Ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան, այնուամենայնիվ, չկար. փորձագետ

Ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան, այնուամենայնիվ, չկար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: «Նորմալ է, երբ պետությունը ֆինանսական կառույցներից փոխառություններ է վերցնում, հատկապես, երբ պետական պարտք/ ՀՆԱ հարաբերակցությունը չի գերազացնում թույլատրելիի շեմը: Հայաստանն այսօր ունի պետական պարտք ավելացնելու հնարավորություն: Խնդիրն այլ հարցի մեջ է. ի՞նչ նպատակի են ծառայելու միջոցները»,– Times.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը` մեկնաբանելով Կառավարության կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը: Նշենք, որ համաձայնագրով նախատեսվում է 45.8 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցություն: 

«Կառավարության նիստում նշվեց, որ միջոցներն ուղղվելու են ընթացիկ տարվա բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Ֆիքսենք. տարեվերջ, ընթացիկ տարվա բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար արտաքին միջամտություն: Սա բյուջեի կատարողականի համար այս պահի դրությամբ հստակ գնահատական է»,– նշեց փորձագետը:

Ըստ Լ. Ամիրխանյանի, այս ամենը նորմալ տրամաբանության ներքո կարելի է դիտարկել, բայց եթե ի սկզբանե հանրությանն այլ իրականություն խոստացված չլիներ. «Իշխանության գալուց ի վեր, մեզ խոստացվեց ներդրումների մեծ ներհոսք, պոտենցիալ ներդրողներ, ովքեր, բառացի նշվում էր, որ սպասում էին նախորդ իշխանության ներկայացուցիչների վերջանական հեռանալուն: Մեզ խոստացվեց կախարդական փայտիկ, որով Հայաստանի տնտեսությունը հեղափոխություն կապրի: Մեզ անընդհատ պատմում էին բյուջեի թալանի մասին, որի դեմ պայքարի արդյունքում այն բերնեբերան կլցվի: Այսօր բյուջեի սպասարկման համար նոր վարկ է վերցվում ու հետևաբար առաջանում է հարցերի շարք: Բյուջեի այդ թալա՞նն է ինտենսիվորեն շարունակվում, ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան` այնուամենայնիվ չկար, կամ այդ քանակո՞վ չկար: Երկրորդ, ներդրողները եթե կտրուկ շատացել են, որտե՞ղ են արտացոլվում ներդրված գումարները, թե՞ այնուամենայնիվ կան մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնք կային նախկինում էլ, որոնց պատճառով ներդրումային բում Հայաստանում չի լինում»:

Լ. Ամիրխանյանը հիշեցրեց, որ Ֆինանսների նախարար Ջանջուղազյանը վերջերս խոսեց ներդրումների մասին` ակամայից խոստովանելով, թե ինչու ներդրումները չեն ավելանում. «Ջանջուղազյանն այդ ժամանակ նշեց, որ ներդրում հնարավոր է միայն հաշվարկների, միջավայրն ամբողջությամբ ընկալելու արդյունքում: Բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար նոր վարկ վերցնելն իշխանության հերթական խոստովանությունն է նախկինում արված սխալ հայտարարությունների»,- ամփոփեց փորձագետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում