«Աէրոֆլոտ»-ը խաբել է

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած էդգար Ներսիսյանը պատմել է, որ ինքը խաբվել է «Աէրոֆլոտ» ընկերության կողմից: Քաղաքացին Երևան-Մոսկվա, Մոսկվա-Գուանջո (Չինաստան) ուղղությամբ տոմս է գնել այդ ընկերությունից, մեկնել ու բարեհաջող վերադարձել է Երևան: Սակայն Չինաստանից արված մոտ 4-5 հազար ԱՄՆ դոլարի գնումները մինչ օրս տեղ չեն հասել:

էդգարի փոխանցմամբ՝ իր ծանրոցը հանձնել է ավիաընկերությանը, որպեսզի վերադարձից հետո Երևանում ստանա: Սակայն մայիսի 27-ից մինչև օրս «Աէրոֆլոտ»-ը քաղաքացուն պատկանող իրերը չի կարողանում «գտնել»: Իսկ ամենազավեշտալին այն է, որ 5000-դոլարանոց ծանրոցի դիմաց ընկերությունն առաջարկում է 200 դոլարի փոխհատուցում:

Երեկ ողջ օրվա ընթացքում, «ժողովուրդ»-ը փորձել է այս ընկերությունից մեկնաբանություն ստանալ, սակայն չի ստացվել: Ընկերությունից ոմն Զառա ասել է, թե իրենց փոխտնօրեն Արսեն Ալեքսանյանն առաջարկում է քաղաքացուն գնալ և Նամակ գրել: Սակայն տուժողը չի ցանկանում, քանի որ դրանից հետո պետք է ստանա ընդամենը 200 դոլարի փոխհատուցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում