի նկատմամբ: Մինչդեռ իրականում հավատքի մեջ չեզոք դիրք չկա: Շատերս ենք լսում սատանայապաշտների մասին: Զայրանում ենք դրանց անբարոյականության, սպանությունների, սանձարձակությունների համար: Բայց ինչպես որ որևէ գործողություն կարող է ունենալ և՛ ակտիվ, և՛ պասիվ կատարող, այդպես էլ նույնն է սատանային պաշտելը: Շատ հետաքրքիր և ճիշտ դիտարկում է արել այս առումով անգլիացի մեծ գրող Բայրոնը իր մի ստեղծագործության մեջ: Սատանան հայտնվում է Կայենին և առաջարկում իրեն պաշտել: Կայենն ասում է. «Ես ընդհանրապես ոչ ոքի չեմ պաշտում»: Այս դիմադրությանը չարն այսպես է պատասխանում. «Միևնույն է, դու Աստծուն չպաշտելով հենց ինձ ես պաշտում, Նրան չխոնարհվելով, ինձ ես խոնարհվում»: Եվ այս իմաստով հաստատապես կարելի է ասել, որ Աստծուն չպաշտողները կամ Եկեղեցու ցույց տված ուղուց բոլոր շեղվածները պասիվ սատանայապաշտներ են: Մինչդեռ Եկեղեցին, մեծապես կարևորելով հանուն Քրիստոսի իրենց կյանքը զոհած սրբերի հիշատակի տոնակատարումը, դրանով ուսուցանում է, որ մարդն Աստծուն պետք է սիրի իր անձից ավելի:
Սատանայի և 666-ի մասին
Շարականներից մեկը պատմում է այն մասին, թե ինչպես հրեաների ետևից ընթացող փարավոնն իր զորքով հանդերձ ընկղմվեց Կարմիր ծովի ջրերը: Շատ գեղեցիկ համեմատություն կա այստեղ. իսրայելցիների ջրով անցնելը խորհրդանշում է քրիստոնյաների մկրտությունը, փարավոնը խորհրդանշում է սատանային, իսկ փարավոնի և նրա զորքի ընկղմվելը` սատանայի ու նրա զորքի պարտությունը:
Այժմ խոսենք սատանայի և հակաքրիստոսի ու չարի վերջնական պարտության մասին: Հայաստանում եղավ մի շրջան, երբ որոշ թերթերում հոդվածներ երևացին և շատ մարդիկ էլ սկսեցին խոսել հակաքրիստոսի և նրա նշանի մասին: Սրա պատճառը հիմնականում վերջերս կատարված սոցիալական քարտերի և դրանում մարդուն տրվող համարների նորամուծությունն էր հայ հասարակության մեջ` պնդումով, որ առանց այդ քարտի հնարավոր չի լինի տարեցների համար թոշակ, աշխատողների համար աշխատավարձ ստանալ, նույնիսկ բանկերում կոմունալ վճարումներ կատարել: Առանց սոցիալական քարտի թոշակների պահման և վճարումների արգելման որոշումը գործադրվեց մի կարճ ժամանակ, քանի որ այն հետագայում չեղյալ հայտարարվեց Սահմանադրական դատարանի կողմից: Ոմանք սոցիալական քարտերի կիրառումը նույնացրին Հովհաննու Հայտնության մեջ նկարագրվածի հետ, որտեղ նշվում է, որ մարդկանց վրա պիտի դրոշմվի հակաքրիստոսի նշանը, առանց որի մարդիկ չեն կարող ոչ գնել և ոչ էլ վաճառել (Հայտ. 13.17): Սակայն խուճապի պատճառը հիմնականում Աստվածաշնչի և հոգևոր գրականության ոչ լավ իմացությունն է:
Հեռուստաընկերություններից մեկի կողմից արված հարցումների համաձայն` Հայաստանի բնակչության զգալի մասը Աստվածաշունչ գրեթե չի կարդում: Մարդիկ պարզապես զբաղված են իրենց առօրյա գործերով, իրենց մարմնի կերակուրը հայթայթելով և այս ամենի մեջ մոռանում են հոգևոր կերակրի մասին: Ու այս վիճակով մարդիկ որոշ լուրեր են լսում, սատանայի և հակաքրիստոսի մասին ֆիլմեր են դիտում, այդ իսկ պատճառով առաջին իսկ առիթի դեպքում ընկնում են խուճապի մեջ: Կարծես թե սնահավատության է սպառնում վերածվել նաև 666 թիվը, որը, ըստ Հովհաննու Հայտնության, նեռին բացահայտող թիվ է (13.18): Կան մարդիկ, որ անմիջապես ետ են դառնում ճանապարհից, երբ սև կատու են տեսնում, ոմանք էլ անբարենպաստ են համարում 13 թիվը: Ահա այսպիսի վերաբերմունք է արդեն նկատվում նաև 666 թվի հանդեպ: Ինչ խոսք, սա անտրամաբանական է, որովհետև, օրինակ, շատ մարդկանց մեքենաների համարներ կարող են երեք վեց պարունակել, և Հայաստանի ու ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի բազում մարդկանց հեռախոսահամարները կարող են հերթականությամբ երեք վեցեր ունենալ: Բայց սա չի նշանակում, որ մենք այդպիսի մարդկանց պետք է համարենք չարի ազդեցության տակ գտնվողներ, և խզենք մեր կապերը նրանց հետ: Եթե այսպիսի տրամաբանությամբ վարվենք, ապա պետք է մի կողմ դնենք նաև Աստվածաշունչը, որովհետև հայերեն տպագիր Աստվածաշունչն առաջին անգամ լույս է տեսել 1666 թվականին: Գրիգոր Տաթևացին նեռի թիվը բացատրում է հայոց այբուբենի թվային արժեքի համեմատությամբ` ՈԿԶ – 666, որտեղ Ո-ն 600-ն է, Կ-ն` 60-ը, իսկ Զ-ն` 6-ը: Տառերի այս հապավումը նշանակում է` ուրանամ կամավ զԱստուած, այսինքն` Աստծուն կամովին ուրացողներն են նեռեր և չարի հետևորդներ: Տաթևացու բացատրությունը համընկնում է նաև Հովհաննես առաքյալի թղթերում նշվածի հետ. «Ինչպես լսել եք, Նեռը գալու է. բայց արդեն իսկ եկել են բազում նեռեր» (Ա Հովհ. 2.18), «Նա՛ է Նեռը, ով ուրանում է Հորը և Որդուն» (Ա Հովհ. 2.22) «Եվ ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին` մարմնով եկած, նա Աստծուց չէ: Եվ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել եք, թե գալու է և արդեն իսկ աշխարհում է» (Ա Հովհ. 4.3), «Բազում մոլորեցնողներ են երևան եկել աշխարհում. ով որ չի խոստովանում Հիսուս Քրիստոսին` մարմնով եկած, նա մոլորեցնող է և Նեռ» (Բ Հովհ. 1.7): Եփրեմ Ասորին նշում է, որ ողջ մարդկությունը, բացառյալ Քրիստոսին հավատարիմ քչերի, ուրախությամբ պիտի ընդունի Նեռի թագավորությունը: Հովհաննու Հայտնության մեջ նշվում է, որ մարդկանց վրա Նեռի նշանը դրոշմվելու է այն ժամանակ, երբ մարդիկ գիտակցաբար պաշտեն հակաքրիստոսին (13.14-15): Եվ քանի դեռ Նեռի թագավորությունը չի եկել, և ողջ մարդկության մեծամասնությունը հակաքրիստոսին գիտակցաբար չի պաշտում, ավելորդ խուճապի պատճառ չկա: Շատերը կարող են համաձայն չլինել այս կարծիքի հետ: Այդ իսկ պատճառով մենք հիմա կներկայացնենք Ընդհանրական Եկեղեցու մեծագույն Հայրերից մեկի` Սուրբ Հովհան Ոսկեբերանի տեսակետը սատանայի մասին, ըստ որի այնքան էլ պետք չէ վախենալ և սարսափել սատանայից: Մարդկությունը պարզապես պետք է զգոն և սթափ լինի Նեռի թագավորության ժամանակ, որովհետև այն օրերին սատանայի իշխանությունն ավելի է հզորանալու: «Թույլ կամքի տեր մարդը,- ասում է Հովհան Ոսկեբերանը,- կարող է նույնիսկ առանց սատանայի մեղքի անդունդն ընկնել: Այդպիսի մարդը կարող է վնաս ստանալ նույնիսկ Պողոս առաքյալից»: Այդ մասին նշում է նաև ինքը` Պողոս առաքյալը, կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակում (Բ Կորնթ. 10.9-10), ինչպես նաև` Պետրոս առաքյալը (Բ Պետրոս 3.15-16): Շատ հետաքրքիր և մեզ համար արտասովոր ու զարմանալի հրահանգների ենք հանդիպում Պողոս առաքյալի թղթերում: Պողոս առաքյալը հրահանգում, կարգադրում է, որպեսզի մեղավոր մարդուն մատնեն սատանային: Խոսելով Կորնթոսի մեղավորի մասին` Պողոս առաքյալն ասում է. «Մատնեցե՛ք այդպիսի մեկին սատանային` նրա մարմնի կորստյան համար, որպեսզի հոգին ապրի» (Ա Կորնթ. 5.5): Իր սիրելի աշակերտին` Տիմոթեոսին ուղղված առաջին նամակում Պողոս առաքյալը, խոսելով երկու աստվածհայհոյողների մասին, ասում է, թե նրանց մատնեց սատանային, որպեսզի խրատվեն և այլևս չհայհոյեն (Ա Տիմ. 1.20): Ինչպես որ հմուտ բժիշկը կարողանում է օձի թույնից դեղ պատրաստել և հիվանդներին բուժել, ճիշտ այդպես էլ Պողոս առաքյալը հմտությամբ կարողանում է գործածել սատանային` մարդկանց հոգիները բուժելու համար: Սատանան կուրությամբ ցանկանում է բոլորին չարիք պատճառել, առանց իմանալու դա իրեն օգու՞տ է, թե՞ վնաս: «Հավատքի տեր և իմաստուն մարդը,- համոզված է Սուրբ Հովհան Ոսկեբերանը,- կարող է սատանայից նույնիսկ օգուտ ստանալ` նոր հայտնագործումներ անելով և նոր հաղթանակներ ձեռք բերելով»: Հունարենը սատանա բառի համար ունի դիաբոլոս բառը: Այս բառն առաջացել է հունարեն դիաբալլո բայից, որը նշանակում է բամբասել, անպատվել, չարախոսել: Այդ իսկ պատճառով հայերենում սատանա բառին իբրև հոմանիշ ունենք նաև բանսարկու բառը: Սա ցույց է տալիս, որ սատանան չի կարող բռնությամբ որևէ մեկին ստիպել, որպեսզի նա մեղք գործի: Սատանան պարզապես հնարքներ է բանեցնում, գայթակղիչ առաջարկություններ է անում, որպեսզի մեզ իր ձեռքը գցի: Հովհան Ոսկեբերանն ասում է, որ սատանան ցանկանում է, որպեսզի մարդիկ իրենց մեղքերը սատանայի վրա գցեն և ներում չստանան, ինչպես որ Եվան վարվեց: Սակայն մեր մեղքերի համար հիմնական մեղավորը մենք ենք, որովհետև համաձայնվում ենք սատանայի գայթակղիչ առաջարկություններին, մտքերին ու գաղափարներին, ընդունում ենք դրանք և զարգացնում` գործակից դառնալով սատանային: «Տիեզերական անխախտ օրենք կա,- պնդում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը,- եթե մարդն ինքն իր դեմ ոչինչ չանի, ապա ոչ ոք չի կարող նրան վնաս պատճառել, ո՛չ նրա թշնամիները, ո՛չ ողջ մարդկությունը, ո՛չ տիեզերքն իր զորությամբ, ո՛չ էլ սատանան իր չար հրեշտակներով հանդերձ: Եվ ոչ էլ այս բոլորը, եթե միաբանվեն, դարձյալ չեն կարող մարդուն վնաս պատճառել, եթե մարդն ինքն իր դեմ ոչինչ չանի»: Եվ սա իմանալով` մենք պետք է ուշադրություն դարձնենք մեր հոգևոր կյանքին: Ե՞րբ եք արդյոք վերջին անգամ եկեղեցի գնացել, ե՞րբ եք վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ստացել, ի՞նչ է Հաղորդությունը, ի՞նչ է ասում Քրիստոս այս մասին: Ահա նաև նման կարևոր հարցերի պատասխանների իմացությանը և մեր հոգևոր կյանքին մենք պետք է ուշադրություն դարձնենք: Եվ եթե ապրենք որպես պարզ և անկեղծ հավատացյալներ, ապա մեր օրերում խուճապ առաջացնող ոչ մի լուր կամ խոսակցություն չեն կարող խաթարել մեր հոգու խաղաղությունը, որովհետև մեզ հետ է Հիսուս Քրիստոս, մեզ հետ է Աստված, որին փառք հավիտյանս հավիտենից. ամեն:
Չարի մասին
Մարդիկ այժմ ավելի շատ հակված են կատարվող իրադարձությունները բացատրելու` միայն նկատի ունենալով բնական երևույթները, մարդկային դիտավորությունները: Դրա համար էլ ոմանց հեքիաթային է թվում սատանայի կամ չարի առնչությամբ զգուշացումը: Սակայն եկեղեցական Հայրերն ասում են, որ ոչ մի չար միտք կամ արարք չի լինում առանց սատանայի մասնակցության: Եթե փորձենք ամեն ինչ բացատրել միայն բնության կամ դիտավորության ընթացքով, ապա սխալ եզրակացությունների կհանգենք: Ասվածի ապացույցներից մեկն այն է, որ մեր մարդկային գիտակցությունը երբեք չի կարող նախորդել նույնիսկ մեզ համար սովորական մի առարկայի, այլ այդ առարկան է, որ նախորդում է մեր գիտակցությանը և մեր մտածողության մեջ մտնում է միայն մեր զգացողություններից որևէ մեկի` լսողության, տեսողության կամ այլ մեկի վրա ազդելով: Եվ միայն մեր փորձի վրա հիմնվելով՝ մենք չենք կարող ճշմարտության հասնել: Օրինակ` փորձով չենք կարող որոշել` աշխարհը հավիտենակա՞ն գոյություն ունի, թե՞ ունի սկիզբ, արդյոք տիեզերքն ունի՞ սահման, թե՞ անսահման է: Հետևաբար, միայն մեր տեսնելով, լսելով կամ զգալով, այսինքն` միայն զգացողության չափանիշով հնարավոր չէ ճիշտ պատասխան գտնել բազում երևույթների համար: Եվ այս իմաստով քրիստոնեությունը աստվածային հայտնության հիման վրա բացատրում է աշխարհում չարի գոյությունը: Սատանան նախկինում մեծ իշխանություն ուներ աշխարհում, սակայն Քրիստոսի փրկագործությունից հետո սատանայի իշխանությունը շատ խիստ սահմանափակվեց: Աստվածաշունչն ասում է, որ սատանան կապվեց և նետվեց անդունդը խորհրդանշական հազար տարով (Հայտն. 20.2-3): Սատանան ազատ է արձակվելու միայն աշխահի վախճանին` Նեռի իշխանության ժամանակ, և հետո վերջնական պարտության է մատնվելու (Հայտն. 20.7, 9-10):
Գուշակների մասին
Սուրբ Պատարագի արարողության ժամանակ ընթերցումներ են կատարվում մարգարեություններից, այնուհետև` Նոր Կտակարանից: Ընթերցումների հերթականությունն այսպիսին է, որովհետև նախ մարգարեները մարգարեացան, և ապա Քրիստոս ծնվեց, ու իրականացան մարգարեությունները: Սա ևս մեկ ապացույց է Քրիստոսի աստվածության, որովհետև Նրա Ծննդյամբ և գործունեությամբ իրականացավ այն ամենը, ինչ կանխագուշակվել էր Նրանից բազում և բազում տարիներ առաջ: Մարգարեն մեծավ մասամբ հայտնում էր նաև հեռավոր ժամանակվա իրադարձությունները, իսկ ով միմիայն հայտնին ու մոտ ժամանակինն է հայտնում, նա մարգարե չէ: Մարգարեությունները լինում են նաև դիվական, ինչպես որ հեթանոսության ժամանակ կուռքերի մարգարեների մարգարեությունները: Այսպիսի բան երևում է նաև այսօր կախարդների կամ գուշակների պատասխանների մեջ: Այս առումով երբեմն շատ անհոգ են լինում քրիստոնյաները: Մարդիկ կան, ովքեր մկրտված են, քրիստոնյա են, սակայն միևնույն ժամանակ նաև հաճախում են գուշակների, վախ չափողների և նման այսպիսի «անհատ ձեռներեցների» մոտ: Որևէ մարդ չի կարող հոգեպես առողջ լինել՝ շփվելով և՛ Աստծո, և՛ սատանայի կամ սատանայական ուժերի հետ, ինպես ասում է նաև Պողոս առաքյալը. «Չեք կարող խմել և՛ Տիրոջ բաժակը, և՛ դևերի բաժակը: Եվ չեք կարող վայելել և՛ Տիրոջ սեղանից, և՛ դևերի սեղանից» (Ա Կորնթ. 10.20-21): Գուշակները, վախ չափողները և այլք նմաններ իրենց գործունեությունն օրինական ցույց տալու համար իրենց սենյակներում հաճախ սրբապատկերներ են կախում կամ էլ ցանկանում են շեշտել իրենց կապը Եկեղեցու հետ: Երբեմն պատահում է, որ երբեմն մարդիկ եկեղեցի են գալիս մեռոնաջուր ուզելու: Եվ նրանց արված հարցումների արդյունքում պարզվել է, որ ինչ-որ բժշկություն անող մի գուշակ կամ նման մեկն է նրանց ուղարկել եկեղեցուց ջուր բերելու` իր այսպես կոչված արարողությունը կատարելու համար: Այդ իսկ պատճառով եկեղեցիներում նաև քահանաները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի իրենք ևս առանց իմանալու չնպաստեն նման չարիքների տարածմանը: Որևէ քրիստոնյայի համար ամոթ և խայտառակություն է այսպիսի վարմունք ունենալը: Եկեղեցում յուրաքանչյուր դեպքի համար հստակ սահմանված կանոն կամ աղոթք կա, և քրիստոնյան պետք է քահանայի աղոթքը խնդրի ու ոչ թե սնոտիապաշտությամբ չարի ուժով գործող գուշակի կամ նման մեկի մոտ այցելի: «Մի՛ շնացիր»,- ասում է տասնաբանյա պատվիրաններից մեկը, և քրիստոնյայի շեղվելը ճշմարիտ աստվածպաշտությունից և հետևելը այլ ուժերի ու ուղղությունների կռապաշտություն է, ինչը, ըստ մարգարեների, հոգևոր իմաստով անառակություն է ու շնություն (Երեմ. 3.1-2, 9, Եզեկ. 6.9, 16.16, 20.30, ), որի համար քրիստոնյան շատ վնասներ կունենա:
Մարգարեություն և գուշակություն
Աստվածաշնչում ընդգրկված են 16 մարգարեների մարգարեություններ, որոնցից 4-ը կոչվում են մեծ, իսկ մնացած 12-ը` փոքր: Այս անվանումը ցույց է տալիս պարզապես մարգարեությունների ծավալը: Կան մարգարեություններ, որոնք Աստվածաշնչում ընդամենը մի քանի էջ են զբաղեցնում, և կան մարգարեություններ, որոնք ավելի մեծ տեղ են գրավում: Բայց իրենց նշանակությամբ բոլոր մարգարեներն էլ մեծ են: Մարգարեությունները կարելի է կոչել նաև կանխագիտություն ապագայի մասին: Ի՞նչ տարբերություն կա, սակայն, մարգարեության և գուշակության, մարգարեների և գուշակների միջև: Այսօր մեծ տարածում ունի աստղագուշակությունը, և բազում մարդիկ կարծես թե վարակված են հորոսկոպային հիվանդությամբ: Այս երևույթի` աստղագուշակության դեմ պայքարել են Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոցում», Օգոստինոսն իր «Խոստովանություններում» և բազմաթիվ եկեղեցական հեղինակներ: Աստղագուշակությունը, որն իբր թե ցույց է տալիս մարդու ճակատագիրը և բնավորությունը, բավականին հեռու է ճշմարտություն լինելուց: Օրինակ` միևնույն օրը, միևնույն ամսին և միևնույն ծնողներից ծնված երկվորյակները բավականին տարբեր են լինում: Բնության կարծես թե անխախտ օրենքն է այն, որ միասին մեծացած երկվորյակներն ունենում են բոլորովին տարբեր բնավորություններ, տարբեր մտածելակերպ, ըստ որի էլ ունենում են տարբեր ճակատագրեր: Նշենք, որ ճակատագիր բառը մենք գործածում ենք փոխաբերական իմաստով: Եզնիկ Կողբացին նշում է նաև, որ պատերազմների ժամանակ մարդիկ անգործ չեն նստում, և ոչ ոք չի ասում, թե ճակատագրով ինչպես որոշված է, այնպես էլ կլինի, այլ մարդիկ զենք են վերցնում և ելնում են պայքարելու: Եվ այս երևույթն էլ ցույց է տալիս, որ մարդն ինքն է իր ճակատագրի տերը, մարդն ինքն է իր ճակատագիրը կերտողը: Մարդու կյանքում ամեն ինչ տեղի է ունենում մարդու անձնական կամքով ու գործունեությամբ և Աստծո գիտությամբ ու թույլտվությամբ: Մարգարեները գուշակներից տարբերվում են նրանով, որ նրանք փոխանցել են այն, ինչ նրանց ասել է Աստված: Այս փաստը մարգարեներն ապացուցել են իրենց անբասիր կյանքով, բազում նշաններով, մեծ հրաշքներով և իրենց մարգարեությունների իրականացումներով: Գուշակություններն իրենցից ներկայացնում են միմյանց հետ կապ չունեցող գրվածքներ կամ ասված խոսքեր: Մինչդեռ աստվածաշնչյան մարգարեություններն անքակտելիորեն կապված են միմյանց հետ և լրացնում են միմյանց: Գուշակությունները վերաբերում են առավելաբար ներկային մոտ ժամանակներին, մինչդեռ աստվածաշնչյան մարգարեությունը տարածվում է մինչև օրերի վերջը: Գուշակություններն առանձին անձանց կամ ժողովուրդների մասին են, մինչդեռ աստվածաշնչյան մարգարեությունն իր հայացքով ընդգրկում է ողջ մարդկությունը: Մարգարեությունները մեզ համար կարևոր են հատկապես նրանով, որ նրանցում Հիսուս Քրիստոսին վերաբերող շատ հատվածներ կան, որոնք կատարվել են և կատարվելու են իրենց ժամանակին:
Մոգություն և կախարդություն
Առաքյալները դարձի բերեցին մարդկանց Աստծո շնորհի զորությամբ և ոչ թե մոգությամբ կամ կախարդությամբ: Տարբերություն կա մոգության ու կախարդության միջև: Կախարդության նպատակն է ազդեցություն ունենալ տարբեր ոգիների վրա` խլելով նրանց ուժը, զորությունը կամ նրանց հեռու քշել: Երբ գոռալով ոգիներ են քշում, դա կախարդության գործածում է, բայց երբ ուզում են այդ ոգիներին մարդկային կամքին ենթարկել, դա մոգություն է: Մոգության նպատակն է մեկի կամքը տարածել հոգևոր աշխարհի վրա կամ որևէ բան իրագործել մոգության այդ ուժով: Օրինակ` մոգություն գործածող մարդիկ իրենց թշնամուն պատկերող տիկնիկ են սարքում, և իրական մարդը ենթարկվում է այն նույն չարչարանքներին, որին ենթարկվում է նրան պատկերող խաղալիքը: Եվ Հին Կտակարանում դեմքեր պատկերելու կամ քանդակելու արգելքը (Ելք 20.4) ոչ թե մերժումն է ստեղծագործ արվեստի, այլ դրա նպատակն էր նաև հեռու պահել աստվածպաշտներին հատկապես այն ժամանակ հեթանոս աշխարհում մեծապես տարածված մոգության նմանատիպ զենքերի հետ առնչությունից:
Թուղթուգրի մասին
Այսօր էլ շատ մարդիկ հեթանոսների նման դիմում են կախարդանքների` ինչ-որ բանի հասնելու համար: Այդ կախարդանքներից մեկը թուղթուգիրն է, որին վերաբերող զրույցները բոլորս էլ լսել ենք: Կան թուղթուգիր անողներ, կան նաև թուղթուգիր քանդողներ, որոնք իբր վերացնում են այդ կախարդանքի չար ազդեցությունը: Ոմանց համար սա պարզապես փող աշխատելու միջոց է: Սակայն ոմանք էլ իրոք գործում են չարի զորությամբ:
Սատանան նախկինում մեծ իշխանություն ուներ աշխարհում, սակայն Քրիստոսի փրկագործությունից հետո սատանայի իշխանությունը շատ խիստ սահմանափակվեց: Աստվածաշունչն ասում է, որ սատանան կապվեց և նետվեց անդունդը խորհրդանշական հազար տարով (Հայտն. 20.2): Սատանան ազատ է արձակվելու միայն աշխահի վախճանին՝ Նեռի իշխանության ժամանակ (Հայտն. 20.7): Եվ իրոք, աշխարհի այսօրվա վիճակն էլ ցույց է տալիս սատանայի իշխանության սահմանափակությունը: Ոմանք գուցե այս պահին ծիծաղելի համարեն ասվածը, նկատի ունենալով աշխարհում մոլեգնող պատերազմները, անարդարությունները, սակայն հիմա աշխարհն ամենևին էլ այն չէ, ինչ նախկինում էր: Քրիստոնեությունը շատ մեծ բան տվեց աշխարհին. աշխարհը կանգնեց բարոյական այլ մակարդակի վրա: Նախկինում սատանան մեծ իշխանություն ունենալով` ողջ աշխարհում տարածել էր կռապաշտությունը: Կուռքերի առջև մարդկային զոհաբերություններ էին արվում, խելացնոր ծնողները զոհաբերում էին իրենց երեխաներին, սեռական այլանդակությունը դիտվում էր որպես սովորական երևույթ, մարդիկ անզուսպ էին իրենց կրքերի և մոլուցքների մեջ: Նույնիսկ հրեաները մոլորվեցին և սկսեցին անգամ երեխաների զոհաբերություններ անել, որի համար Աստված նրանց դատապարտում է մարգարեության մեջ (Եզեկ. 16.20-21, 36, 20.31, 23.37, 39): Քանի որ այժմ սատանայի իշխանությունը շատ սահմանափակ է, ապա վերացել են նաև կռապաշտությունը, մեծահասակ մարդկանց կամ երեխաների զոհաբերությունները, անբարոյականությունը, սեռական այլանդակությունը դատապարտվում են բոլորի կողմից, և նույնիսկ այդպիսի քայլի դիմող մարդիկ հստակ գիտեն, որ անօրինական և մարդկային հասարակության կողմից անընդունելի բան են անում: Ճիշտ է, դժբախտաբար, մնացել են պատերազմներն ու անարդարությունները: Այժմ քանի որ սատանան կապված է, իշխանություն չունի որևէ քրիստոնյայի վրա, եթե քրիստոնյան գործադրում է Քրիստոսի պատվիրանները: Սատանան իշխանություն ունի միայն այնպիսի մարդկանց վրա, ովքեր թե՛ իրենց կյանքով ու գործերով, թե՛ իրենց սրտերով հեռու են ճշմարտությունից: Հետևաբար, սնահավատ մարդկանց մեջ խուճապ առաջացնող թուղթուգիրը քրիստոնյայի համար ճշմարիտ հավատքի դեպքում որևէ ազդեցություն չի կարող ունենալ: Եկեղեցու կողմից ընդունելի չեն նաև այսպես կոչված թուղթուգիր քանդողները, որովհետև սատանան կարող է որոշ ժամանակ քնած ձևանալ շատ ավելի մեծ որս հափշտակելու համար: Պետք է պարզապես հոգևորականին խնդրել տնօրհնեք կատարել, անձնապես եկեղեցի հաճախել և քահանայի աղոթքը խնդրել: Բոլորս էլ պետք է իմանանք, որ մարդու մեջ առողջ հոգեվիճակ ձևավորում է միայն ճշմարիտ աստվածպաշտությունը:
Ո՞րն է ճշմարիտ կրոնը
Երբեմն եկեղեցուց հեռու որոշ մարդկանց մեջ հարց է առաջանում. «Լավ, այսքան կրոններ կան, ի՞նչ իմանանք, թե որն է ճշմարիտ կրոնը»: Իսկ ոմանք էլ ավելի են առաջ գնում` ասելով. «Բոլոր կրոններն էլ լավն են, պաշտում են նույն աստծուն` տիեզերքի արարչին, միայն թե ամեն մեկն իր ձևով»: Այսպիսի կարծիքը մարդկանց կարող է գցել ահավոր մոլորության մեջ: Քրիստոնեությունը երբեք չի կարող նույնանալ որևէ այլ կրոնի հետ, որովհետև մյուս կրոնները լի են ահավոր թերություններով: Եկեղեցու սրբերից Հուստինոս Վկան, որն ապրել է երկրորդ դարում, նախքան քրիստոնյա դառնալը, ճշմարտություն էր փնտրում այլ կրոններում: Նա փայլուն կրթություն ստացած մարդ էր և հիմնավոր ուսումնասիրելով շատ կրոններ եկավ այն եզրակացության, որ կատարելությունը միայն քրիստոնեության մեջ է: Նույն կերպ և Օգոստինոս Երանելին, ուսումնասիրելով հունական փիլիսոփայությունը և տարբեր ուսմունքներ, ի վերջո եկավ ճշմարիտ Եկեղեցու գիրկը: Քրիստոնեությանը լավ ծանոթ մարդը երբեք չի կարող ավելի լավ համարել մեկ այլ կրոն: Բերենք օրինակներ: Բուդդայականությունն արդարացիորեն կոչում են նաև աթեիստների կամ աթեիստական կրոն, որովհետև այնտեղ ընդհանրապես չկա հետաքրքրություն Աստծո նկատմամբ: Այդ կրոնին հետևող մարդու նպատակը միայն երանելի վիճակին` նիրվանային հասնելն է, իսկ թե Աստված գոյություն ունի, թե չունի, ինչ է ասում կամ պատվիրում, դրանք երրորդական հարցեր են: Բացի դրանից բուդդայականությունը մարդուն գցում է ներքին ահավոր հպարտության մեջ` ուսուցանելով, թե մարդն ինքն իրենով կարող է հասնել փափագելի երանությանը, փրկությանը: Մուսուլմանությունը, որը, կարելի է նույնիսկ ասել, առաջացել է քրիստոնեությունից, ամբողջությամբ օգտվել է քրիստոնեությունից, ընդունում է Հին Կտակարանը, Հիսուս Քրիստոսին իբրև մեծագույն մարգարեներից մեկը, իսկ այդ կրոնի մեջ ամենակատարյալ կնոջ կերպար համարվում է Հիսուս Քրիստոսի մայրը` Մարիամը: Հնդկական կրոնը` հինդուիզմը, որ ըստ մի քանի աղբյուրների ունի երեք հարյուր միլիոնից ավելի աստվածներ, իր անընդհատ և անիմաստ վերամարմնավորումների գաղափարով բացառում է մարդու ներաշխարհի ճշմարիտ լուսավորումը: Այլ կրոնները լի են այսպիսի ակնհայտ և բազմաթիվ թերություններով: Կարող եք հարցնել. «Իսկ այդ դեպքում ի՞նչ են ուրեմն մյուս կրոնները»: Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, որ նեռը կամ հակաքրիստոսը գալստից առաջ ունենալու է մի շարք կարապետներ: Եվ այս մեծագույն սուրբը նրանցից նշում է և՛ հերձվածողներին, աղանդավորներին, քանի որ մարդկանց հեռացնում են ճշմարտությունից, և՛ նրանց, ովքեր չեն խոստովանում Հիսուս Քրիստոսին: Նույն կերպ և Սուրբ Հովհաննես առաքյալն է ասում իր թղթում. «Եվ ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին` մարմնով եկած, նա Աստծուց չէ: Եվ այդ հոգին նեռինն է, որի մասին լսել եք, թե գալու է և արդեն իսկ աշխարհում է» (Ա Հովհ. 4.3): Սակայն հարց է առաջանում. «Բայց չէ՞ որ տարբեր կրոններում այնքան բարոյական և առաքինի բաներ կան»: Սրան կպատասխանենք այս պատկերավոր առարկությամբ. «Աղվեսը քնած է ձևանում, իսկ սատանան` ողջախոհ, մեկն իր զոհին բռնելու, իսկ մյուսը` մարդկային հոգին կորստյան մատնելու համար»:
Ճշմարիտ կրոնը
Աշխարհում շատ կրոններ կան, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է միակ ճշմարիտը լինելու ճանաչմանը: Բազում մարդիկ, անծանոթ կամ էլ մակերեսայնորեն ծանոթ լինելով որոշ կրոների, հակված են այն կարծիքին, որ բոլոր կրոններն էլ պաշտում են միևնույն Աստծուն, բայց տարբեր անվանումներով, և բոլոր կրոններն էլ ունեն գրեթե նույն բարոյական պահանջները: Հետևաբար, կարելի է կարծել, որ բոլոր կրոններն էլ բարոյական են ու ճշմարիտ՝ ամեն մեկն իրեն հատուկ ձևով: Որևէ կրոնի ուսումնասիրումը բազում տարիների և փորձառության կարիք ունի, դրա համար էլ մենք չենք կարող մեր ուսումնասիրությունից ելնելով որևէ հիմնավոր բան ասել: Այդ իսկ պատճառով կօգտագործենք այն նյութերը, որոնք կրոնների մասնագետների աշխատանքների արդյունքն են՝ փորձելով հնարավորին չափ անկողմնակալ լինել: Եթե երեխան կրկնում է իր հոր ասած մի ճշմարտություն (օրինակ՝ երկիրը պտտվում է արևի շուրջը), ապա ստացվում է, որ նա առանց փորձի և դեռ առանց համապատասխան մտային հասունության նույնպես ճշմարտությունն է ասում: Նույն կերպ էլ վարվելու ենք այս խնդրի ուսումնասիրման գործում՝ ներկայացնելով մի քանի կրոնների դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ:
ՄԱՐՄԻՆ – Անտիկ փիլիսոփայությունը մարմինը համարում է մի բանտ, որի մեջ բանտարկված է մարդկային հոգին: Պլատոնը նույնիսկ մարմինը գերեզման է համարում, որի մեջ թաղված հոգին պետք է ազատություն գտնի: Ըստ հին հնդկական փիլիսոփայության, որին հետևում է նաև հնդկական կրոնը՝ հինդուիզմը, հոգին անընդհատ մարմնավորվում է այլ մարմինների մեջ՝ թողնելով հին մարմինը իբրև մաշված զգեստ: Քրիստոնեությունը մարդուն համարում է հոգուց և մարմնից կազմված մի ամբողջություն: Եթե որոշ կրոններ մարմինը համարում են մի անպետք բան և փրկություն խոստանում միայն հոգուն, ապա քրիստոնեությունը մարդուն փրկում է ոչ թե մասնակիորեն, այլ ամբողջովին: Քրիստոս հայտարարում է, որ Ինքը մարդուն բուժում է աբողջապես (Հովհ. 7.23): Երբ Պողոս առաքյալը քարոզում էր հույներին, ապա նրանք առաքյալի ասածները հանգիստ լսում էին, բայց ընդվզեցին, երբ լսեցին հարության մասին (Գործք 17.22-33): Հույների համար հարությունը ամենաանհեթեթ բանն էր, որովհետև մարմնից՝ բանտից ազատվածն այլևս չպետք է վերադառնա՝ իրեն բանտարկելու համար: Դա նույնպիսի անհեթեթություն էր հույների համար, ինչ մեզ համար կլիներ, եթե Դյումայի հերոսներից Մոնտե Քրիստոն բանտից այդքան տառապանքների գնով փախչելուց հետո նորից վերադառնար Իֆ ամրոցը: Քրիստոնեության մեջ հոգու և մարմնի պատերազմը ընդգծված կերպով պայքար է ոչ թե հենց մարմնի դեմ, այլ մարմնական ստոր կրքերի դեմ, որոնց հաղթահարումը Աստծո օգնությամբ մարդուն կանգնեցնում է բարոյական բարձր մակարդակի վրա: Ի տարբերություն այլ կրոնների՝ քրիստոնեությունը մարմինը համարում է ոչ թե մաշվող զգեստ կամ անպետք իր, այլ նույնիսկ Սուրբ Հոգու տաճար (Ա Կորնթ. 6.19): «Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ»,- ասում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 6.20): Եվ բոլոր մարդիկ էլ գեղեցիկ են համարում իրենց երեխաների կամ սիրելիների աչքերը, աչքերի գույնը, շարժուձևը, որոնք նույնն են մնում նույնիսկ խոր ծերության մեջ:
ՀՈԳԻ ԵՎ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ – Հինդուիզմի մեջ հոգին անանձ աստծո ճառագայթումն է: Հոգին բազում կյանքեր անցնելուց հետո պետք է նորից ձուլվի նրա հետ: Սակայն այս կրոնը պատասխան չի տալիս թե ինչու է հոգին երկնքից գալիս ու նորից գնում: Ըստ հինդուիզմի, մարդկության գլխավոր խնդիրն այն է, որ մարդը չգիտի իր աստվածային լինելու մասին և սխալ է գործում՝ կապվելով իր ես-ին, ցանկություններին, այդ իսկ պատճառով էլ նա ենթարկվում է կարմայի օրենքին, այսինքն՝ անընդհատ մարմնավորվում է: Գրեթե նույն գաղափարը կա նաև բուդդայականության մեջ: Հետևաբար, ըստ այդ կրոնների, այս կյանքը ոչ թե պարգև է, այլ տանջանք ու պատիժ: Մարդու նպատակն է դուրս պրծնել կյանքի, մահվան ու ծննդյան անընդհատ կրկնվող շրջանից: Բուդդիզմի հետևորդը պետք է փրկության հասնի այն ըմբռնումով, որ իր սեփական ես-ը պատրանք է և գոյություն չունի: Հինդուիզմի հետևորդը պետք է ազատվի իր ես-ից և ձուլվի աստվածության հետ: Իսլամի հետևորդը փրկության հասնելու համար պետք է այնպես ապրի, որ իր բարի գործերը չար գործերից շատ լինեն: Շատ կրոններ գտնում են, որ մարդու հոգևոր աշխարհում շատ բան կարգին չէ, բայց մենք մեր ուժերով կարող ենք շտկել ամեն ինչ: Այդպես են կարծում հատկապես հինդուիզմի և բուդդայականության հետևորդները: Սակայն ըստ քրիստոնեության, մարդու հոգևոր վիճակն առանց Աստծո ողբալի է և այն բնորոշվում է «հոգևոր մահ» անվանումով: Այլ կրոններում մարդն ինքն է միայն իր ջանքերով հասնում փրկության. այստեղ աստված պասիվ է և գործուն է մարդը: Այսինքն՝ մարդու փրկիչը ոչ թե աստվածն է, այլ մարդն ինքը: Բայց քրիստոնեության մեջ մարդը միայն իր ջանքերով չի կարող փրկվել, չնայած որ միշտ պետք է ձգտի ավելի ու ավելի կատարյալ լինելու: Քրիստոնեության մեջ ավելի շատ գործում է Աստված և հենց Նա է մարդկության Փրկիչը:
ԿԻՆ – Հետաքրքիր է, որ կինը շատ կրոններում անտեսված է և երկրորդական է համարվում: Բուդդայականության մեջ նույնիսկ կնոջ նկատմամաբ շեշտված թշնամական վերաբերմունք կա: Կինը տանջանքներով լի նյութական աշխարհի՝ սանսարայի մարմնացումն է: Բուդդայականությունը կնոջը փրկություն չի խոստանում. դրա համար կինը պետք է վերածնվի որպես տղամարդ: Այս կրոնը կնոջը դատապարտում է տղամարդուն իր հետ ամուր կապելու և դրանով նրա փրկությանը խանգարելու համար: Բուդդայականության շատ հետևորդների կարծիքով, ընտանիքի հետ կապերը չխզած տղամարդը չի կարող փրկվել: Դրա օրինակը Բուդդան է, որը թողեց իր ընտանիքը: Ըստ իսլամի, կնոջ, երեխաների հոգսերը հավատացյալին խանգարում են աստծո առջև պարտականությունները կատարել: Չնայած որ իսլամի մեջ հատկապես երկու կանայք կատարյալ են համարվում (նրանցից մեկը Հիսուսի մայր Մարիամն է), այնուամենայնիվ, բազմակնության ընդունումը կնոջը ստորակարգ էակ է դարձնում: Քրիստոնեությունը, շեշտելով տղամարդու գլխավորող դերի մասին, միևնույն ժամանակ դրանով չի նսեմացնում կնոջ դերը: Քրիստոս և՛ Ծննդյան, և՛ Հարության ժամանակ առաջինը հայտնվեց կանանց:
ԱՇԽԱՐՀ – Ըստ բրահմանիզմի (հինդուիզմ), աշխարհը Բրահմանի՝ արարչի երազն է և մենք գտնվում ենք նրա երազում: Այս կրոնի հետևորդները սա բացատրում են հետևյալ օրինակով: Գիշերվա մեջ սովորական պարանը կարող է մեզ օձ թվալ, սակայն ուշադիր դիտումը ցույց է տալիս, որ օձ չկա: Եթե այդպես ուշադիր լինենք, կտեսնենք, որ իրականում աշխարհը գոյություն չունի և պատրանք է: Ըստ իսլամի, աշխարհը ստեղծել է Ալլահը, և այս աշխարհում մարդը հնարավորություն ունի մեղքերի թողություն ստանալ միայն ապաշխարհությամբ, այսինքն՝ որևէ քավության անհրաժեշտություն չկա: Ըստ բուդդայականության, այս աշխարհը կազմված է միայն տանջանքներից, և կրքերը մարդուն չեն թողնում դրանցից ազատվել: Հետևաբար մարդը պետք է ազատվի իր բոլոր ցանկություններից, որպեսզի հասկանա, որ իր ես-ը գոյություն չունի, և հաստատուն վիճակ ձեռք բերի: Քրիստոնեության համաձայն, Աստծո կողմից ստեղծված աշխարհը բարի է, և տանջանքների աղբյուրը ոչ թե ցանկությունների առկայությունն է, այլ դրանց ոչ ճիշտ ուղղվածությունը:
ՄԵՂՔ – Ղուրանում նշվում է, որ Ալլահը չի սիրում մեղավորներին, չի սիրում նրանց, որվքեր դավաճան են և մեղքեր ունեն: Նա ուղարկեց Մուհամեդին, որ մարդկանց զգուշացնի ահեղ դատաստանի մասին: Բուդդայականության և հինդուիզմի մեջ մարդիկ անարդարացիորեն տանջվում են իրենց նախորդ կյանքի մեղքերի համար, անարդարացիորեն, որովհետև բոլորովին չեն հիշում և չգիտեն, թե ինչ մեղքերի համար են չարչարվում: Քրիստոնեության մեջ Քրիստոս Իր վրա վերցրեց մարդկության բոլոր մեղքերը՝ մարդկանց ներում և սեր շնորհելով: Նույնիսկ Հին Ուխտում Աստված ասում է. «Մի՞թե Ես մեղավորի մահն եմ տենչում» (Եզեկ. 18.23), «Եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա Ես ձյան պես ճերմակ կդարձնեմ» (Ես. 1.18):
ՏԵՐ – Ի տարբերություն քրիստոնեության, այլ կրոններում աստված տեր է, միակ էներգիա, կարմա, նիրվանա, աստվածային սկզբունք, անդեմ Բրահմա և այլն: Ոչ մի կրոնում չկա այն մասին, որ Աստված Սեր է: Եվ միայն Քրիստոս մարդկությանը հայտնեց ճշմարիտ Աստծո անունը: Պետք է այստեղ ուշադրություն դարձնենք հայտնել բառի վրա. հայտնեց և ոչ թե մարդիկ գտան կամ հորինեցին: Քրիստոս ասում է՝ Քո անունը հայտնեցի մարդկանց (Հովհ. 17.6): Մուսուլման աստվածաբանը կարող է ասել՝ սերը աստծո իննսունինը անուններից մեկն է, սեր է, որովհետև ստեղծել է աշխարհը, իր օրենքն է տվել մարդկանց, ուղարկել է իր մարգարեներին, սակայն այդ ամենը Ալլահի համար բոլորովին դժվար բան չէ, որովհետև աշխարհը չափազանց փոքր է արարչի կարողության համեմատ: Ալլահը արել է բաներ, որոնք բոլորովին էլ դժվար չեն եղել, մինչդեռ Քրիստոս զոհաբերվել է: Ալլահի սերը զոհաբերվող չէ: Հինդուիզմի հետևորդներն ասում են, որ գոյության բարձրագույն ուժը անանձ ուժ է, իսկ անանձ որևէ բան ընդունակ չէ սիրո: Աստվածաշունչը կասկածի տակ է դնում այլ ժողովուրդների Տիրոջ՝ Աստված լինելը: «Երանի այն ժողովրդին, որի Տերն Աստված է»,- ասում է Աստվածաշունչը (Սաղմ. 143.15):
ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ – Ըստ բուդդայականության, այս աշխարհը լի է տանջանքներով, և բոլոր տանջանքների աղբյուրը մարդկային ցանկություններն են: Հետևաբար, տանջանքներից ազատվելու համար պետք է ազատվել սեփական բոլոր ցանկություններից: Ակնհայտ է, որ այս նպատակին հասնելը դժվար է, որովհետև դրա ներքին հակասությունն այն անհեթեթ է դարձնում, ինչպես որ մաթեմատիկայի մեջ մինուս երկու գումարած երկու հավասար է ոչնչի: Այս անհեթեթությունը գալիս է նրանից, որ բոլոր ցանկություններից ազատվելու համար բոլոր ցանկություններից ազատվելու ցանկություն պետք է ունենալ, այսինքն՝ այնուամենայնիվ մեկ ցանկություն մնում է, որից ոչ մի կերպ հնարավոր չէ ազատվել: Աթեիզմի ջատագովներից մեկի սահմանումով, բուդդայականության բարոյական իդեալը եսամոլն է, գիտակցաբար ու կանխամտածված կերպով երկրի հետ ամեն մի կապ խզած, իր մեջ ամեն մի մարդկային զգացմունք խեղդած անհատը: Իր էությամբ եսամոլական բուդդայական բարոյականությունը շատ հեռու է համամարդկային բարոյականություն լինելուց, ինչը չի կարելի ասել քրիստոնեության մասին: Երբ որևէ բուդդայական ցանկանում է վանական դառնալ, ապա նրան քննում են՝ համոզվելու համար կի՞ն է, թե՞ տղամարդ, մա՞րդ է, թե՞ մարդու կերպարանքով չար ոգի: Հինդուիզմում մարդն ի վերջո ձուլվելով աստվածությանը՝ ոչնչանում է, կորցնում է իր ես-ը, անհետանում է, ինչպես ջրի կաթիլը օվկիանոսում: Չնայած որ բուդդայականությանը չի հետաքրքրում Աստծո գոյության կամ չգոյության գաղափարը, Բուդդան երբեք չի արգելել աստվածներին աղոթելը, բայց զգուշացրել է, որ դա միայն ժամանակավոր թեթևություն է բերում և նպատակին՝ նիրվանային, չի հասցնում: Ներկայիս դալայ-լաման ասում է. «Մենք ինքներս ենք մեր փրկիչը: Արարածների դժբախտությունն ու երջանկությունը նրանց ձեռքում է, կախված է նրանց գործերից և կախված չէ բուդդաներից»: Բուդդայականության մեջ կենդանի էակներին վնաս չհասցնելը դարձել է ծայրահեղություն՝ չի կարելի չթորած ջուր խմել, որովհետև ջրի մեջ աննկատելի էակներ կան, որոնց արգելված է վնասել, չի կարելի հողը վարել, որովհետև հողի մեջ գտնվող որդերը հնարավոր է վնասվեն: Բուդդայականությունը շատերի կողմից համարվում է աթեիստական կրոն, որովհետև այս կրոնի մեջ ընդհանրապես Աստծո մասին որևէ հասկացողություն չկա: Մուհամեդը մինչև հիսունհինգ տարեկան հասակը գինի է օգտագործել, որից հետո այն համարել է անմաքուր: Ղուրանը քաջալերում է հավատի համար սրբազան պատերազմը, որից էլ ներշնչված մուսուլմանները հաճախ դաժանությամբ սպանում են «անհավատներին»: Ըստ մի քանի աղբյուրների, հինդուիզմում գոյություն ունեն երեք հարյուր միլիոնից ավելի աստվածներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ – Մուսուլման աստվածաբանները կարող են հաստատել, որ մուսուլմանությունը հիմնականում զբաղվում է մարդու արտաքին վարվելաձևով, մինչդեռ քրիստոնեությունը՝ մարդու ներքինով, որի կարգավորումից հետո է միայն կարգավորվում մարդու արտաքին վարվելակերպը: Տարբեր կրոններ ուսումնասիրող գիտնականներն անկեղծության դեպքում անպայման կասեն, որ մարդկային մարմնի, հոգու, աշխարհի, կնոջ ու այլ հարցերի և ամենագլխավորը Աստծո մասին ամենակատարյալ գաղափարներն ու մտքերն ամփոփված են քրիստոնեության մեջ: Ասում են, որ ոչ մի կրոն այնքան չի տուժի իրենից հրաշքները հեռացնելու դեպքում, որքան քրիստոնեությունը: Սակայն եթե նույնիսկ քրիստոնեությունից հանենք և դուրս նետենք ֆիզիկական հրաշքները, այսինքն՝ բժշկումները, հացի բազմացումը, փոթորկի խաղաղեցումը և այլն, ապա քրիստոնեության մեջ մնում են բարոյական հրաշքները՝ այն վեհ մտքերն ու գաղափարները, որոնք չկան որևէ այլ կրոնի մեջ: Քրստոնյաները համոզված են, որ Քրիստոսից դուրս փրկություն չկա: Եվ Քրիստոս Ինքն է ասում. «Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ Ինձանով» (Հովհ. 14.6): Իսկ ի՞նչ են ուրեմն մյուս կրոնները: «Ամեն մի հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին, նա Աստծուց չէ: Եվ այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել եք, թե գալու է և արդեն իսկ աշխարհում է» (Ա Հովհ. 4.3), և ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է, նա է Նեռը (Ա Հովհ. 2.22): Բայց չէ՞ որ տարբեր կրոներում բարոյական շատ բաներ կան: Հիշենք, որ սատանան Քրիստոսին փորձության ենթարկեց մեջբերումներ անելով հենց Սուրբ Գրքից, և այս հարցին կարող ենք պատասխանել միայն հետևյալ կերպ. գիտենք, որ աղվեսը քնած է ձևանում, իսկ սատանան՝ ողջախոհ, մեկն իր զոհին բռնելու, իսկ մյուսը մարդկային հոգին կորստյան մատնելու համար: «Բայց ինչպե՞ս կարելի է այսպես վիրավորել մյուսներին»,-հավանաբար կզայրանան շատերը: Սակայն մենք մեզանից ոչինչ չավելացրեցինք, պարզապես արձանագրեցինք եղածը` մնացյալը թողնելով ձեր ընտրությանը:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում