«Գոհություն հայտնեցե՛ք ամեն ժամ ամեն ինչի համար»

«Գոհություն հայտնեցե՛ք ամեն ժամ ամեն ինչի համար»

«Գոհացարուք յամենայն ժամ ի վերայ ամենայնի, յանուն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի՝ Հօրն և Աստուծոյ»:

«Գոհություն հայտնեցե՛ք ամեն ժամ ամեն ինչի համար Հորը և Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Եփեսացիներ 5:20):

​Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.

​Մենք պետք է հարաժամ գոհություն և փառաբանություն վերառաքենք երկինք՝ մեր Տեր Աստծուն, քանի որ Նրա ողորմածությունը մեզ՝ մեղավոր մարդկանց նկատմամբ մեծ է և անքննելի: Աստծո գթառատությունն ու ողորմածությունը մարդու հանդեպ անսահման է: Անընդհատական է Աստծո ողորմությունը և մշտապես ուղեկցում է մարդուն: Միայն անհրաժեշտ է նկատել այն: Անհրաժեշտ է տեսնել այն նույնիսկ փորձությունների ժամանակ, որոնք սկիզբ և վերջավորություն ունեն: Աստծո ողորմությունն իր զավակների նկատմամբ դրսևորվում է ամեն րոպե և ամեն վայրկյան: Մարդը կարող է մերժել Աստծուն և ժխտել Նրա գոյությունը, բայց նա չի դադարում գտնվել Նրա ողորմածության և սիրո սահմաններում:

Մեր սրտի ամեն բաբախի մեջ Աստծո գթությունն է: Ամեն երեխայի լույս աշխարհ գալը Աստծո պարգևած հրաշքն է: Ամեն քայլափոխի մեջ Աստծո հոգածությունն ու խնամքը կան: Արվեստն ու արհեստները՝ իրենց տեսակներով, Աստծո շնորհն ու պարգևն են: Գիտությունն ու տեխնիկան ևս արարչագործության զարգացման արդյունքն են, հետևաբար պետք չէ արարչագործության արգասիքները փոխարինեն Արարչին, կամ Աստծուն պատվելու փոխարեն մարդը խոնարհվի նյութի առջև:

Մարդիկ անվերջ գերբնական հրաշքներ են փնտրում Աստծո գոյությունն ապացուցելու համար, սակայն Աստծո ներկայությունը կարելի է տեսնել ամեն ինչում, միայն անհրաժեշտ է կույր չլինել և օրվա ընթացքի հետ տեսնել Աստծո ողորմածությունը մեր՝ մեղավորներիս հանդեպ, որպեսզի չլսենք Նրա դատապարտիչ խոսքը. «Լսելով պիտի լսեք, բայց չիմանաք, տեսնելով պիտի տեսնեք, բայց չճանաչեք» (Եսայի 6:9): Այլ սաղմոսերգուի պես պիտի կարողանանք գովերգել և պատմել Աստծո գթության մասին.

Գթասիրտ, ողորմած է Տերը, համբերատար ու ողորմաշատ: Տերն իսպառ չի բարկանում և հավիտյան ոխ չի պահում: Մեր մեղքերի համեմատ չվարվեց մեզ հետ, ոչ էլ մեր անօրենության համեմատ հատուցեց մեզ: Այլ որքան բարձր է երկինքը երկրից, այնքան զորեղ է Տիրոջ ողորմությունն իրենից երկյուղ կրողների վրա: Որքան հեռու է արևելքն արևմուտքից, այնքան հեռացրեց նա մեր անօրենությունները մեզնից: Ինչպես որ մի հայր գթում է իր որդիներին, այնպես Տերը պիտի գթա իրենից երկյուղ կրողներին (Սաղմոս 102:8-13):

Աստծո ողորմություններն ամենուր են. սկսվում են մարդու ծննդյամբ և չեն ավարտվում նրա մահով, այլ այդ ողորմածությունը մահկանացու մարդուն հավիտենական կյանք է խոստանում: Երկնավոր Թագավորը մարդկանց չթողեց մեղքի ճիրաններում, այլ ազատագրեց նրանց Իր Որդու հաշտարար արյամբ: Նույնիսկ մինչև Իր Որդուն աշխարհ ուղարկելը Աստված չէր դադարել սիրել Իր արարածներին: Մենք Նրա սերն ու ողորմածությունը տեսնում ենք դեռևս հինկտակարանյան հերոսների նկատմամբ, որոնք գտնվում էին Նրա անմիջական հոգածության ներքո: Դրանում համոզվում ենք Աբրահամի և նրա սերունդների կյանքի ընթացքին հետևելով:

Հիսուս Քրիստոս Հայր Աստծո գթության մեծագույն ապացույցն է: «Քո մեղքերը քեզ ներված են» (Մարկոս 2:5), ազդարարում է Աստծո Միածին Որդին մեղավոր մարդուն՝ Իր խաչելությամբ և փրկագործ առաքելությամբ: Քրիստոսի բժշկություններն ու հրաշքները նույնպես աներկբա փաստում են Աստծո ողորմած սիրո մասին: Բժշկության բոլոր պատմություններում Հիսուս Քրիստոս չի մերժում բուժել, դևերին հանել և հարություն պարգևել Իրեն դիմած մարդկանց, որոնց կյանքի և փրկության միակ հույսը Նա էր: Աստծո Միածին Որդու Հարությունը վկայում է, որ մարդը հավերժորեն դատապարտված չէ մահկանացու լինելու: Անկախ մարդու մեղավորությունից՝ Աստված նրան արժանացնում է հաղորդվել Իր կենարար Մարմնին և Արյանը: Անկախ մարդու մեղավորությունից՝ Աստված ներում է զղջացողներին և խոստանում է Երկնային Արքայություն:

Յուրաքանչյուր մարդու կյանքի էջերը ևս պատմում են Աստծո ողորմածության մասին: Փորձությունների մեջ ընկնելով՝ մարդը կարող է կասկածել և թերանալ իր հավատքի մեջ, բայց նույնիսկ այդ ժամանակ Աստծո սերն ու գթությունը չեն պակասում նրա հանդեպ: Տխրությունն ու բարկությունը կարող են ազդել մեր սրտի և բանականության վրա, բայց չեն կարող նվազեցնել Արարչի գթությունը: Հովսեփի և Հոբի կյանքը ցույց են տալիս, որ կյանքի ամեն շրջադարձ էլ ավելի է ընդգծում Աստծո ողորմածությունը մեր նկատմամբ: Գուցե թե մենք դա չտեսնենք և չնկատենք, նույնիսկ Աստծուն մեղադրենք մեզ լքելու մեջ, բայց Աստված միշտ ներկա է մեր կյանքում, միշտ քայլում է մեզ հետ: Այդ մենք ենք Նրան լքում և հեռանում:

Մեծ պահքի ապաշխարության շրջանը մատնանշում է Աստծո գթառատությունը, քանի որ այդ կիրակիների ոսկե շղթան յուրօրինակ ձևով փաստում է, որ Աստված մեզ մեծ հնարավորություն է տալիս մեր հոգու փրկության գործին անտարբեր չլինելու: «Անառակ Որդու», «Անիրավ տնտեսի» և «Անիրավ դատավորի» կիրակիները շեշտադրում են Հայր Աստծո ուշադրությունը մարդու արարքների և գործերի նկատմամբ: Անկախ ամեն ինչից՝ մարդուն տրվում են զանազան հնարավորություններ ու առիթներ՝ իր հոգու համար մտահոգվելու, իր հոգին փրկելու, Աստծուն ապավինելու համար: Անառակ Որդու առակում զավակը գալիս է հոր մոտ, ներում խնդրում, և հայրը ոչ մի դատապարտող խոսք չի ասում, այլ վազում է ընդառաջ, գրկում, բարձրացնում որդուն և նոր հագուստով ու իր կազմակերպած խնջույքով մեծ պատվի արժանացնում նրան: Անիրավ տնտեսի առակում գնահատվում են տնտեսի ջանքերը, որ նա գործադրում է իր հետագա կյանքը դասավորելու համար: Անիրավ դատավորրի առակով Քրիստոս հարց է բարձրացնում. մի՞թե անիրավ դատավորը այրու թախանձանքներից հետո կորոշի տեսնել նրա դատը, իսկ Բազումողորմ Հայրը անտարբեր կլինի իր զավակների աղոթքների նկատմամբ:

Սիրելինե՛ր, Աստված իրականում շատ ուշադիր է մեր բոլոր խնդիրների նկատմամբ, մեր առողջության, մեր կյանքի, մեր հոգու փրկության: Նա Գթառատ է ու Ողորմած, ինչպես ասում է սաղմոսերգուն: Աստծո սերն ու հոգատարությունը աննկարագրելի են: Մարդը իրականում երջանիկ կարող է լինել, եթե նկատի Տիրոջ ողորմություններն իր հանդեպ: Մեր ծնունդը, մեր կյանքը Աստծո ողորմածությունն են վկայում: Մեր կյանքի ավարտին նույնպես Աստծո գթածությունն է մեզ սպասում, քանի որ այդ ժամանակ էլ Տերը մեզ հրավիրում է Երկնային խնջույքի մասնակիցը դառնալու, որի համար փառք Նրան հավիտյանս հավիտենից:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում