Դեսպան Նազարյանը ելույթ է ունեցել UNICEF-ի գործադիր խորհրդի 2013թ. տարեկան նստաշրջանին

Այս օրերին Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր խորհրդի 2013թ. տարեկան նստաշրջանը, որին մասնակցում են UNICEF-ի գործադիր տնօրենը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները:

Հունիսի 19-ին նիստի ընթացքում ներկայացվեց հիմնադրամի 2014-2017թթ. միջնաժամկետ ռազմավարական ծրագիրը (UNICEF Strategic Plan, 2014-2017: Advancing the rights of every child, especially the most disadvantaged), որին հաջորդեցին փաստաթղթի վերաբերյալ պատվիրակությունների ելույթները:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում, գնահատելով միջնաժամկետ ծրագիրը մշակելու եւ այդ գործընթացում պետություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, հասարակական կառույցներին եւ այլ շահագրգիռ մարմիններին ներգրավվելու ուղղությամբ հիմնադրամի գործադրած ջանքերը, ողջունեց ծրագրում տեղ գտած առանձնահատուկ շեշտադրումը՝ հատկապես խոցելի եւ ուշադրությունից դուրս մնացած երեխաների իրավունքների իրականացման հարցի վրա:

ՀՀ դեսպանը կարեւորեց նաեւ հիմնադրամի կողմից երեխաների հավասար իրավունքների իրագործման հարցում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների լավագույն փորձի եւ հաջողված օրինակների մասին տեղեկատվության հավաքագրումը եւ դրանց փոխանակումը’ մատնանշելով ներառական կրթության մատչելիության ապահովման գործում Հայաստանի գրանցած առաջընթացը: Ըստ Նազարյանի, Հայաստանն այն երկրներից է, որն ունի UNICEF-ի 2014-2017թթ. միջնաժամկետ ծրագրի նպատակներին համահունչ երկրում իրականացվող գործողությունների ծրագիր, որի արդյունքում ակնկալվում է որ կլուծվեն երեխաների համար կրթության, առողջության ու սնուցման որակյալ ծառայությունների մատչելիության առկա անհավասարությունը եւ բացերը:

Դեսպան Նազարյանը հայտնեց ՀՀ կառավարության աջակցությունը UNICEF-ի նոր միջնաժամկետ ռազմավարական ծրագրին, ինչպես նաեւ պատրաստակամությունը’ առավել զարգացնելու հիմնադրամի հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում