«Գեղարդ» երգեցիկ խումբը Գերմանիայում լեփ-լեցուն դահլիճներում է հնչեցրել հայ կոմպոզիտորների գործերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Գեղարդ» երգեցիկ խումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում` հնչեցնելով Կոմիտասի, հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանն ասաց, որ հյուրախաղերի են եղել հոկտեմբերի 23-30-ը:
«Կոմիտաս և հայ կոմպոզիտորներ» խորագրով համերգներ ենք ունեցել Շտուտգարտում, Հոկենհայմում, Շպայերում: Հայ երաժշտությունն արտերկրում շատ լավ է ընդունվում: Ավաղ, յուրաքանչյուր համերգի ներկա էր երկու կամ երեք հայ ունկնդիր: Դահլիճներում գերազանցապես օտարերկրացիներ էին»,- ընդգծեց Մհեր Նավոյանը:
Նա խոստովանեց, որ չի կարող ասել, թե ինչու էր հայ համայնքի մասնակցությունը նվազ, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ հյուրախաղերի հրավերը գերմանական կողմից էր, թեև Շտուտգարտում ելույթ են ունեցել` համագործակցելով «Հայ մշակույթի օրեր» փառատոնի հետ:
Նավոյանի խոսքով` բացի կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ երկերից, կատարել են նաև հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր` խմբերգային մշակումներ:
Երաժշտագետը գոհունակություն հայտնեց` ասելով, որ Կոմիտասի 150-ամյակը հայաստանյան համերգային կոլեկտիվների ջանքերով պատշաճ մակարդակով է նշվում: «Կարծում եմ` այլ խմբեր նույնպես հանդես են գալու արտերկրում, իսկ «Գեղարդ» երգեցիկ խումբը ավարտեց արտասահմանյան ելույթները: Մի քանի համերգ կունենանք Հայաստանում` եզրափակելով կոմիտասյան տարին»,-շեշտեց Նավոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում