«Արամ Խաչատրյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի և համաշխարհային մշակութային կյանքում»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am: Բեռլինում բնակվող չին ջութակահար ՆԻՆԳ ՖԵՆԳԸ մեծ ճանաչում ունի աշխարհում։ Ելույթներ է ունենում հեղինակավոր նվագախմբերի հետ, նաև՝ որպես կամերային երաժիշտ։ Լոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայում ուսանած Նինգ Ֆենգը այն միակ ուսանողն էր, որն ստացել է 100-տոկոսանոց բալեր ավարտական քննության ընթացքում։
Հանովերի, Եղիսաբեթ թագուհու անվան, Պագանինիի անվան և բազմաթիվ այլ միջազգային մրցույթների դափնեկիր է Նինգ Ֆենգը։ Ջութակ նվագում է 4 տարեկանից։ Նա Հայաստան էր ժամանել «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին մասնակցելու, որի ընթացքում ներկայացրեց իր հայրենակից, չին հայտնի կոմպոզիտոր Ցիգան Չենի «Տառապանքի հաճույքը» ջութակի կոնցերտը։ Նինգ Ֆենգը նվագում է 1721 թվականին Ստրադիվարիուսի պատրաստած ջութակով։
Նինգ Ֆենգը, սիրով պատասխանելով «Իրատեսի» հարցերին, նշեց, որ ջութակն ու երաժշտությամբ զբաղվելն իր ծնողների ընտրությունն էին։ Թեև նրանք երաժիշտներ չէին, սակայն երաժշտության մեծ երկրպագուներ էին և իրենց որդուն փոքր հասակից հնարավորություն են տվել շփվելու երաժշտության գեղեցիկ աշխարհի հետ։
Նինգ Ֆենգը ծանոթ է հայկական երաժշտությանը, մի քանի անգամ կատարել է Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Ասում է, որ Խաչատրյանը մեծագույն երաժիշտ է։ «Երբ ես Ռումինիայում էի, նրանց ազգային դրամի վրա տեսա այդ ազգի մեծագույն կոմպոզիտորներից մեկի դիմանկարը։ Կարծում եմ, որ Հայաստանում էլ հայկական ազգային դրամի վրա պետք է լինի Խաչատրյանի նկարը։ Նա մեծ ներդրում է ունեցել և՛ Հայաստանի, և՛ համաշխարհային մշակութային կյանքում»,- ասում է երաժիշտն ու ցույց տալիս ռումինական դրամը՝ ռումինացի կոմպոզիտորի պատկերով։
Ըստ ջութակահարի՝ երաժշտությունը նման է ընթերցանության, սակայն, ի տարբերություն սովորական ընթերցանության, երաժշտությունը կարդում է երաժիշտը, այն վերարտադրում գործիքի միջոցով և պատկերները, հույզերը փոխանցում ունկնդիրներին։ Եվ որքան պրոֆեսիոնալ է երաժիշտը, այնքան ավելի պատկերավոր ու հուզիչ կարող է փոխանցել մեղեդին։ Նինգ Ֆենգը սիրում է ներկայացնել ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների գործեր։
Երաժշտությունը արվեստի այն ճյուղն է, որն ամենամեծ ազդեցությունն է ունենում մարդու հույզերի վրա։ Ի՞նչն է պատճառը։ Ջութակահարի փոխանցմամբ՝ թանգարանում կամ պատկերասրահում արվեստի ստեղծագործությունները դիտելիս մարդիկ կարող են քննարկել դրանք, իրենց ապրումներն ու պատկերացումները ներկայացնել, սակայն համերգասրահում լռություն է, և յուրաքանչյուր հնչյուն ստիպում է կենտրոնանալ, ներթափանցում է մարդու հոգու խորքերն ու թրթիռներ առաջացնում այնտեղ։ Համերգասրահը, մթնոլորտն էլ նպաստում են, որ այդ զգացումներն ավելի խիտ լինեն։
Նինգ Ֆենգը դժվարանում է ասել, թե ով է իր ամենասիրած կոմպոզիտորը։ Նրանք շատ են, յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի երաժշտական աշխարհում, սակայն ջութակի համար գրված ստեղծագործություններից իր համար ամենահոգեհարազատը Բեթհովենի Ջութակի կոնցերտն է։
Խոսելով «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասին՝ չին ջութակահարը նկատում է, որ այն բացառիկ երևույթ է։ Աշխարհում առաջին անգամ է կայանում փառատոն, որը մի վայրում համախմբում է այսօր ստեղծագործող աշխարհի ամենահայտնի կոմպոզիտորներին։ Սա մի հարթակ է, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես է զարգանում ժամանակակից դասական երաժշտությունը։
Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում