Մշակույթում ցենզուրան պարտադիր է. չգիտեմ՝ ով ինչ գործակալ է, բայց ոչ մեկին չի հաջողվի վերացնել ազգի մշակույթը, լեզուն. Արտաշես Ալեքսանյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին
Նմանատիպ
Մշակույթով սերունդ է կրթվում, դաստիարակվում, մտածելակերպ է ձևավորվում, առանց ցենզուրայի յուրաքանչյուրն ինչ-որ բան կարող է ստեղծել` դա համարելով մշակույթի գործ: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Արտաշես Ալեքսանյանը` անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե իր պաշտոնավարման սկզբունքներից մեկը մշակույթի ոլորտում ցենզուրա չսահմանելն է:
«Մշակույթում ցենզուրա պետք է լինի: Ցենզուրան պարտադիր է, որ կարողանաս համակարգել, հավասարաչափ, սիստեմատիկորեն դաստիարակել սերունդը: Դե եկեք` բոլորս մերկանանք ու ամբողջ քաղաքով մերկ ման գանք, ցենզուրա չկա: Ցենզուրան պարտադիր է, գոյություն ունի մեծացող սերունդ, որը պետք է զարգանա: Մշակույթը պետք է ազատ լինի, բայց ոչ բոլորի համար: Մշակույթն ազատելով`պետք է հաշվի առնես` այդ ազատությունը վնասո՞ւմ է սերնդին, թե՞ չի վնասում, արատավորո՞ւմ է, թե չի արատավորում»,- ասաց դերասանը:
Նա ընդգծեց` կողմնակից է, որ այնպիսի աշխատանքներ տարվեն, որոնց միջոցով սերունդը կրթվի, դաստիարակվի, ծանոթանա իր պատմությանը.«Մնացած «թռի-վռի» բաների վրա գումար ծախսելը մեղք է»:
Արտաշես Ալեքսանյանի խոսքով` հայ ազգը միշտ պարծենում է, որ մշակույթ ուներ դեռ այն ժամանակ, երբ մնացած ազգերը ծառերի վրա էին: «Այժմ այդ ազգերը քաղաքակրթության ընդամենը հարյուրամյակ-երկհարյուրամյակ են ապրում, բայց եկել, մեզ դասեր են տալիս»,- ասաց դերասանը` ընդգծելով, որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, որ քաղաքացին զարգանա ազգային մտածելակերպով` թույլ չտալով այլ ուժերին ազդեցություն գործել:
«Հեռավոր դարերից են փորձել մեր ազգային մտածելակերպը ոչնչացնել, աղավաղել, բայց մի բան պետք է հասկանալ` եթե մարդը ձուկ է պահում ակվարիումի մեջ, այդ ձկանն ինքն է կերակրում, ինքն է որոշում` ինչ տա: Մենք էլ պետության ակվարիումի մեջ ենք: Վերևից կերակրողն է որոշում` ինչ կեր տա, ու երբ կողքից ուրիշներն են ցանկանում կեր լցնել, դրանից պետք է զգուշանալ: Ես չգիտեմ` ով ինչ գործակալ է, ով ինչ մտքով է եկել, որ ազգի մշակույթը լեզուն վերացնի, բայց ոչ մեկին դա չի հաջողվի»,- ամփոփեց Արտաշես Ալեքսանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում