Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Բունիաթիշվիլին կներկայացնի դաշնամուրային երկացանկի ամենագեղեցիկ ու բարդագույն ստեղծագործություններից մեկը՝ Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Խատիա Բունիաթիշվիլու յուրաքանչյուր բեմել մեծ իրադարձություն է ամենահեղինակավոր բեմահարթակների համար: Նա հանդես է եկել այնպիսի հեղինակավոր համերգասրահներում ինչպիսիք են՝ Նյու Յորքի Carnegie Hall, Լոս Անջելեսի Walt Disney Concert Hall, Լոնդոնի Royal Festival Hall, Վիեննայի Musikverein և Konzerthaus, Ամստերդամի Concertgebouw, Միլանի La Scala, Ժնևի Victoria Hall և այլ բեմահարթակները:
«Խատիա Բունիաթիշվիլի. հսկայական տեմպերամենտ ու վարպետություն, որը հիշեցնում է երիտասարդ Մարթա Արգերիխին», – գրել է Classical FM-ը:
«Երաժիշտ, որի կատարումը բխում է անմիջապես սրտից»,-նշել է The Guardian-ը:
Բունիաթիշվիլու հայաստանյան ելույթը կազմակերպել են ՀԱՖՆ-ը և «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիան:
Տեսանյութում Բունիաթիշվիլին նվագում է Առնո Բաբաջանյանի «Վաղարշապատի պար»-ը (Victoria Hall, Ժնև, Շվեյցարիա):
Հետևեք մեզ նաև Telegram-ում