«Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նոյեմբերի 29-ին կայանալու է ամերիկացի մեծ գրող Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հիման վրա ստեղծված բեմադրության առաջնախաղը: Բեմադրության և վարկածի հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: Ներկայացման համար երաժշտություն է գրել Գարի Քյոսայանը:
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ փայլուն գրական ստեղծագործություն է, հայկական բեմում երբևէ չի բեմադրվել, այսինքն իրականացնում են հայաստանյան պրեմիերա:
«Այս գործը մեր հասարակության շրջանում ավելի ճանաչված է ֆիլմի միջոցով, բայց վեպը բավական հարուստ և հետաքրքիր, խորքային, անհատի, անհատի ընդվզման, ազատության ձգտման մասին է, ինչը գեղարվեստական թանձր գույներով և շատ թատերային է ներկայացված»,- ասաց Վ.Մկրտչյանը:
«Սա մի մեծ ուղերձ է մեր հանդիսատեսին այն մասին, թե ինչպես մարդ արարածը, անհատն ընդվզում է հիվանդ իրականության դեմ և զոհելով ինքն իրեն՝ փորձում փրկել և ապրելու հույս ներշնչել բոլոր նրանց, ովքեր մոլորվել են կամ ինքնամփոփվել իրենց մեջ և փորձում են փախուստ գործել իրականությունից: Վստահ եմ՝ հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի այն կարևորն ու անհրաժեշտը, ինչ իրեն անհանգստացնում է, գուցե նաև այն հարցերի պատասխանները, թե ինչու ենք ապրում, որն է ապրելու նպատակը, ինչպես պետք է անի մարդը, որպեսզի ազատագրվի իր շուրջ տիրող քաոսից»,- ասում է Արմեն Էլբակյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում