Սբ. Կիպրիանոս Կարթագենացի. Գիր եկեղեցու միսնության մասին
Նմանատիպ
Երբ Տերը մեզ ուսուցանում է` ասելով. «Դուք եք երկրի աղը» (Մատթ. Ե 13), երբ Նա պատվիրում է մեզ հեզության հետ մեկտեղ պարզ լինել և պարզամտությանը համակցել խորագիտությունը (Մատթ. Ժ 16), արդյո՞ք առավել պատշաճ չէ մեզ, սիրեցյալ եղբայրներ, կանխատեսել նենգ թշնամու (իմա` սատանայի) որոգայթները, սրտագին հոգածությամբ ու զգոնությամբ կանխավ իմանալ դրանք և խուսափել, որպեսզի, զգեստավորվելով Քրիստոսով` Հայր Աստծո իմաստությամբ, անմիտ չգտնվենք մեր փրկության պահպանման մեջ: Արդ, հարկ է երկյուղել ոչ թե այն հալածանքից, որը բացահայտ հարձակմամբ ջանում է խոցել ու կործանել Աստծո ծառաներին. դյուրին է պաշտպանվել այնտեղ, ուր վտանգն ակնհայտ է, և հոգին էլ նախապես տրամադրվում է մարտի՝ թշնամու՝ իր մասին ազդարարելու հետ: Առավել հարկ է երկյուղել ու զգուշանալ թշնամուց այն պարագայում, երբ նա գաղտնաբար է մոտենում, երբ, գայթակղելով աշխարհի պատկերներով, չնշմարվող գաղտնի ուղիներով է սողում, որից և ստացել է «սողուն» կամ օձ անունը: Այդպիսին է մշտակա նրա նենգությունը:
Այդպիսին է ծածուկ ու խորամանկ նրա կեղծավորությունը՝ մարդկանց գայթակղելու գործում: Այդպես նա գայթակղեց նաև աշխարհի սկզբին` փաղաքշական կեղծ խոսքերով պարզ հոգիներում գրգռելով անզգույշ դյուրահավատությունը: Նա ջանաց նաև փորձել Տիրոջն իսկ և դրա համար թաքուն մոտեցավ, որպեսզի հանկարծակի հարձակվի և գայթակղեցնի, սակայն իմացվեց ու ետ մղվեց, իսկ ետ մղվեց, քանզի ճանաչվեց և բացահայտվեց: Սրանով մեզ օրինակ տրվեց, որ է` խուսափել հին մարդուց և հաստատապես քայլել Քրիստոս-Կենսատուի հետքերով, որպեսզի կրկին անզգուշության պատճառով մահվան կապանքներում չհայտնվենք, այլ վտանգի կանխատեսմամբ հասնենք անմահությանը: Բայց ինչպե՞ս կարող ենք հասնել անմահության, եթե չպահենք Քրիստոսի պատգամները, որոնցով պարտվում և հաղթվում է մահը: Տերն ասում է. «Եթե կամենում ես հավիտենական կյանքը մտնել, պահիր պատվիրանները» (Մատթ. ԺԹ 17), և ապա՝ «Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ ես ձեզ պատվիրում եմ: Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում…» (Հովհ. ԺԵ 14-15):
Այդպիսիներին Նա նաև կոչում է քաջարի և կայուն` հաստատված պինդ ու ծանրաքաշ վեմի վրա, պատսպարված անսասան և անկործան պատվարով՝ ընդդեմ դարի բոլոր փոթորիկների ու հուզումների: «Ով որ լսում է իմ այս խոսքերը և կատարում է դրանք, կնմանվի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրա. անձրևները թափվեցին, և գետերը հորդեցին, հողմերը փչեցին ու զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված»,- ասում է Նա: Այսպիսով` մենք պետք է պահենք Նրա խոսքերը, սովորենք և անենք այն, ինչ Նա է ուսուցանել ու արել: Եվ ինչպե՞ս մեկը կարող է իրեն ի Քրիստոս հավատացյալ համարել, եթե չի կատարում Քրիստոսի պատվիրածը: Կամ՝ ինչպե՞ս կարող է հավատի պարգևին արժանանալ մեկը, որը չի ցանկանում պահպանել հավատն առ պատվիրանները: Անհրաժեշտության դեպքում նա կտարակուսի, կդեգերի և մոլորության ոգով տոգորված` իբրև փոշի կքշվի քամուց. չհետևելով փրկչական ճանապարհի ճշմարտությանը՝ նա չի հասնի փրկության:
Սիրելի՛ եղբայրներ, հարկ է զգուշանալ ոչ միայն ակնհայտ ու բացահայտ, այլև նրբին կեղծավորությամբ և խորամանկությամբ քողարկված խաբեությունից: Իսկ այն բանից հետո, երբ թշնամին Քրիստոսի գալստյամբ հայտնաբերվեց ու բացահայտվեց, լույս բացվեց լեզուների համար, և մարդկանց երջանկության համար ծագեց փրկչական արեգակը, այնպես, որ սկսեցին խորությամբ լսել հոգևոր երանությունը, կույրերն իրենց աչքերը բացեցին առ Աստված, տնանկները հավիտենական բժշկում ստացան, կաղերը հապճեպ ուղղվեցին դեպի եկեղեցի, համրերն սկսեցին բարձրաձայն իրենց աղոթքներն ասել: Այդ ամենից հետո, երբ նա (սատանան) տեսավ բազում հավատացողների պատճառով լքված կուռքերը, դատարկված իր կացարանն ու կռատները, ուրիշ ինչ առավել նրբին կեղծավորություն և խորամանկություն կարող էր հորինել թշնամին, քան նոր խաբեության առաջադրումը` հենց քրիստոնյայի անունով անզգույշներին գայթակղելը: Նա է ստեղծել աղանդներն ու հերձվածները, որպեսզի կործանի հավատը, խեղաթյուրի ճշմարտությունը, խախտի միությունը: Ում կուրացնելով չի կարողանում պահել հին ուղու վրա՝ նրան մոլորության մեջ է գցում և գայթակղում նոր ճանապարհով: Հափշտակում է մարդկանց հենց Եկեղեցու միջից, և այնժամ, երբ նրանք տեսանելիորեն մոտենում էին լույսին ու ձերբազատվում դարի խավարից, նրանց վրա նորից սփռում է անտեսանելի մի նոր խավար, և այնպես, որ նրանք, չհետևելով Ավետարանին և չպահելով օրենքը, իրենք իրենց կոչում են քրիստոնյաներ ու խարխափելով խավարի մեջ` կարծում են, թե լույսի մեջ են: Այդպիսին են թշնամու որոգայթները, նրա, ով, առաքյալի խոսքի համաձայն, «կերպարանավորվում է որպես լույսի հրեշտակ» (Բ Կորնթ. ԺԱ 14) և իր ծառաներին որպես արդարության պաշտոնյաներ է ներկայացնում: Երբ նրանք հռչակում են գիշերն իբրև ցերեկ, կործանումը` փրկություն, հուսահատությունը` հույս, հավատուրացությունը` հավատ, հակաքրիստոսին՝ Քրիստոսի անունով, կեղծիքը քողարկելով ճշմարտանմանությամբ՝ նուրբ խորամանկությամբ ոչնչացնում են ճշմարտությունը:
Սիրեցյալ եղբայրներ, սա տեղի է ունենում այն պատճառով, որ նրանք չեն դիմում ճշմարտության ակունքին, չեն փնտրում գլուխը, չեն պահպանում Երկնավոր Վարդապետի ուսուցումները: Այստեղ բազմաբառ խորհրդածությունների և ապացույցների անհրաժեշտություն չկա, պետք է միայն խորամուխ լինել խնդրի մեջ ու քննել և այնժամ հեշտությամբ կարելի է համոզվել ճշմարտության մեջ՝ անգամ համառոտ շարադրանքից: Տերն ասում է Պետրոսին. «Ես քեզ ասում եմ, որ դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն: Եվ քեզ պիտի տամ երկնքի արքայության բանալիները, ու ինչ որ մի անգամ կապես երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում: Եվ ինչ որ արձակես երկրի վրա, պիտի արձակված լինի երկնքում» (Մատթ. ԺԶ 18-19): Եվ դարձյալ ասաց նրան իր հարությունից հետո. «Արածեցրու իմ ոչխարներին» (Հովհ. ԻԱ 16): Այդպիսով` Իր եկեղեցին հիմնում է մեկի վրա: Եվ թեև Իր հարությունից հետո հավասարազոր իշխանությամբ է օժտում իր առաքյալներին` ասելով. «Ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ…. Առեք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի» (Հովհ. Ի 21-23), սակայն, ցույց տալու համար [Եկեղեցու] միասնությունը, Նա կամեցավ մեկով նախանշել այն: Անշուշտ, մնացյալ առաքյալները ևս նման էին Պետրոսին և ունեին հավասարազոր արժանիքներ ու իշխանություն, սակայն սկզբնապես մատնանշվում է մեկը` ցույց տալու համար մեկ միասնական Եկեղեցի: Այդ միասնական մի եկեղեցին հենց նկատի ունի Սուրբ Հոգին Երգ երգոցում` խոսելով Տիրոջ անունից. «Մինչդեռ մեկն է իմ աղավնին, իմ կատարյալը, իր մոր միակն է նա, իր ծնողի ընտրյալը» (Երգ երգոց Զ 8):
Արդյո՞ք նա, ով հակված չէ Եկեղեցու այդ միասնությանը, կարող է մտածել, թե պահում է հավատը: Արդյո՞ք նա, ով հակառակվում և գործում է ընդդեմ Եկեղեցու, կարող է հուսալ, որ ինքը Եկեղեցու մեջ է, երբ երանելի Պողոս առաքյալը, նույն խնդրի մասին դատելով և այդ միասնության խորհուրդը ցույց տալով, ասում է. «Մեկ մարմին ու մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին Աստված կոչեց մեզ: Մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստված…» (Եփես. Դ 4-6): Հենց այս միությունն է, որ պետք է պատշաճորեն պահպանենք ու պաշտպանենք մենք և հատկապես՝ եպիսկոպոսները, որ իշխում են Եկեղեցում, որպեսզի ցույց տրվի, որ եպիսկոպոսաց դասն իսկ մի է և անբաժան: Թող ոչ ոք միաբանություններին չխաբի կեղծիքով: Թող որևէ մեկը հավատի ճշմարտությունը չխաթարի ուխտադրուժ դավաճանությամբ: Եպիսկոպոսությունը մի է, և եպիսկոպոսներից յուրաքանչյուրն ամբողջությամբ բաժնեկից է այդ դասին: Այդպես և Եկեղեցին է մի, թեպետ պտղաբերության զարգացմանը համընթաց՝ ընդարձակվելով բաժանվում է բազում մասերի: Չէ որ արևն էլ բազում ճառագայթներ ունի, սակայն լույսը մի է, բազում ճյուղեր կան ծառի վրա, սակայն բունը մեկն է` ամուր հաստատված արմատի վրա. բազում առվակներ են սկզբնավորվում մեկ աղբուրից, և թեպետ ջրերի առատությունից գոյացող հեղեղումը, որ բազմաքանակություն է ներկայացնում, այնուամենայնիվ, ակունքի մոտ պահպանում է միությունը: Առանձնացրո՛ւ արևի ճառագայթն իր սկզբնավորումից, և միությունը թույլ չի տա առանձնացված լույսին գոյություն ունենալ. կոտրեցե՛ք ծառից մի ճյուղ, և ջարդվածը կկորցնի աճելու ունակությունը. անջատեցե՛ք առուն իր աղբյուրից, և այն կցամաքի: Նմանապես և Եկեղեցին է՝ Տիրոջ լույսով պայծառացած, ողջ աշխարհով մեկ սփռում իր ճառագայթները, սակայն լույսը, որ տարածվում է ամենուրեք, մեկ է, ուստի և մարմնի միասնությունը մնում է անբաժան: Ողջ աշխարհում նա տարածում է պտուղներից ծանրաբեռնված իր ճյուղերը, նրա առատ գետակները հոսում են ամենուր, և այդուհանդերձ՝ գլուխը մեկն է, մեկ սկիզբ, մեկ մայր` պտուղների առատությամբ հարուստ:
Նրանից ենք մենք ծնվում, նրա կաթով սնվում, նրա հոգով շնչավորվում: Քրիստոսի հարսը չի կարող աղճատվել. նա մաքուր է և անապական. նա ճանաչում է մեկ տուն և իր ողջախոհությամբ պահպանում սրբությունը մեկ մահճի: Նա պահում է մեզ Աստծո համար, իրենից ծնվածներին պատրաստում արքայության համար: Եկեղեցուց անջատված ամեն ոք միանում է շնացող կնոջը և օտարանում Եկեղեցու ուխտից: Քրիստոսի Եկեղեցին լքողը զրկվում է Քրիստոսի պարգևներից, և Եկեղեցու համար նա օտար է, անպիտան ու թշնամի: Ով Եկեղեցին իբրև մայր չի ճանաչում, չի կարող Աստծուն իրեն իբրև Հայր ունենալ: Եկեղեցուց դուրս գտնվողը կարող է փրկվել միայն այն դեպքում, եթե նոյյան տապանից դուրս գտնվող որևէ մեկը փրկված լիներ: Տերն այսպես է մեզ խրատում. «Ով ինձ հետ չէ, իմ դեմ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է» (Մատթ. ԺԲ 30): Քրիստոսի խաղաղությունն ու միաբանությունը խաթարողը Քրիստոսի դեմ է գործում: Ոչ թե Եկեղեցում, այլ մեկ ուրիշ տեղ հավաքվողը մսխում է Քրիստոսի Եկեղեցին: Տերն ասում է. «Ես և իմ Հայրը մի ենք» (Հովհ. Ժ 30): Եվ կրկին Հոր, Որդու և Սուրբ Հոգու մասին գրված է. «Սրանք երեքը մի են» (Ա Հովհ. Ե 8): Ո՞վ կարող է մտածել, որ աստվածային անփոփոխելիության վրա հիմնված ու երկնային խորհուրդներին միացած այդ միասնությունը կարող է խախտվել՝ Եկեղեցու մեջ և մասնատվել՝ հակամարտող ցանկությունների տարաձայնությամբ: Ո՛չ, ով նման միությունը չի պահպանում, չի հետևում Աստծո օրենքին, չի պահում հավատն առ Հայր ու Որդի, չի հետևում փրկության ճշմարիտ ճանապարհին:
Միասնության այդ խորհուրդը, այդ անխախտ համերաշխության միությունը մատնանշվում է Տեր Հիսուս Քրիստոսի պատմուճանի մասին ավետարանական պատումի մեջ: Պատմուճանը չբաժանվեց ու չպատռվեց, այլ ամբողջապես, ըստ վիճակահանության, հասավ մեկին, և նա տնօրինեց այն առանց բաժանելու ու ապականելու: Ս. Գիրքն այդ մասին ասում է. «Իսկ քանի որ պատմուճանը առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին հյուսած շուրջանակի, ուստի միմյանց ասացին. «Այդ չպատռենք, այլ դրա վրա վիճակ գցենք, ում որ ելնի» (Հովհ. ԺԹ 23-24): Այն ի վերուստ ուներ միասնականությունը, որ բխում էր երկնքից՝ Հորից, և այդ իսկ պատճառով չէր կարող պատռվել նրանց կողմից. ով տիրացավ դրան ամբողջապես, մեկընդմիշտ պահեց ամուր ու անբաժան կապը: Ուստի Քրիստոսի Եկեղեցին պառակտողը չի կարող տիրանալ Քրիստոսի պատմուճանին:
Ընդհակառակն, երբ Սողոմոնի մահից հետո նրա թագավորությունն ու ժողովուրդը պետք է բաժանվեին, Աքիա մարգարեն, դաշտում հանդիպելով Հերոբովամ թագավորին, իր հագուստը պատառոտում է տասներկու կտորների և ասում. «Ա՛ռ քեզ տասը կտոր, քանզի Իսրայելի Տեր Աստվածը այսպես է ասում. «Ահա ես Սողոմոնի թագավորությունը ձեռքից խլելով՝ պիտի պատառոտեմ և քեզ պիտի հանձնեմ տասը ցեղ, իսկ երկու ցեղը թող նրան մնա հանուն իմ ծառա Դավթի և հանուն Երուսաղեմ քաղաքի, որն ընտրեցի Իսրայելի բոլոր ցեղերին պատկանող քաղաքների միջից» (Գ Թագ. ԺԱ 31-32): Այսպիսով, երբ Իսրայելի տասներկու ցեղերը պետք է բաժանվեին, Աքիա մարգարեն պատռեց իր զգեստը: Սակայն Քրիստոսի ժողովուրդը չպետք է բաժանվի, ինչպես Քրիստոսի ամբողջությամբ միակար պատմուճանը չի պատռվել դրան տիրացողների կողմից. իր կարվածքի անբաժան ամրությամբ՝ այն մատնանշում է Քիստոսով զգեստավորված ամենքիս անբաժան համաձայնությունը: Այսպիսով՝ Տերն Իր զգեստի խորհրդավոր նշանով կանխավ պատկերեց Եկեղեցու միասնությունը:
Ո՞վ է այդչափ անօրեն և ուխտադրուժ, որ այդքան վարակված է պառակտումների կրքով, որ հնարավոր է համարում ու համարձակվում է Աստծո միությունը` Տիրոջ զգեստը` Քրիստոսի Եկեղեցին պառակտել:
Ինքը` Տերը, Իր Ավետարանում մեզ հիշեցնում է և ուսուցանում` ասելով. «Եվ պիտի լինի մի հոտ ու մի հովիվ» (Հովհ. Ժ 16): Ո՞վ կմտածի, որ միևնույն տեղում կարող են լինել կա՛մ բազում հովիվներ, կա՛մ շատ հոտեր: Պողոս առաքյալը, մեզ միևնույն միասնության մասին հուշելով, պաղատում է և հորդորում` ասելով. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքը ունենաք. և ձեր մեջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նույն մտքի ու նույն մտածման մեջ» (Ա Կորնթ. Ա 10): Մեկ այլ տեղ ասում է. «…Հանդուրժեցե՛ք միմյանց սիրով, ջանացե՛ք պահել հոգու միությունը խաղաղության կապով» (Եփես. Դ 2-3): Իսկ դու կարծում ես, որ կարելի է Եկեղեցուց հեռու մնալ և ապրել` քեզ համար տարբեր բնակատեղիներ կազմակերպելով։ Սակայն Ռահաբին, որ կանխավ ձևավորեց Եկեղեցին, ասվեց. «… Եվ քո հորը, մորը, եղբայրներին և քո հոր ամբողջ ընտանիքը կհավաքես քեզ մոտ, այս տանը: Ով որ քո տնից դուրս գա, ինքը թող իր համար պատասխանատու լինի…» (Հեսու Բ 18-19): Եվ Զատկի խորհուրդը, ըստ Ելից գրքում արտահայտված օրենքի, նույնպես պահանջում էր, որ մորթվող գառը, իբրև Քրիստոսի նախօրինակ, մեկ տան մեջ ուտվի: Աստված այսպես է ասում. «Տան մեջ պետք է ուտվի այն, միսը տնից դուրս չպիտի հանեք» (Ելք ԺԲ 46): Քրիստոսի մարմինը` Տիրոջ սրբությունը, չի կարող դուրս հանվել տնից, իսկ հավատացյալների համար, միասնական Եկեղեցուց բացի, այլ տուն չկա: Այդ տունը՝ համամտության այդ բնակարանը, Սուրբ Հոգին մատնանշում է սաղմոսներում` ասելով. «Աստված բնակեցնում է միայնակներին տան մեջ» (Սաղմ. ԿԷ 7): Միայն այդպես են միայնակները, համամիտները և պարզասիրտներն ապրում Աստծո տան՝ Քրիստոսի Եկեղեցու մեջ:
Դրա համար Սուրբ Հոգին հայտնվեց աղավնու տեսքով: Այն պարզ ու խոնարհ կենդանի է՝ առանց դառն մաղձի, չվիրավորող և մագիլներով կատաղաբար չպատառոտող, սիրում է մարդկանց բնակարանները և միայն մեկ համատեղ բույն է ճանաչում. որդեծնության ժամանակ զույգերը միասին են խնամում ձագերին. թռիչքի ժամանակ միմյանցից չեն բաժանվում, փոխադարձ համակեցությամբ են ապրում իրենց կյանքը, համբույրներով վկայում են իրենց համաձայնության ու խաղաղության մասին, ամեն ինչում պահպանում են համախոհության օրենքը: Եվ Եկեղեցում էլ այդպիսի պարզասրտություն պետք է լինի, նույնպիսի սիրո պետք է հասնել. եղբայրները սիրո հարցում պետք է օրինակ քաղեն աղավնիներից, իսկ խոնարհությամբ ու հանդարտությամբ համեմատվեն գառների և ոչխարների հետ: Ի՞նչն է քրիստոնյայի սրտում հարուցում գայլերի գազանություն, շների կատաղություն, օձերի մահաբեր խայթոց և ընդհանրապես գազանների արյունարբու վայրագություն: Հարկ է ուրախանալ, երբ նրանց նման մարդիկ անջատվում են Եկեղեցուց, որպեսզի իրենց կատաղի և թունավոր վարակով չկործանեն Քրիստոսի աղավնիներին ու գառներին: Չեն կարող միավորվել, միախառնվել դառնությունն ու քաղցրությունը, խավարն ու լույսը, վատ և լավ եղանակները, պատերազմն ու խաղաղությունը, անպտղությունն ու պտղաբերությունը, ցամաքն ու ջրի աղբյուրը, փոթորիկն ու անդորրը:
Թող ոչ ոք չխորհի, թե բարիները կարող են հեռանալ Եկեղեցուց: Քամին ցորենը չի տարուբերում, իսկ փոթորիկը ծառը արմատախիլ չի անում, եթե ամուր արմատ ունի: Միայն դատարկ տատասկներն են քշվում քամուց, միայն թույլ ծառերն են ընկնում փոթորկի սլացքից: Ճիշտ նրանց է նզովում և խոցում Հովհաննես առաքյալը` ասելով. «Մե՛ր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային» (Ա Հովհ. Բ 19): Հերձվածները հաճախ առաջացել և առաջանում են այն պատճառով, որ կամակոր միտքը խաղաղություն չունի, իսկ խռովություն սերմանող ուխտադրժությունը միությունը չի պահում: Տերը, պահպանելով մեր ազատ կամեցողությունը, թողնում է, որ այս ամենը լինի, որպեսզի ճշմարտությունը փնտրող մեր սրտերի ու մտքերի փորձությամբ երևան գա արժանավորների ջինջ հավատքը: Դրա մասին է Սուրբ Հոգին կանխասում առաքյալի միջոցով` ասելով. «Բայց պետք է, որ հերձվածներ էլ լինեն ձեր մեջ, որպեսզի ձեր միջից նրանք, որ ընտիր մարդիկ են, երևան» (Ա Կորնթ. ԺԱ 19): Այսպես են փորձվում հավատարիմները, և բացահայտվում՝ հավատուրացները, այսպես են, դեռ նախքան դատաստանի օրը, արդարների հոգիները զատվում անարդարներից, և հարդը` ցորենից: Անջատվում են նրանք, որ առանց աստվածային հրամանի՝ ինքնակամ ստանձնում են անխոհեմ զանգվածների առաջնորդությունը, առանց օրինական կոչման (իմա` ձեռնադրության)՝ իրենք իրենց առաջնորդ են կարգում, եպիսկոպոսի անուն վերագրում իրենց, երբ որևէ մեկը նրանց այն չի շնորհել:
Սուրբ Հոգին սաղմոսներում նրանց կոչում է գահերի վրա բազմած կործանողներ, հավատի խոց ու վարակ, մարդիկ, ովքեր գայթակղում են օձային լեզվով և հմուտ են ճշմարտության խեղաթյուրման մեջ. կորստաբեր լեզու, որ մահաբեր թույն է տեղում, մարդիկ, որոնց խոսքը քաղցկեղի նման ճարակ է գտնում (Բ Տիմ. Բ 17), իսկ զրույցը՝ յուրաքանչյուրի սրտի մեջ մահացու վարակ ներմուծում: Նրանց դեմ բարբառում է Տերը, իր մոլորվող ժողովրդին ետ և հեռու պահում նրանցից` ասելով. «Մի՛ լսեք այն մարգարեների խոսքերը, որ ձեզ համար մարգարեություն են անում, դրանք փուչ բաներ են ասում ձեզ, իրենց սրտի ցնորքներից են խոսում և ոչ թե Տիրոջ բերանից: Տիրոջ խոսքի դեմ ըմբոստացածներին նրանք ասում են` «Խաղաղություն լինի ձեզ». բոլոր նրանց, ովքեր ընթանում են ըստ իրենց կամակորության, կամ յուրաքանչյուրին, ով ընթանում է ըստ իր սրտի մոլորության, ասում են` «Քո գլխին չարիք չի գալու»: Ես… չխոսեցի նրանց հետ, սակայն նրանք մարգարեություն էին անում: Եթե իմ խորհրդին հավատարիմ մնային, ապա իմ խոսքերը լսելի կդարձնեին իմ ժողովրդին, ետ կպահեին նրան իր չար ճանապարհներից, իր չար վարքից» (Երեմ. ԻԳ 16-17, 21-22): Տերը նրանց է նկարագրում ու մատնանշում` ասելով. «Ինձ՝ կենաց ջրի աղբյուրիս, լքեց և իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել» (Երեմ. Բ13): Մինչդեռ, մեկից բացի, այլ մկրտություն չի կարող լինել. նրանք կարծում են, որ կարող են մկրտել: Թողնելով կենաց աղբյուրը` նրանք խոստանում են կենսագործ ու փրկարար ջրի շնորհը: Այնտեղ մարդիկ ոչ թե սրբագործվում են, այլ ավելի պղծվում, մեղքերը ոչ թե սրբվում են, այլ կրկնապատկվում: Այդպիսի ծնունդը ոչ թե Աստծո համար է զավակներ բերում, այլ սատանայի: Խաբեությունից ծնվածները չեն արժանանում ճշմարտության խոստմանը: Տիրոջ խաղաղության խափանողները մոլեգին հակառակությամբ չեն կարող խաղաղության պարգևին հասնել:
Թող իրենք իրենց չգայթակղեն Տիրոջ կողմից ասված մի քանի խոսքերով. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթ. ԺԸ 20): Ավետարանն աղճատողներն ու կեղծ մեկնիչներն այս խոսքն են բերում, սակայն սա հաջորդ խոսքն է, իսկ նախորդը նրանք բաց են թողնում. հիշեցնելով մեկը՝ մյուսի մասին նենգորեն լռում են. ինչպես իրենք անջատվեցին Եկեղեցուց, այնպես և հատում են միևնույն խոսքի ամբողջությունը: Տերը, Իր աշակերտներին հուշելով միմյանց մեջ պահել համախոհություն և խաղաղություն, նրանց ասում է. «Դարձյալ ձեզ ասում եմ. եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ խնդրանքի համար, ինչ էլ որ խնդրեն, կկատարվի նրանց համար իմ Հոր կողմից, որ երկնքում է. որովհետև ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մատթ. ԺԸ 20). – և դրանով ցույց է տալիս, որ շատը տրվում է ոչ թե բազմաքանակությանը, այլ աղոթողների համախոհությանը: «Եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա»,- ասում է Նա:
Այսպիսով` Տերը նախ պատվիրեց համերաշխությունը, մատնանշեց համաձայնությունը և սովորեցրեց ճշմարտորեն ու վճռականորեն համաձայնել միմյանց հետ: Ինչպե՞ս մեկը կհամաձայնի մեկ ուրիշին, եթե համամիտ չէ մարմնի՝ նույն ինքը՝ Եկեղեցու և ողջ եղբայրության հետ: Ինչպե՞ս երկուսը կամ երեքը կարող են հավաքվել Քրիստոսի անունով, որոնց մասին հայտնի է, որ անջատվում են Քրիստոսից և Նրա Ավետարանից: Չէ որ մենք չենք հեռացել նրանցից, այլ նրանք՝ մեզանից: Նրանց կողմից տարբեր հավաքներ հաստատելուց հետո առաջացան հերձվածներ ու բաժանումներ, նրանք լքեցին ճշմարտության հիմքն ու սկիզբը: Իսկ Տերը խոսում է Իր Եկեղեցու մասին, խոսում է Եկեղեցու մեջ գտնվողներին, որ եթե նրանք համամիտ լինեն, եթե Իր հիշեցման ու խրատի համաձայն՝ հավաքվելով երկու կամ երեք անձերով՝ միասիրտ աղոթեն, թեև երկուսը կամ երեքը լինեն, նրանք կարող են ստանալ խնդրելին Աստծո մեծությունից: «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ»,- այսինքն` պարզ ու խաղաղասեր, աստվածավախ և Իր պատվիրանները պահող մարդկանց մեջ: Նմանների մեջ է Նա խոստացել լինել, ինչպես որ էր երեք մանուկների հետ հրե հնոցում, երբ շրջապատող բոցի մեջ գոտեպնդեց նրանց ցողի փչմամբ, քանզի նրանք հավատարիմ էին Աստծուն և միահոգի (Դան. Գ 50), ինչպես որ էր բանտարկված երկու առաքյալների հետ և, քանզի նրանք պարզ էին ու միահոգի, բացեց նրանց համար բանտի դռները և դուրս հանեց, որպեսզի ժողովրդին փոխանցեն այն խոսքը, որ հավատարմորեն քարոզում էին (Գործք Ե 19): Այսպիսով, երբ Տերն Իր պատվիրաններում ասում է. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ», ապա Եկեղեցին ստեղծողն ու հիմնադրողը մարդկանց Եկեղեցուց չի անջատում, այլ հանդիմանելով հավատից հեռացածներին և հորդորելով հավատարիմներին խաղաղության մեջ՝ Իր խոսքերով ցույց է տալիս, որ Ինքը հաճում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների մեջ, քան բազմաքանակ տարամիտ մարդկանց, և փոքրաթիվ մարդկանց միահոգի աղոթքով կարելի է ավելին խնդրել, քան բազում մարդկանց անհամաձայն հայցումով: Այդ իսկ պատճառով աղոթքի կարգը հաստատեց: Նա ավելացնում է. «Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ մի բան ունեք, ներեցեք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները» (Մարկ. ԺԱ 25): Ընծա մատուցելիս՝ որևէ մեկի հանդեպ ոխ ունեցողին Նա թույլ չի տալիս մոտենալ սեղանին, սակայն պատվիրում է նախ հաշտվել եղբոր հետ, ապա խաղաղությամբ դառնալով՝ ընծա մատուցել Աստծուն (Մատթ. Ե 23-24): Աստված չընդունեց Կայենի ընծան, քանզի մեկի հանդեպ, որ նախանձի և թշնամության պատճառով հաշտ չէր եղբոր հետ, Աստված չէր կարող բարեգութ լինել:
Ինչպիսի՞ խաղաղություն են խոստանում եղբայրների թշնամիներն իրենք իրենց: Ինչպիսի՞ պատարագներ են մտադիր մատուցել քահանաներին նախանձողները: Արդյո՞ք Քրիստոսի Եկեղեցուց դուրս ժողովվելով՝ նրանք կարծում են, որ Քրիստոս իրենց հետ է: Այո, եթե անգամ (Տիրոջ) անվան խոստովանության համար նմանները մահվան մատնվեն, նրանց խարանը չի մաքրվի նույնիսկ արյամբ: Երկպառակության անջնջելի ու ծանր մեղքը չի մաքրվում անգամ տառապանքով: Եկեղեցուց դուրս գտնվողը չի կարող մարտիրոս լինել, թագավորող Եկեղեցին լքողը չի կարող արքայությանը հասնել: Քրիստոս մեզ շնորհել է խաղաղություն. պատվիրել է լինել միակամ ու միասիրտ, ավանդել է անխախտ և ամուր պահել հավատարմության ու սիրո միությունը, և ով չի պահել եղբայրական սերը, նա չի կարող մարտիրոս լինել: Դա է ուսուցանում, դա է հաստատում Պողոս առաքյալը` ասելով. «Եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա: Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում… ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում: Սերը երբեք չի անհետանում» (Ա Կորնթ. ԺԳ 2-5, 7-8): Սերը,- ասում է,- երբեք չի անհետանում, այն առհավետ [Երկնքի] Արքայության մեջ է, հավետ շարունակվելու է այնտեղ եղբայրական միության մեջ: Երկպառակությունը չի կարող արժանանալ Երկնքի Արքայությանը և Քրիստոսի պարգևներին, Ով ասաց. «Այս է իմ պատվերը. որ սիրեք միմյանց, ինչպես որ ես սիրեցի ձեզ» (Հովհ. ԺԵ 12): Քրիստոսի սերը հավատուրաց անհամաձայնությամբ խախտողը չի պատկանելու Քրիստոսին. սեր չունեցողը Աստծուն էլ չունի: Երանելի առաքյալն ասում է. «Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ» (Ա Հովհ. Դ 16): Ուրեմն չեն կարող բնակվել Աստծու մեջ նրանք, ովքեր չցանկացան միասիրտ լինել Աստծու Եկեղեցում, նույնիսկ եթե մատնվեին այրվելու կրակի ու բոցի մեջ կամ իրենց հոգին ավանդեին` իբրև կերակուր նետված լինելով գազանների առջև. սակայն դա էլ չի դառնա նրանց համար հավատի պսակ, այլ կլինի հավատուրացության պատիժ. կդառնա ոչ թե բարեպաշտ սխրանքի փառավոր ավարտ, այլ հուսահատության ելք: Նրանց նմանը կարող է մահվան մատնվել, սակայն չի կարող փառավորվել: Այդպիսինը իրեն քրիստոնյա է կոչում նույնքան կեղծավորաբար, որքան սատանան հաճախ իրեն անվանում է Քրիստոս՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Շատերը պիտի գան իմ անունով և պիտի ասեն` ե՛ս եմ Քրիստոսը, և շատերին պիտի մոլորեցնեն» (Մարկ. ԺԳ 6): Ինչպես սատանան Քրիստոս չէ, թեպետև խաբում է Նրա անունով, այնպես և քրիստոնյա չի կարող համարվել նա, ով չի բնակվում Նրա Ավետարանի և հավատի ճշմարտության մեջ: Անշուշտ մեծ գործ է և զարմանքի արժանի մարգարեանալը, դևերին հանելն ու երկրի վրա մեծ հրաշքներ գործելը, բայց այս ամենը կատարողը Երկնքի Արքայությանը չի հասնի, եթե չընթանա ուղիղ ճանապարհով: Տերը, այդ մասին հայտնելով, ասում է. «Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տե՜ր, Տե՜ր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք և քո անունով դևեր հանեցինք ու քո անունով բազում զորավոր գործեր արեցինք»: Եվ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացեք ինձանից դուք ամենքդ, որ անօրենություն եք գործում» (Մատթ. Է 22-23)։ Ճշմարտություն է պետք Դատավոր Աստծո բարեհաճությանն արժանանալու համար. հարկ է հնազանդվել Նրա պատվիրաններին ու խրատներին, որպեսզի ըստ մեր արժանիքների` վարձատրվենք: Տերը, Ավետարանում համառոտ ցույց տալով մեր հավատի և հույսի ուղին, ասում է. «Մեր Տեր Աստվածը միակ Տերն է. և դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ. սա է առաջին պատվիրանը, և երկրորդը նման է սրան. դու պիտի սիրես քո ընկերոջը քո անձի պես… այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները» (Մարկ. ԺԲ 29-31, Մատթ. ԻԲ 37-40): Իր այս վարդապետության մեջ Նա սովորեցրեց միության և սիրո մասին. երկու պատվիրանների մեջ ընդգրկեց օրենքն ու բոլոր մարգարեներին: Ինչպիսի՞ միություն է պահպանում, ինչպիսի՞ սեր է պահում կամ ի՞նչ սիրո մասին է խորհում նա, ով տրվելով երկպառակության պոռթկումներին՝ մասնատում է Եկեղեցին, քայքայում է հավատը, խախտում է խաղաղությունը, արմատախիլ է անում սերը, պղծում է խորհուրդը:
Սիրեցյա՛լ եղբայրներ, վաղուց է այդ չարիքը սկզբնավորվել, սակայն այդ կործանարար չարիքի ավերիչ ազդցությունը ներկայումս աճել է, և հերետիկոսական այլասերության ու պառակտումների թունավոր աղետը սկսել է առավել դրսևորվել և տարածվել: Բայց Սուրբ Հոգին առաքյալի միջոցով կանխասել ու նախազգուշացրել է, որ այդպես և պետք է լինի դարի վախճանին: «Վերջին օրերին,- ասում է Նա,- չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են նրա զորությունը: Նաև խորշի՛ր նրանցից, քանզի նրանց մեջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն և գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, որոնք տարված են պես-պես ցանկություններով. կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտությանը: Եվ ինչպես Հանեսն ու Համրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք հակառակվում են ճշմարտությանը. ապականված մտքով մարդիկ, անպետք՝ հավատի մէջ: Բայց նրանք ավելի առաջ գնալ երբեք չեն կարող, քանի որ իրենց հիմարությունը հայտնի կլինի բոլորին, ինչպես որ եղավ այդ երկուսինը» (Բ Տիմ. Գ 1-9):
Կանխասացությունը կատարվում է, և դարի ավարտի մերձեցմամբ արդեն իսկ հայտվում են նման մարդիկ, և գալիս են այդ ժամանակները: Թշնամու կատաղության սաստկացման հետ մեկտեղ մոլորությունը գայթակղում է, սանձարձակությունը՝ գոռոզացնում, նախանձը՝ բորբոքում, կիրքը՝ կուրացնում, սրբապղծությունը՝ այլասերում, հպարտությունը ամբարտավան է դարձնում, անհամաձայնությունը՝ խստասիրտ, ցասումը կորստյան է մատնում: Սակայն մեզ չի սասանում և շփոթեցնում շատերի ծայրահեղ ու անսպասելի ուխտադրժությունը. ավելի լավ է՝ կանխատեսվածի ճշմարտությունը զորացնի մեր հավատը: Ինչպես ոմանք այդպիսին դարձան, քանզի այդպես մարգարեացված էր, մնացյալ եղբայրները թող զգուշանան նրանցից, որովհետև դա էլ է նախապես ասվել Տիրոջ խրատում. «Բայց դուք զգույշ եղեք. ահա առաջուց ձեզ ամեն ինչ ասացի» (Մարկ. ԺԳ 23): Աղաչում եմ ձեզ, խուսափեք նման մարդկանցից, և ինչպես մահացու վարակ՝ ձեզանից և ձեր ականջից հեռացրեք նրանց կործանարար զրույցները՝ համաձայն Սուրբ Գրքի. «Քո կալվածքը ամրացրո՛ւ փշե ցանկապատով:… Զգո՛ւշ եղիր, որպեսզի չգայթակղվես լեզվից…» ( Սիրաք ԻԸ 28-30), որովհետև՝ «Վատ խոսքերը ապականում են լավ բարքերը» (Ա Կորնթ. ԺԵ 33): Ինքը Տերն է սովորեցնում և պատվիրում մեզ հեռու մնալ նմաններից. «Կույրեր են, կույրերի առաջնորդ,- ասում է Նա,- երբ կույրն է առաջնորդում կույրին, սխալվում է, և երկուսն էլ փոսն են ընկնում» (Մատթ. ԺԵ 14): Հարկ է երես դարձնել և խուսափել Եկեղեցուց հեռացած յուրաքանչյուրից, քանզի. «Շեղված է այդպիսին և մեղանչում է` ինքն իսկ դատապարտելով իրեն» (Տիտ. Գ 11): Հնարավո՞ր է պատկերացնել, որ նա, ով Քրիստոսի քահանաների դեմ է գործում, իրեն առանձնացնում է Նրա եկեղեցականների և ժողովրդի հետ շփումից, Քրիստոսի հետ է: Չէ՞ որ նա ընդդեմ Եկեղեցու է զինվում, հակառակվում է աստվածային տնտեսությանը, թշնամի է խորանին, ըմբոստանում է Քրիստոսի զոհաբերության դեմ, ուրացող է հավատի հանդեպ, բարեպաշտության հարցում սրբապիղծ է, անհնազանդ ծառա, անօրեն որդի, անբարյացակամ եղբայր: Արհամարհելով եպիսկոպոսներին ու թողնելով Աստծո քահանաներին՝ նա համարձակվում է այլ խորան կառուցել, անթույլատրելի խոսքերից այլ աղոթք հեղինակել, կեղծ զոհաբերություններով պղծել Տիրոջ զոհաբերության ճշմարտությունը և անգամ չի ցանկանում ընդունել, որ Աստծո նվիրապետությանը հակառակ գործողը Աստծո հայեցողությամբ պատժվում է անխոհեմ հանդգնության համար:
Այսպես Մովսեսի և Ահարոն քահանայի դեմ ապստամբած Կորխը, Դաթանն ու Աբիրոնը, որ փորձում էին յուրացնել զոհ մատուցելու իրավունքը, նույն պահին էլ պատժվեցին նման հանդգնության համար. երկիրը, քանդելով իր կապերը, բացեց անհատակ մի խորխորատ, և ահռելի կլափը ողջ-ողջ կուլ տվեց նրանց։ Ոչ միայն Աստծո զայրույթը ոչնչացրեց սադրիչներին, այլև Տիրոջից առաքված կրակը շտապեց մոխրի վերածել նրանցից երկու հարյուր հիսունին, որք միացել էին այդ անմտության մասնակիցներին ու նպաստողներին (Թվեր ԺԶ)՝ հիշեցնելով և այդ կերպ ցույց տալով, որ Աստվածային նվիրապետության քայքայմանն ուղղված անօրենների ինքնակամ բոլոր հանցափորձերն Աստծո դեմ են։ Այդպես և Ոզիաս թագավորը, երբ ձեռքն առնելով բուրվառը և հակառակ Աստծո օրենքին՝ զոհ մատուցելու իրավունքն իրեն վերապահելով ՝ չցանկացավ հնազանդվել ու զիջել Ազարիա քահանային, ով արգելում էր իրեն. Աստծո բարկությամբ խայտառակվեց և պատժվեց՝ ճակատի բորոտությամբ. վիրավորված Աստծուց խարանվելով մարմնի այն մասում, որտեղ նշան են ստանում Աստծուն հաճեցողները (Բ Մնաց. ԻԶ)։ Ահարոնի որդիները նույնպես, երբ խորանում անմաքուր կրակ էին մատուցում՝ անտեսելով Աստծո արգելքը, անմիջապես էլ այրվեցին Պատժող Աստծո առաջ (Ղևտ. Ժ)։ Հենց այսպիսիներին են ընդօրինակում և հետևում նրանք, ովքեր արհամարհելով աստվածային պատվիրանները՝ հրապուրվում են օտար վարդապետությամբ և ներմուծում մարդկանց կողմից հաստատված կարգեր։ Տերն Իր Ավետարանում բացահայտում ու հանդիմանում է նման մարդկանց՝ ասելով. «Աստծու պատվիրանը թողած՝ մարդկանց ավանդությունն եք պահում» (Մարկ. Է 8)։
Այս հանցանքն ավելի ծանր է, քան, ըստ էության, անառակների կատարածը, որոնք հետո զղջալով իրենց մեղանչումի համար՝ աղաչում են Աստծուն միանգամայն բավարար ապաշխարությամբ։ Մի տեղ Եկեղեցին են փնտրում և աղաչում նրան, մեկ այլ տեղ՝ հակառակվում Եկեղեցուն։ Մի տեղ անհրաժեշտությունը կարող էր անօրենության հասցնել, մեկ այլ տեղ՝ ազատ կամքը։ Մի տեղ անառակը միայն իրեն է վնասում, իսկ մի ուրիշում՝ որևէ աղանդավոր կամ հերձվածող ջանում է շատերին խաբեությամբ իր ետևից տանել։ Մի տեղ կորստաբեր է մի հոգու համար, մեկ այլ տեղ վտանգը շատ շատերի համար է։ Մեկը հասկանում է, որ ինքը վստահաբար մեղանչել է, ողբում է դրա համար և զղջում, իսկ մյուսը՝ հպարտ իր մեղքով և բավականություն ստանալով հենց անօրենություններից, բաժանում է զավակներին մայրերից, ոչխարներին հափշտակում Հովվից, Աստծո խորհուրդները կործանում, և եթե անառակը մեկ անգամ էր մեղանչել, սա ամեն օր է մեղանչում։ Վերջապես, անառակը, արժանանալով մարտիրոսության, կարող է արժանի դառնալ և խոստացված արքայությանը, իսկ մյուսը, եթե նույնիսկ մահվան մատնվի՝ Եկեղեցուց դուրս, չի կարող Եկեղեցու պարգևներին արժանանալ։
Թող ոչ ոք չզարմանա, սիրեցյա՛լ եղբայրներ, որ անգամ խոստովանողներից ոմանք նույն վիճակին են հասնում և այդ իսկ պատճառով նույնքան անօրեն ու ծանրորեն մեղանչում։ Խոստովանությունը չի ազատում սատանայի դավերից և այս աշխարհում դեռևս գտնվողին չի պաշտպանում առհավետ դարի գայթակղություններից, վտանգներից, հարձակումներից ու հարվածներից։ Ի դեպ, հետագայում էլ մենք խոստովանողների մոտ երբևէ չենք տեսել նման խաբկանքներ, անպատվություններ և շնություն, որ տեսնում ենք այժմ որոշ մարդկանց մոտ, ինչի համար ցավում և ողբում ենք։ Ով էլ որ լինի խոստովանողը, այնուհանդերձ, նա Սողոմոնից ավելի բարձր, ավելի լավը և աստվածահաճո չէ։ Իսկ Սողոմոնը մինչ քայլում էր Տիրոջ շավիղներով, ուներ և Աստծուց ստացված շնորհը, իսկ հետո, երբ թողեց Տիրոջ ուղին, կորցրեց և Տիրոջ շնորհը, ինչպես գրված է. «Եվ Տերը մի թշնամի հարուցեց Սողոմոնի դեմ» (Գ Թագ. ԺԱ 14)։ Այդ պատճառով է Սուրբ Գրքում ասվում. «Պահի՛ր ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք չառնի քո պսակը» (Հայտն. Գ 11)։ Տերը չէր սպառնա արդարության պսակից զրկելու հնարավորությամբ, եթե արդարության կորստին չհետևեր անհրաժեշտության դեպքում և պսակի կորուստը։ Խոստովանությունն ընդամենը փառքի մատույց է, և ոչ թե պսակին հասնելը. այն չի ավարտում սխրանքը, այլ միայն սկզբնավորում է արժանապատվությունը։ Սուրբ Գրքում ասվում է. «Իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մատթ. Ժ 22). հետևաբար, այն, ինչը նախընթաց է վախճանին, լոկ աստիճան է, որով բարձրանում են փրկության գագաթը, և ոչ թե բուն գագաթին հասնելու վերջնակետը։ Նա խոստովանող է, սակայն խոստովանությունից հետո նրան մեծ վտանգ է սպասվում, որովհետև թշնամին առավել է գրգռվում։ Նա խոստովանող է, այդ իսկ պատճառով Տիրոջ Ավետարանից ավելի ամուր պետք է կառչի, քանզի Ավետարանի միջոցով է Աստծուց փառք ձեռք բերել։ Տերն ասում է. «Նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի, և ում շատ է վստահված, նրանից ավելին կպահանջեն» (Ղուկ. ԺԲ 48)։ Թո՛ղ խոստովանողների օրինակով ոչ ոք կորստյան չմատնվի։ Թո՛ղ խոստովանողի վարմունքից ոչ մեկը կեղծիք, հպարտություն, հավատուրացություն չսովորի։ Նա խոստովանող է, ուստի թող խոնարհ և հանդարտ լինի՝ իր արարքները համապատասխանեցնելով բարեպատշաճությանը. թող լինի համեստ և Քրիստոսի խոստովանող կոչվելով՝ թող օրինակ առնի Քրիստոսին, Ում խոստովանում է։ Քրիստոս ասում է. «Ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի. և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա» (Մատթ. ԻԳ 12). և Ինքն էլ բարձրացվեց Հոր կողմից այն պատճառով, որ լինելով Հայր Աստծո Բանը, Զորությունն ու Իմաստությունը՝ խոնարհեցրեց Ինքն Իրեն մինչև երկիր (Փիլ. Բ 8-9)։ Նա, Ով մեզ Իր օրենքի մեջ հնազանդություն պատվիրեց, և Ինքն էլ ի գնահատանք հեզության՝ Հորից ստացավ փառավոր անունը, ինչպե՞ս կարող է սիրել ամբարտավանությունը։ Նա Քրիստոսի խոստովանողն է, սակայն միայն այն դեպքում, երբ նրա պատճառով հետագայում չի հայհոյվում Քրիստոսի մեծությունն ու արժանապատվությունը։ Քրիստոսադավան լեզուն չպետք է չարախոս ու ամբարիշտ լինի, չպետք է չարաբանի և հայհոյի, փառաբանական խոսքերից հետո օձի թույն թափի եղբայրների ու Աստծո քահանաների վրա։ Իսկ եթե հետագայում խոստովանողն անպատիվ և անբարոյական դառնա, իր խոստովանությունը փառազրկի իր վարքով, իր կյանքը պղծի ամոթալի արարքներով, եթե, վերջապես, թողնելով Եկեղեցին, ուր դարձավ խոստովանող, և դրժելով միության դաշինքը՝ նախկին հավատը փոխի հետագա հավատուրացությամբ, ապա այդպիսինը խոստովանության շնորհիվ չի կարող գայթակղվել նրանով, թե իբր ընտրվել է փառավոր պարգևի համար. ընդհակառակը՝ հենց դրա համար էլ նա առավել մեծ պատիժ է վաստակում։ Տերը Հուդային ևս ընտրեց առաքյալների շարքում, սակայն Հուդան հետագայում մատնեց Տիրոջը։ Ի դեպ, ինչպես առաքյալների հավատն ու ամրությունը չսասանվեցին իրենց ընկերակցությունից մատնիչ Հուդայի հեռանալու պատճառով, այդպես էլ խոստովանողների արժանապատվությունն ու սրբությունը չեն նվազում, երբ իրենցից ոմանք հավատուրաց են դառնում։ Իր թղթի մեջ երանելի առաքյալն ասում է. «Իսկ արդ, եթե ոմանք հավատարիմ չգտնվեցին, միթե նրանց անհավատությունը Աստծու հավատարմությունը խափանե՞ց։ Քա՛վ լիցի։ Արդ, թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ» (Հռոմ. Գ 3-4)։ Խոստովանողների մեծագույն և լավագույն մասը ամուր է Տիրոջ հավատքի, օրենքի ու բարեպատշաճության ճշմարտության մեջ։ Եկեղեցու խաղաղությունից չեն հրաժարվում նրանք, ովքեր հիշում են, որ Աստծո բարեհաճությամբ Եկեղեցում ստացան շնորհը։ Եվ նրանք իրենց հավատի համար առավել գնահատանքի են արժանի, քանզի հեռանալով հավատուրացներից, որոնց հետ կապված էին խոստովանության առնչությամբ, խուսափեցին մեղսալի վարակից։ Ավետարանի ճշնարիտ լույսով լուսավորված, Տիրոջ ջինջ ու պարզ փայլմամբ պայծառացած՝ նրանք հաղթող են սատանայի հետ պայքարում և նույնքան գովելի՝ Քրիստոսի խաղաղությունը պահպանելու համար։
Ես կամենում եմ, սիրեցյա՛լ եղբայրներ, խրատում և համոզում, որպեսզի եղբայրներից ոչ մեկը, եթե հնարավոր է, կորստյան չմատնվի, և մայրն էլ ուրախանալով իր գիրկն առնի մեկ մարմին՝ կազմված մեկ միասնական ժողովրդից։ Իսկ եթե փրկարար խորհուրդը չի կարող փրկության ուղի վերադարձնել հերձվածի որոշ առաջնորդներին ու խռովության մեղավորներին, որոնք կուրորեն և համառորեն գտնվում են անմտության մեջ, ապա ծայրահեղ դեպքում դուք՝ պարզամտությամբ կամ խաբեությամբ հրապուրվածներդ և կամ էլ որևէ հնարամիտ խորամանկությամբ գայթակղվածներդ, քանդեցե՛ք դավադիր ցանցերը, ազատեցե՛ք մոլորության մեջ երերացող ձեր ոտքերը, ճանաչեցե՛ք երկնային ճանապարհի արդար ուղին։ Առաքյալն ասում է. «Պատվիրում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ դուք հեռու մնաք ամեն մի եղբորից, որ ծույլ կյանքով է ապրում և ոչ ըստ այն օրինակի, որն ընդունեցիք մեզանից» (Բ Թես. Գ 6)։ Իսկ մեկ այլ տեղում ասում է. «Սնոտի խոսքերով թող ոչ ոք ձեզ չխաբի, որովհետև դրա համար է, որ գալիս է Աստծու բարկությունը անհնազանդ մարդկանց վրա։ Ուրեմն՝ նրանց մասնակից մի՛ եղեք» (Եփես. Ե 6-7)։ Ուստի միտումնավոր մեղանչողներից հարկ է հեռանալ, նույնիսկ անհրաժեշտ է փախչել նրանցից, որպեսզի չլինի թե մեկնումեկդ, միանալով անվայել ընթացողներին և նրանց հետ մոլորության ու ախտացյալ արահետներով քայլելիս՝ շեղվի ճշմարիտ ճանապարհից և ինքն էլ դառնա հանցավոր՝ նույն մեղքում։
Աստված մեկ է, և մեկ է Քրիստոս, մի է Իր Եկեղեցին ու հավատը և մի է ժողովուրդը՝ հաշտության ուխտով միավորված մեկ մարմնի մեջ։ Միությունը չպետք է մասնատվի, այդպես և չպետք է մասնատվի մեկ մարմինը՝ կապերը խզելով. չպետք է բաժանվի մասերի՝ ներքին գջլումի պատճառով. այն ամենը, ինչն օտարվել է կենսական ակունքից և կորցրել փրկչական էությունը, չի կարող ապրել ու շնչել առանձին կյանքով։ Սուրբ Հոգին մեզ խրատելով ասում է. «Ո՞վ է մարդն այն, որ սիրում է կյանքը, և ուզում է իր օրերը բարության մեջ տեսնել։ Լեզուդ պահի՛ր չարությունից, և շրթներդ թող նենգություն չխոսեն։ Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր, խաղաղություն փնտրի՛ր և դրա՛ն հետևիր» (Սաղմ. ԼԳ 13-15)։ Խաղաղության որդին պետք է խաղաղություն ցանկանա և փնտրի. սիրո միությունը գիտակցողն ու սիրողը պետք է չար հակառակությունից զերծ պահի իր լեզուն։ Տերը, մոտենալով արդեն չարչարանքներն, ի թիվս այլ խրատների ու փրկչական ներշնչումների, նաև հետևյալն է ուսուցանում. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհ. ԺԴ 27)։ Ահա ինչպիսի ժառանգություն է թողել մեզ Քրիստոս։ Խաղաղության պահպանման մեջ է Նա ամփոփել Իր խոստումների բոլոր պարգևներն ու ընծաները։ Հետևաբար, եթե մենք Քրիստոսի ժառանգներն ենք, ապա պետք է Քրիստոսի խաղաղության մեջ մնանք. եթե մենք Աստծո որդիներ ենք, ապա պետք է խաղաղարարներ լինենք. «Երանի՜ խաղաղարարներին,- ասում է Նա,- որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. Ե 9)։ Աստծո որդիները պետք է լինեն խաղաղարար, սրտով խոնարհ, խոսքի մեջ պարզ, փոխադարձ բարեհաճության մեջ՝ միակամ, իրար մերձեցված համախոհության ճշմարիտ միությամբ։ Նման միասրտություն եղել է առաքյալների օրոք. առաջին քրիստոնյաները, պահելով Տիրոջ խրատները, պահում էին և փոխադարձ սերը։ Դա է հաստատում Սուրբ Գիրքը. «Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր» (Գործք Դ 32)։ Այլ տեղ ասվում է. «Սրանք բոլորը միասիրտ, հարատևորեն աղոթքի մեջ էին կանանց և Հիսուսի մոր՝ Մարիամի ու նրա եղբայրների հետ» (Գործք Ա 14)։ Այդ իսկ պատճառով և իրենց աղոթքն էլ ազդու էր, քանզի նրանք հույս ունեին, թե ինչ էլ խնդրելու լինեն ողորմած Տիրոջից, կստանան։
Իսկ մեզ մոտ տկարացել է և՛ միակամությունը, և՛ նվազել առատաձեռնությունը՝ ողորմելիս։ Այն ժամանակ վաճառում էին տներն ու գյուղերը և երկնքում իրենց համար գանձեր դիզելով՝ ստացված գումարը տալիս էին առաքյալներին՝ աղքատներին բաշխելու համար։ Իսկ մենք նույնիսկ մեկ տասներորդը չենք հատկացնում մեր վաստակածի, և երբ Տերը պատվիրում է վաճառել դրանք, մենք հակառակը՝ ավելի ենք գնում ու բազմապատկում։ Այդպես, մեզ մոտ նվազել է հավատի զորությունը։ Այդպես, տկարացել է հավատացյալների ամրությունը։ Այդ պատճառով էլ Տերը, կանխատեսելով մեր ժամանակները, Իր Ավետարանում ասում. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. ԺԸ 8)։ Տեսնում ենք, որ Իր կանխասությունը կատարվում է։ Մենք ոչ մի հավատ էլ չունենք ո՛չ Աստծո երկյուղի, ո՛չ ճշմարտության օրենքի, ո՛չ սիրո և ո՛չ էլ գործի մեջ։ Ոչ ոք վասն ապագայի երկուղով չի խորհում Տիրոջ օրվա և Աստծո բարկության մասին, ոչ ոք չի մտածում անհավատների՝ գալիք պատիժների ու հավատուրացների համար նախատեսված հավիտենական չարչարանքների մասին։ Մեր խիղճը կսարսափեր, եթե հավատար. բայց քանի որ չի հավատում, չի էլ երկյուղում։ Եթե հավատար, ապա կզգուշանար, և զգուշանալով կխուսափեր վտանգից։
Արդ, սթափվե՛նք, սիրեցյա՛լ եղբայրներ, որքան կարող ենք և թոթափելով նախկին ծուլության նիրհը` արթուն լինենք Տիրոջ պատվիրանները պահելու մեջ։ Լինե՛նք այնպիսին, ինչպիսին Տերն Ինքն է մեզ պատվիրել ՝ ասելով. «Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն, և ճրագներդ՝ վառված։ Եվ դուք նմանվեցե՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թե ե՛րբ կվերադառնա հարսանիքից, որպեսզի, երբ գա և բախի դուռը, իսկույն բաց անեն։ Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա» (Ղուկ. ԺԲ 35-37)։
Այդպես, պարտ է մեզ գոտեպնդվել, որպեսզի արձակման օրը մեզ շփոթահար ու անպատրաստ չգտնի։ Թող բարի գործերով շողշողա և փայլատակի մեր լույսը, որը կառաջնորդեր մեզ այս դարի խավարից դեպի հավիտենական փառքի լույսը։ Մշտական խնամքով ու զգուշավորությամբ սպասե՛նք Տիրոջ հանկարծակի գալստյանը, որպեսզի, երբ Նա բախի, արթուն լինի մեր հավատը՝ արթնության համար Աստծուց պարգև ստանալու հույսով։ Եթե պահպանենք այս թելադրանքները, պահենք այս խրատներն ու պատվիրանները, ապա երբևէ հանկարծակի անակնկալի չենք գա՝ ննջած սատանայական գայթակղությամբ, այլ որպես արթուն ծառաներ` կթագավորենք Քրիստոս Արքայի հետ։ [Ամեն]:
Աղբյուր՝ Եկեղեցական Հայրեր
Հետևեք մեզ նաև Telegram-ում