Հրաչյա Թամրազյան․ Բնորդ
Նմանատիպ
Ու ժամանակն՝ իբրև բնորդ
Մեկնվել է քո դեմ ահա –
Քո խոհերի ծնունդն է նոր,
Պիտի ապրի ու մահանա,
Կամ սպառվի՝ դեռ չծնված՝
Նման անխոհ, մեռած սաղմի,
Տարիների պես այս ծվատ
Ու ինքն իրեն իր մեջ թաղի:
Նա դեռ պիտի հասունանա,
Նա դեռ պիտի պտղավորվի,
Դու վրձնում ես հայացքն ունայն՝
Տնտղելով իր խորքը նորից:
Նա դեռ պիտի խոհակալի,
Որ բոլորին խոսքն իր ազդի,
Որ զատի սուտն իրականից՝
Նման զորեղ մի բնազդի
Ինքն իր համար հուներ բացի,
Բայց այդ հուներն ինչպե՞ս բացել,
Երբ զառամախտն՝ իբրև բացիլ
Իր արյան մեջ է թափանցել…
Դու հիշում ես տեսքն իր նախկին,
Մտաբերում, որ դեմք ուներ.–
Հիմա պետք են նոր ներարկիչ,
Նոր վրձիններ ու նոր գույներ:
Դեգերել է նա միշտ քեզ հետ՝
Հասակ առած՝ իբրև մի մարդ,
Ամենուր ես դեմքն իր տեսել,
Ու քանի դեռ ուշ չէ, հիմա
Փորձիր մի նոր ելք մոգոնել՝
Զառամախտին այդ անընտել,
Ժամանակը փրկել քո մեջ
Ու արյունը կրկին զտել
Քո խոսքի խոր խոռոչներում,
Հորձանքներում երազներիդ,
Որտեղ ոչինչ չի կորչելու,
Եվ հուները երակներիդ
Ընդվզում են, ճչում ցավից,
Շավղից դուրս են վիժել ասես՝
Մինչև գալիքը արշավի
Ու նահանջեն օրերն այս սև…
Հետո թերթես օրերն իբրև
Նոր Հայսմավուրք ու ժամագիրք,
Ու վերծանես՝ իբրև մի դեմք
Դիմակորույս ժամանակի: