Ինչո՞ւ չի էժանանում պանիրը

Գյուղատնտեսության նախարարությունը դեռ ապրիլի կեսերին բացատրելով պանրի շուկայում առկա դեֆիցիտն ու պանրի բարձր գները, հայտարարել էր, որ ապրիլի վերջ, մայիսի սկիզբ կաթի արտադրության ծավալների ավելանալուն պես խնդիրն արդեն լուծված կլինի, պանիրը կշատանա ու կէժանանա:

Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, եթե դեկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում ամսական արտադրվում է շուրջ 20 հազար տոննա կաթ, ապա մայիս-հուլիս ամիսներին կաթի արտադրության ամսական ծավալները հասնում են քան 70 հազար տոննայի:

«Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր և այլն), իսկ ցածր գնով և մեծ ծավալներով մթերված կաթից պատրաստում են պանիր: Ի դեպ, պանրի արտադրությունում մասնագիտացված ձեռնարկությունները («Չանախ» և այլն) ձմռան ամիսներին ընդհանրապես չեն գործում և գործունեություն են ծավալում ապրիլ-մայիս ամիսներից սկսած: Սրանով է պայմանավորված ներքին շուկայում հայրենական արտադրության պանրի ծավալների ժամանակավոր նվազումը»,-Panorama.am-ի փոխանցմանբ նման տվյալներ են ներկայացնում գյուղնախարարությունից»:

Գյուղնախարարությունից նաև նշել էին. ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ, պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազում’ 7-10%-ի սահմաններում:
Սակայն վիճակագրությունն այլ բան է փաստում, պանրի շուկայում գրանցված գնաճը շարունակվել է ինչպես մարտին, այնպես էլ ապրիլին ու մայիսին:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա մայիսին ապրիլի համեմատ «Չեդեր», «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների գներն աճել են համապատասխանաբար 1.1%, 2.0% և 3.6%-ով: Նույն ծառայության տվյալներով, 2013թ. ապրիլին 2012թ. ապրիլի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.9%, իսկ 2013թ. մարտի համեմատ’ 0.8% գնաճ: Վերջինս «Չեդեր», «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների’ համապատասխանաբար 2.4%, 3.4% և 3.8% գնաճի արդյունք է: Մարտին ևս պանրի շուկայում ծառայությունը գնաճ արձանագրել է: 2013թ. մարտին 2012թ. մարտի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.1%, իսկ 2013թ. փետրվարի համեմատ’ 0.7% գնաճ: Վերջինս յոգուրտի’ 1.7% և «Չեդեր», «Չանախ», «Լոռի» պանրատեսակների’ համապատասխանաբար 2.3%, 2.7%, 4.0% գնաճի արդյունք է:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի խոսքով, այս տարվա հունվարից պանրի շուկայում գերիշխողներ չկան: Նախկինում գերիշխող դիրք ունեցող «Աշտարակ կաթ» ընկերությունը այս տարվա սկզբից հրաժարվել է պանրի արտադրությունից:
«Գներին զուտ հետևելու համար, թեև ոչ մի լծակ չի ունեցել հանձնաժողովը, խոշոր սուպերմարկետներում հետևել ենք «Դուստր Մելանյա» ընկերության արտադրանքի գներին, որը շատ թե քիչ ծավալ է ապահովում: Այս պահին պանիր արտադրողները շատ են, մեր մոնիթորինգի մասնագետն ասաց, որ «Երևան սիթի»-ում ավելի քան 2 տասնյակից ավելի ընկերությունների արտադրանք է եղել»,-ասել է Գ. Սահակյանը:

«Դուստր Մելանյա»-ի արտադրանքի գների դիտարկման արդյունքում, հանձնաժողովի աշխատակիցները արձանագրել են, որ գնային տատանումներ եղել են 1980-2050 դրամի սահմանագծում:
«Հունվարին եղել է 1970 դրամ, հետո դարձել է 2000, հետո նորից իջել ‘ 1980: Նման տատանումներ են եղել, գուցե սեզոնայնությամբ պայմանավորված, ըստ էության ճիշտ չի լինի, ասել, որ այն թանկացրել է: Մյուս ընկերությունների արտադրանքի գներին հանձնաժողովը չի հետևում»,-ասել է Գ. Սահակյանը:

Որ կաթի արտադրության ծավալներն ավելացել են, դա փաստել են նաև տարբեր պաշտոնյաներ’ հիմնավորելու կաթի մթերման գնի իջեցումը: Սակայն կաթի ու պանրի արտադրության ծավալների աճին զուգահեռ մեծացել է արտահանվող պանրի ծավալը:

Սակայն կաթի ու պանրի արտադրության ծավալների աճին զուգահեռ մեծացել է արտահանվող պանրի ծավալը:
«Միայն մայիս ամսվա վերջին շաբաթում Հայաստանից 42 տոննա պանիր է արտահանվել»,-նման տվյալ Panorama.am-ի հետ զրույցում հրապարակել է Գյուղատնտեսության նախարարության ԳՆ Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:

ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, նախորդ տարվա ապրիլի ու մայիսի համեմատ այս տարվա ապրիլ-մայիսին պանրի արտահանման ծավալները բազմապատկվել են: Եթե 2012-ի ապրիլին արտահանվել է ընդհանուր առմամբ մոտ 16 տոննա պանիր, ապա այս տարվա ապրիլին արտահանվել է 42.4 տոննա պանիր: 2012-ի մայիսին արտահանվել է 22.6 տոննա պանիր, իսկ այս տարվա մայիսին’ 60.2 տոննա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում