Գյումրու քաղաքապետարանը կաջակցի Իսահակյանի և Շիրազի անտիպ գրքերի տպագրությանը
Նմանատիպ
ԳՅՈՒՄՐԻ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միության 85-ամյակին նվիրված տոնական տարվա շրջանակներում շարունակվում են միջոցառումները միության մարզային բաժանմունքներում: Նոյեմբերի 14-ին, մինչ մարզի գրողների ու ընթերցողների հետ հանդիպումը, Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին և գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Քաղաքապետը կարևորեց գրողների միության աշխատանքը, խոսեց Ավետիք Իսահակյանի Երկերի լիակատար ժողովածուի 6-րդ հատորի մասին, որի շնորհանդեսը տեղի է ունեցել օրեր առաջ՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում և որի տպագրությունն իրականացվել էր քաղաքապետարանի աջակցությամբ:
«2020 թվականի բյուջեում կներառենք Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեական»-ի տպագրությունը, քանի որ ինձ տեղեկացրել են, որ շատ հատվածներ պոեմից մինչ այս անտիպ են: Պատրաստ ենք աջակցել նաև Շիրազի այլ հատորի տպագրությանը, իսկ 2021 կրկին կանդրադառնանք Իսահակյանին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոստացավ Գյումրու քաղաքապետը:
Համագործակցության համար Էդվարդ Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին, ապա խոսեց Գյումրու մշակութային ու գրական կյանքի մասին: Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Գյումրին միշտ եղել է արվեստի, գրականության, փիլիսոփաների կենտրոն: «Գյումրին միշտ էլ եղել է գրականության կենտրոն։ Քաղաքի հոգևոր զարգացումը տեսնում ենք շարունակության մեջ, և այստեղ իրենց դերն ունեն գրողներն ու միության Գյումրու բաժանմունքը, որը շատ լավ գործ է անում: Շնորհակալ ենք նաև քաղաքապետարանին՝ նրանց գործունեությանը աջակցելու համար»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը:
Գյումրու քաղաքապետը վստահեցրեց, որ ինչպես անցած տարիներին, այսուհետ ևս քաղաքապետարանը կլինի գրողների միության կողքին: Գյումրու քաղաքապետը Էդվարդ Միլիտոնյանին հանձնեց շնորհակալագիր՝ մաղթելով ստեղծագործական կանաչ երթ ու համագործակցություն:
Արմենուհի Մխոյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում