Եռօրյա տոն մայրաքաղաքում. մեկնարկում է գրքի երևանյան փառատոնը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրքի երևանյան երրորդ փառատոնի շրջանակում նախատեսվում են հայ, արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնն անցկացվելու է նոյեմբերի 22-ից 24-ը Հայկական բարեգործական ընդհանուր միությունում:
Մեզ հետ զրույցում փառատոնի կազմակերպչական թիմի անդամ Անի Հակոբյանը տեղեկացրեց, որ միջոցառման շրջանակում հայտարարվել է գրական մրցույթ, որին ներկայացվել է 87 հայտ՝ 43-ը «Պոեզիա», 34-ը «Արձակ», 10-ը «Դրամատուրգիա» անվանակարգերում։
«Մասնագիտական ժյուրին քննում է հայտերը և շուտով ամփոփելու է արդյունքները: Փառատոնի երեք անվանակարգում հաղթողների անունները կհայտարարվեն փակման արարողության ժամանակ՝ նոյեմբերի 24-ին: Այդ օրը ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային երգչախումբը և «Վահագն Հայրապետյան» ջազ քառյակը»,-նշեց Հակոբյանը:
Նրա խոսքով` Գրքի երևանյան փառատոնին անցկացվելու է ցուցահանդես-տոնավաճառ, որին կմասնակցի 37 հրատարակչություն, գրախանութ և կազմակերպություն, գրքերը կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով։
Միջոցառման բացման արարողությանը համերգով հանդես կգան «Ագապէ» կամերային երգչախումբը և «Երևան» լարային քառյակը: Փառատոնի շրջանակում անցկացվող շնորհանդեսներին կներկայացվեն Սթիվեն Քինգի «Փայլատակում», Լայմըն Ֆրենկ Բաումի «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները», Ռուբեն Հովսեփյանի «Հեքիաթներ», Օլգա Տոկարչուկի «Գրքի մարդկանց ուղևորությունը», Սամվել Գասպարյանի «Կաիսայի ընտրյալները. Տիգրան Պետրոսյան» և այլ գրքեր:
Կանցկացվեն նաև քննարկումներ «Իմ փոքրիկ գիրքը» մանկական կոմիքսների շարքի, Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» և այլ գրքերի վերաբերյալ, կլինի ջազի և պոեզիայի վինիլային երեկո Վահագն Մարտիրոսյանի հետ:
Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Գրքի երևանյան փառատոնն անցկացվում է 2017 թվականից։ Նպատակն է խթանել ընթերցանությունը, ժամանակակից գրականության նկատմամբ հետաքրքրությունը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրացումը, նոր հրատարակությունների մասին տեղեկացնելը, նպաստել նոր գրականության ստեղծմանը։
Փառատոնը հնարավորություն է տալիս բացահայտել տաղանդավոր ստեղծագործողների և նպաստում է նրանց առաջխաղացմանը։
Փառատոնը կյանքի է կոչվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում