Հանրահայտ և անհայտ Նիկողայոսը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am: «Վերջերս տարբեր գովազդերում ու հաղորդումներում հաճախ է լսվում, որ խելահեղները ճանապարհ են հարթում, իսկ խելամիտները գնում են նրանց հետևից։
Հանճարեղ ասույթ է»
Կարեն ՍՄԲԱՏՅԱՆ
«Պատառիկներ օրագրից»
ԲՈՑԿԼՏՈՒՆ ԱՉՔԸ ԵՐԿՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
2018-ի մարտին Մոսկվայի գլխավոր կերպարվեստային միջոցառումը հռչակավոր Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված հոբելյանական ցուցահանդեսն էր։ Հոբելյանական և անհավանական։ Ցուցահանդեսում հյուրերին դիմավորում, իր աշխարհն էր ներկայացնում հեղինակը, որի 100-ամյակը լրանալու էր նույն տարվա դեկտեմբերի 2-ին։ Կարծես աշխարհում նման բան չէր եղել։ Մեկդարյա հեղինակը տամուկ հայացքով սպասում էր հայրենիքից ժամանող պատվիրակությանը։ Պատկերասրահ ժամանեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի և Մոսկվայի արվեստասեր հանրության ընտրախավը, պետական բարձրաստիճան այրեր ու տիկնայք։ Երկու ամիս շարունակ ցուցահանդեսը հեղեղված էր այցելուներով։ Հայաստանից այցի չեկան ո՛չ երկրի նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ մշակույթի նախարարը։ (Երկիրը ակամա մեջքով շրջվեց դեպի իր նշանավոր զավակը)։ Երկիրը, նույնն է թե 3-րդ հանրապետությունը, ի դեմս իր իշխանակառավարական վերնախավի, անսքող արհամարհեց իր այն զավակին, որի փայլուն ստեղծագործությունները գեղարվեստական նոր որակ պարգևեցին երկու հանճարի՝ Մարտիրոս Սարյանի և Երվանդ Քոչարի երկրին և նրա մայրաքաղաքին)։ Բոցկլտուն աչքը երկու ամիս շարունակ երկրի ճանապարհին պահեց Նիկողայոս (Նիկոլայ) Նիկողոսյանը։ Ներկայացնենք նրա կյանքից անհայտ դրվագներ, ինչ-որ չափով քավելով երկրի մեղքը, մեր մեղքը։ Դրվագումներ կատարելիս օգտվել եմ ճանաչված արվեստաբան Մարտին Միքայելյանի «Գույն, նշան, գիր» աննախադեպ գրքից։
ԽԵՆԹԸ՝ «ԽՈՏԱՆԱՐԱՐ» ԵՎ «ՓՐԿԻՉ»
Խենթ Կոլյա. այս պատվանունով նրան գիտեին մտերիմները, գործընկերները և արվեստասերների ոչ լայն շրջանակը։ Նրա խենթությունը երբեմն հասնում էր խելահեղության։ Հեղինակավոր մի հավաքում տիար Նիկողայոսը (հավաքը կայացել էր Մոսկվայի հեղինակավոր դահլիճներից մեկում) դիմում է ներկաներին ահա նման դաժան ապտակ-ինքնաապտակով. «Մենք բոլորս խոտանարարներ ենք, և դա սարսափելի է»։ Դահլիճը լուռ էր, դահլիճում հավաքված արվեստի մարդիկ լսում էին նրան, որպես նորօրյա ահեղ դատաստանի մունետիկի։ Նրան լսում և լքում էին դահլիճն ու ցուցասրահները, նաև Նիկողայոսի հայկական հյուրընկալությամբ սրտաբաց արվեստանոցը, գուցե մի քիչ կարկամած, միգուցե հոգու խորքում վիրավորված, սակայն անպատճառ դահլիճ, ցուցասրահ և արվեստանոց վերադառնալու անհագ ցանկությամբ, չէ՞ որ հայտնի ու անհայտ գաղափարական կաղապարների երդվյալ թշնամին նախ տաղանդավոր արձանագործ էր, նկարիչ էր ի ծնե։
Նիկողայոս Նիկողոսյանի արվեստը համերաշխ է իր անձին, որքան հանրահայտ է, նույնքան էլ անհայտ, անծանոթ է։ Սակայն վարպետի արվեստին դեռ կանդրադառնանք, հիմա շարունակեմ նրա խենթությունների հուշագրումը։ Մեծ հայրենականը նա դիմավորեց Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում։ Եվ հեռացվեց շատ շատերի երազանք այդ նշանավոր հաստատությունից, քանի որ, ոչ առանց հիմնավոր պատճառի, ապտակել էր համակուրսեցուն, վերջինս էլ բողոքել էր ակադեմիայի ղեկավարությանը։ (Հայտնի է, որ անգամ հասուն տարիքում տիար Նիկողայոսը չէր հանդուրժում սուտն ու սանձարձակությունը։ Բայց արդեն չէր ապտակում, բավարարվում էր դատափետմամբ)։
Նա վերադառնում է հայրենիք, ստեղծագործում զոր ու գիշեր, հղկում վարպետությունը և 1944-ին մասնակցում մոսկովյան մի հեղինակավոր ցուցահանդեսի՝ ներկայացնելով դիմաքանդակներ, որոնք ի թիվս այլոց արժանանում են հռչակավոր Ալեքսանդր Մատվեևի հիացմունքին։ Հիացմունքը բարեբախտաբար գործնական շարունակություն է ունենում. Նիկողայոսը բացառության կարգով ընդունվում է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտի 5-րդ կուրս, Ալեքսանդր Մատվեևի արվեստանոց։ (Ալեքսանդր Մատվեևը (1878-1960 թթ.) 1906-07-ին ապրել և արարել է Փարիզում։ Նրա գեղարվեստական մտածողության կարմիր թելը մարդկային մերկ մարմինն էր։ Միաժամանակ չի խորշել և քանդակել է հեղափոխության հերոսների արձանները, ճանաչված էր որպես հիանալի մանկավարժ։ Ըստ գիտակ մարդկանց կարծիքի՝ տիար Մատվեևը էապես առաջ է մղել խորհրդային քանդակագործությունը։
Նիկողայոս Նիկողոսյանը, այդ զարմանալի խենթը, շնորհաշատ ազնվական էր։ Եվ ահա նրա զարմանալի մեկնարկը կերպարվեստում. ընդունվում է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա, ապտակում է անդուր մեկին, հեռացվում է, վերընդունվում է արդեն Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ… Այսպիսով ուսանում է 3 տարի։ (Նա ակամա համընթաց էր քայլում խորհրդային նշանավոր կարգախոսին՝ «Հնգամյակը երեք տարում»)։ Նիկողոսյանի քաղաքացիական սխրանքը արտացոլված է «Գույն, նշան, գիր» գրքում։ «1948-ին սոցռեալիզմի գեներալներ Վուչետիչը, Ազգուրը, Ա. Գերասիմովը, Տոմսկին, Մանիզերը հարձակվեցին խորհրդային տաղանդավոր քանդակագործ Ալեքսանդր Մատվեևի՝ Նիկողոսյանի ուսուցչի վրա։ «Իզվեստիան»՝ իբրև գերագույն դատավոր, ուղղակիորեն խառնվեց քանդակի նեղ մասնագիտական խնդիրներին և ծաղրեց Մատվեևի մանկավարժական մեթոդը. «Ի՞նչ է նշանակում ծավալային-պլաստիկական տեսողականություն»։ Ընթերցողները մեծ մասամբ հարցնողի կողմնակիցներն էին, որովհետև չէին կարողանում ըմբռնել համատեքստից դուրս մղված անհասկանալի արտահայտությունը։ Սակայն կային մարդիկ, որոնց մեջ էր Նիկողոսյանը, որոնք զգում էին պահի անհեթեթությունը, երբ արդարությունն ի տես բոլորի գանակոծվում էր։ Սարյանը, Կոնչալովսկին, Էրենբուրգը, Վիկտոր Շկլովսկին նամակ հղեցին Մոլոտովին, ուր ասվում էր. «Մեծ արվեստագետի արհեստական մեկուսացումը թուլացնում է խորհրդային արվեստի նշանակությունը»։ Սակայն մեծ արվեստագետները չկարողացան օգնել իրենց բարեկամին, որովհետև այն ժամանակ Վուչետիչը և նրա նմանները դեռևս ազդեցություն ունեին «միջնաբերդի» վրա։ Եթե նշանավոր մարդիկ անզոր եղան վերականգնելու Մատվեևի դասախոսական աշխատանքը (նրան հեռացրել էին ինստիտուտից), ի՞նչ կարող էր անել երիտասարդ Նիկողոսյանը։ Սակայն պարզվում է, որ այդ չափազանց շարժուն տղան, երբ 1945-ին վերապատրաստվում էր Մոսկվայի հայկական մշակույթի տանը, ամենևին իրեն անօգնական չէր զգում։ Նա օգնեց, որ Մատվեևը վերջապես ստանա մեկուսացված բնակարան։ Ինչպե՞ս կարողացավ դա անել։
Նա իր ուսուցչին օգնել էր ԽՍՀՄ արտաքին գործերի փոխնախարար Իվան Մայսկու միջոցով։ Այս անունը, սակայն, դեռևս մեզ ոչինչ չի ասում։ Պետական այդ պաշտոնյան չափազանց զարգացած անհատականություն էր, քսան տարի եղել էր ԽՍՀՄ դեսպանը Անգլիայում, Լոնդոնում այցելել էր հռչակավոր Էփսթայնի արվեստանոցը։ Անգլիացի քանդակավործը ստեղծել էր խորհրդային դեսպանի դիմաքանդակը։ Նիկողոսյանն իր ազատության և անմիջականության շնորհիվ դիվանագետի հետ ծանոթացել էր առանց որևէ միջնորդի, ուղղակի մոսկովյան ցուցահանդեսներից մեկում։ Հետո քանդակագործն ստեղծեց Մայսկու դիմաքանդակը, և նրանք մտերմացան»։
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾ
Մի առիթով Նիկողոսյանը խոստովանանքի նման ասել է. «Թե որքանո՞վ եմ իմ քանդակներով կապված Հայաստանի էությանը, թող որոշեն ժամանակն ու մարդիկ։ Ինքս այդ մասին լռում եմ…»։
Ժամանակը որոշել է։ Մարդիկ դեռ որոշելու են երկար ժամանակ։ Նրա ստեղծագործությունները նշագրված են ոճի ու լեզվամտածողության ինքնատիպությամբ և արձանագործական սիմֆոնիկ նվագախմբում ոչ երկրորդական դերակատարմամբ։ Իսկ կերպարվեստային նվագախումբը վառ անհատականություններից էր կազմված, ուր Քոչարն էր և Մերկուրովը, Ղուկաս Չուբարյանն էր և Արտաշես Հովսեփյանը… Հանրահայտ են նրա Միքայել Նալբանդյանի (1965-ին տեղադրվել է մայրաքաղաքում) և Ավետիք Իսահակյանի (Գյումրի, 1975 թ.) հուշարձանները։ Եղիշե Չարենցին նվիրված հուշարձանը, ըստ իս, գլուխգործոց է, բայց ոչ թե զուտ կատարողական վարպետության տեսանկյունից. այն Չարենց բանաստեղծի ու Չարենց մարդու և նրա ապրած ժամանակի աղաղակող հակադրությունն է և անվիճելի, ամփոփ համադրությունը։ Հուշարձանը բրոնզե ձուլվածքում ներկայացնում է և՛ «Գիրք ճանապարհին»-ը, և՛ «Մահվան տեսիլը»։ Համարձակվում եմ եզրակացնել, որ Նիկողայոս Նիկողոսյանը աշխարհընկալման և աշխարհի արատների հախուռն մերժման իմաստով Չարենցի հետնորդն էր կերպարվեստում։ (Նա տեսե՞լ է բանաստեղծին, տարվա՞ծ էր նրա պոեզիայով, ինձ անհայտ է, բայց որ նա բաց նյարդով, միաժամանակ Արարատյան դաշտում հնչող մեղեդիների նվագակցությամբ էր զգում Չարենցին, որը և՛ դանթեական խորության ողբերգակն էր, և՛ պայծառ գալիքի գանգրահեր տղան։ Անշուշտ, արժե, որ այս հուշարձանը հատուկ քննության նյութ դառնա ժամանակակից արվեստաբանների համար)։ Չարենցի հուշարձանին մոտենալիս ինքս հաճախ տեսնում եմ Նիկողայոս Նիկողոսյանի տեսլապատկերը։ Նա լուռ է։
Վահան Տերյանի արձանը հեռու է Երևանի կենտրոնից, տեղադրված է Հարավ-Արևմտյան զանգվածի փարթամ զբոսայգիներից մեկում։ Այն վարպետի նվերն էր իր երկրի մայրաքաղաքին։ Չկասկածեք, որ հաստատ արժե այն տեսնելու, զմայլվելու կամ էլ գուցե տարակուսելու նպատակով հասնել «դեպքի վայր»։ Վահան Տերյանի արձանի մասին հպանցիկ խոսելն անտեղի է, հարկավոր է լուրջ, ճանաչողական քննարկում կազմակերպել թեկուզ այս ձևաչափով. «Այց անծանոթ Տերյանին»։ Այցելել է պետք նրան արվեստաբանների և տերյանագետների ուղեկցությամբ և միջոցառումը, ինչու չէ, ուղիղ հեռարձակմամբ մատուցել հայ հանրությանն ու համայն հայությանը։ Առաջարկս որևէ ենթատեքստ չունի, այն ուղղակի մեր մշակութասպան օրերում կլուսաբանի Տերյան-պոետին իր բազմանիստ և չքնաղալեզու վերընթացներով և ոլորէջքներով։ (Մի՞թե Տերյանը միայն թախծի և կարոտի բանաստեղծ էր, նա, այո՛, Չարենցի պես հայկականորեն ողբերգական երևույթ էր, սակայն չէ՞ որ հենց Տերյանն էր, որը երկրի համար բարդագույն և սնանկ գաղափարների հոսքում բազմափեղկված հայկական աշխարհի հերթական վերազարթոնքի շեփորը հնչեցրեց և հրապարակ հանեց «Հոգևոր Հայաստանի» տեսիլք-պատկերը)։
ԱՆՀԱՅՏ ԿՏԱԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ ԴԵՊԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Անկեղծ ասած, անտեղյակ եմ՝ արդյո՞ք Նիկողայոս Նիկողոսյանը կտակ է թողել։ Խոսքս չի առնչվում նրա գույքային ժառանգությանը։ Խնդիրն առնչվում է վարպետի ստեղծագործական ժառանգությանը։ Հայտնի է բանավոր զրույցներից, որ նա ի խորոց սրտի կամենում էր իր բազմաքանակ և անզուգական աշխատանքների մի մասը նվիրաբերել հայրենիքին։ Եվ եթե հաստատվի, որ վարպետը կամենում էր իր արվեստի մի մասը նվիրաբերել երկրին, ապա լուծումը մեկն է՝ ՀՀ կառավարության միջոցներով Նիկողոսյանի ժառանգությունը հասցնել Երևան։ Մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել նրա թանգարանը։ Եվ քավել երկրի մեղքը։ Մեր մեղքը։
Նա՝ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկողայոս Նիկողոսյանը, խելահեղորեն հարթեց իր ճանապարհը՝ Ռուսիո մայրաքաղաքում վաղուց արժանանալով եզակի փառքի։ Մենք, խելամիտներս, գուցե խելահասորեն արժանի՞ն մատուցենք նրա հիշատակին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում