Հովհան Մանդակունի. Աղքատներին մխիթարելու մասին
Նմանատիպ
Ո՞րն ասեմ, որի՞ մասին պատմեմ և ո՞րը թողնեմ ու արհամարհեմ։ Ինչը կարևոր չեմ համարում, այն է շարժում լեզուս` [խոսելու], և շատ բաներ է հավաքում խորհուրդներիս մեջ։ Բայց քանի որ կարևոր եմ տեսնում ճառիս միտքը, իմ կամքով և ես կխոսեմ և կպատմեմ [այն մասին], թե որքան են վհատվում տառապողները, չարչարվում չքավորները անօրեն հիմարությամբ, մինչև իսկ հույժ անմտության պատճառով Աստծուն են հայհոյում` Նրան ընչասեր հարուստների կողմնապահ անվանելով։ Ասում են. «Աստված մեծատուններին է սիրում և նրանց կողմնակիցն է, նրանց գործերն է հաջողեցնում, չի նայում տառապողների զրկանքներին, այլ արհամարհում ու անտեսում է նրանց»։ Այսպիսի անօրեն խոսքերով ուրանում են Աստծու ճշմարտությունն ու արդարությունը և այնպես են կարծել տալիս, թե Նա` Արդարագործը, անօրինության գործակից է։ Դրանով հայհոյություններ են առաքում բարձունքներ և Աստծու մասին անիրավ բաներ են խոսում։ Դրանով ուրանում են Աստծու ճշմարտությունն ու ընկղմվում են հերձվածողների անդունդը։ Ո՛չ հրեան և ո՛չ էլ հեթանոսը չեն կարող ուրանալ Աստծու արդարությունն ճշմարտությունը, որն ուրանում է հայհոյողը` ամբարշտանալով, և կորստյան մատնված հոգիների վրա արթնացնում է Աստծու սաստիկ բարկությունը։
Արդ, ինչո՞ւ ես անիրավ բաներ խոսում Աստծու մասին, ո՛վ չքավոր և աղքատացած. մի՞թե Աստված զրկեց քեզ Իրեն պատկանող որևէ բանից. մի՞թե հարուստներին ու աղքատներին, ինչպես եղբայրների, միապես չբաժանեց նույն աչքերը, նույն ոտքերն ու ձեռքերը. արեգակից, օդից, անձրևից բոլորս ենք վայելում, բոլորն են հողից ենք և Ադամից, բոլորի համար կա միայն մեկ մկրտություն, մեկ շնորհ, Քրիստոսի մեկ մարմին և արյուն, բոլորի համար կա մեկ երկինք, մեկ երկիր և մեկ բնություն։ Ահա սրանք են Աստծունը, որ շնորհեց բոլորին` աղքատներին ու հզորներին։ Արդ, ինչպե՞ս է, որ զրկեց քեզ և աչառու եղավ հարուստներին։ Գիտեմ, որ ասելիք չունես այս մասին, բայց հարցնում ես` որտեղի՞ց է սրա հարստությունը։ Հիշի՛ր, Աստված նրան չտարավ, բազում ինչքեր ցույց չտվեց և դրանք չտվեց նրան, իսկ քեզ զրկեց, այլ ոմանց հարստությունը ագահությամբ ու հափշտակությամբ է [ձեռք բերված], ոմանցը` անդուլ աշխատանքով, ոմանցը` հայրական ժառանգությամբ։
Իսկ ինչո՞ւ ես տրտմում դու` աղքատդ, որ անհոգության, հանդարտության ու խաղաղության մեջ ես, որ հեշտությամբ և քչով ես բավարարում մարմնիդ անհրաժեշտ կարիքները։ Մինչդեռ դժվարությամբ է պատրաստվում մեծատունների ճաշն ու ընթրիքը, իսկ նրանց վայելքները լի են բազում հոգսերով, մանավանդ երբ նրանց կերակուրը սպանությունների ու զրկանքների [գնով] է ձեռք բերված, խղճահարությունը մշտապես հալումաշ է անում նրանց, և իրենց որովայնի բազում աղբի պատճառով բազում մրրիկներ վախով են պատում նրանց մտքերը։ Նրանց բոլոր կողմերից սպառնում է խիստ ձմեռը. կասկածը` գողերից, վախը` ավազակներից, արհավիրքները` զրպարտողներից, տագնապը` հարկահաններից, թշնամանքը` նախանձողներից, չարախոսությունները` թշնամիներից, ամեն կողմից նենգություն ու անձկություն, քանզի բոլոր կողմերից վիշապների պես բացել են իրենց բերանները և կամենում են կուլ տալ նրանց։ Ահա հարուստների հոգսերն ու տրտմություններն ավելի շատ են, քան նրանց հանգիստն ու ուրախությունը։ Որտե՞ղ է հարուստների ուրախությունը, երբ մշտապես երկնքից անձրև են խնդրում, մտահոգվում են դառնաշունչ ձմեռվա, դաշտերի պահպանության, գազանաբեկ հոտերի համար, դողում են ավազակներից, տրտմում սատկած անասունների համար, հսկում են իրենց գանձերը և հալումաշ են լինում, երբ դրանք պակասում են, ցեցն անգամ տիրում է մեծատուններին և վախեցնում է նրանց։ Իսկ ի՞նչ ասեմ ահեղ Օրվա արհավիրքների և դառը տանջանքների համար ողբալու մասին, որ այստեղ իսկ սարսափում են պատվիրանների ահից, հանապազ սոսկում են, երբ մարգարեների ու առաքյալների ընթերցվածքները հանդիմանում ու կշտամբում են անողորմ ու ագահ հարուստներին։
Արդ, ո՞ւր է հարուստների ուրախությունը, և կամ ո՞ւր է նրանց մխիթարությունը, որ բաղձում ու ցանկանում ես դու` չքավորդ, և տրտմում քո հեշտ ու խաղաղ կյանքի համար, քեզ եղկելի թշվառական ես համարում և արհամարհում ես քո բազմապատիկ [ավելի] իմաստությունը։ Քանզի ո՛չ վախենում ես գողերից, ո՛չ երկյուղում ավազակներից, ո՛չ մտահոգվում ես դաշտերի խոտի և ո՛չ էլ լեռների արոտավայրերի համար, ո՛չ վախենում ես հովիվների խաբելուց և ո՛չ գազանների հափշտակելուց, ո՛չ սարսափում ես բռնակալների բռնությունից և ո՛չ էլ իշխանների հարկերից, ո՛չ քեզ նախանձում են նախանձոտները, և ո՛չ զրպարտում են զրպարտողները, ո՛չ մեկից չես վախենում և խռովվում. ո՛չ իշխանների ահը կարող է զարհուրեցնել աղքատին և ո՛չ տերերի բարկությունը, աղքատին ոչ ոք կողոպտել չի կարող, ոչ էլ խռովվեցնել ու սաստել։ Հարուստներն են խռովվում ու աղմկում, իսկ աղքատը ծաղրում է նրանց, ամբարտավան իշխանները զայրանում են հարուստների վրա, իսկ աղքատը նրանց ոչինչ է համարում, երկիրը լի է գողերով ու ավազակներով, աղքատները չեն վախենում նրանցից, հրապարակները լեցուն են զրպարտողներով ու բռնացողներով, աղքատին չի մտահոգում այդ, դատավորները գայլ ու գազան են դարձել, բայց աղքատներին չեն կարող լլկել. ոչինչ չունենալու պատճառով խաղաղ ու անհոգ է աղքատի կյանքը, ազատ ամեն բանից և անվախ բոլորից, չի նախանձում, վրեժխնդրություն չի փնտրում և հեռու է շատ ախտերից։ Կարիք չունի բազում շինությունների, ոչ էլ փականքների։ Աղքատի հիվանդության ժամանակ տրտմություն չկա, ոչ էլ խռովություն և աղմուկ կա նրա մահվան ժամանակ, անհոգ է աղքատի կյանքը, և անզբաղ է նրա հանգիստը։ Այս բոլոր ազատություններն ունի նա այս [աշխարհում]։
Իսկ ո՜ր բերանը կարող է պատմել այն մեծությունն ու փափկությունը, անանց բարիքների [այն] վայելչությունները, որ պատրաստված են այնտեղ` չքավորությանը համբերելու համար, որոնք շա՜տ ավելի ցանկալի ու փափագելի են, քան այս աշխարհի թագավորների բոլոր վայելչությունները։ Եթե միայն առանց տրտնջալու [մարդն] համբերի աղքատությանը, թեթև ու անհոգ անցնի այս աշխարհի կյանքի միջով, որ խնդրի միայն օրվա կերակուրը, որ մեծ ցանկությամբ ախորժելով ճաշակի արհամարհված [ուտելիքը]` իբրև քաղցրահամ, և ննջի անհոգաբար։ Մինչդեռ հագեցած հարուստներին անուշահամ [ուտելիքն] էլ է անհամ, անպիտան ու տաղտկալի թվում։ Նրանք խմում են թանկարժեք գինիներ, հարբում ու կորցնում են բանականությունը, իսկ աղքատը էժանագին ջրով է հագեցնում նույն ծարավը և շատ ավելի զգաստ ու առողջ է, քան [հարուստ] հարբեցողը։
Արդ, ինչո՞ւ ես քեզ խեղճ ու թշվառ համարում. աղքատի կյանքն ավելի անհոգ ու հեշտ, նրա կերակուրը շատ ավելի համեղ ու ախորժելի եմ տեսնում, քան հարուստներինը, որովհետև նրանք հեռու են բոլոր տեսակի նենգություններից, նրանց վայելքը զերծ է ագահների խռովությունից։ Մինչդեռ հարուստների վայելքներն անմաքուր են և անպարկեշտ, նրանց շվայտությունները լի են ամեն տեսակի պղծություններով, և հետո նրանց [հարստությունը] հավաքված է հափշտակությամբ ու զրկանքով, անօրինությամբ ու ագահությամբ։ Նրանց սեղանները նույնպես պատրաստված են շատերի քրտինքով. մեծ է նրանց վախը և սակավ է նրանց վայելքը. զանազան հոգսեր և քիչ հանգիստ, այն էլ` մեծ անվստահությամբ, իսկ քաղցող աղքատի կարիքները սակավ են, քունը` հանգիստ։ Անկողին մտնելիս, իբրև թշնամիներ ու պատերազմողներ, հարուստին շրջապատում են նրա խորհուրդները, նրան պաշարում են տան և ծառաների մասին մտահոգությունները, երկյուղը գողերից ու քսակահատներից, դրացիների և իշխանների նենգությունը, իր ունեցվածքն ավելացնելու և առավել հարստանալու մասին հոգսերը։ Ահա՛ թե որքան դառն է ագահ հարուստի մահիճը, ամենուրեք տրտմության վրա տրտմություն է ավելանում, որովհետև տրտմում է, երբ տեսնում է վնասն ու կորուստը իր տան մեջ, տրտմում է, երբ տեսնում է կորուստը իր հանդերում, տրտմում է` իր հոտերի մեջ կորուստ տեսնելով. ամեն կողմից ալիքների պես [նրա վրա] են խուժում մտահոգությունն ու տրտմությունը։ Իսկ ի՞նչ ասեմ կամ ի՞նչ պատմեմ այնտեղի տանջանքների ու գեհենի կրակի մասին, որ պատրաստված է ագահ ու անողորմ հարուստների համար։
Եվ արդ, դու, աղքատդ և չքավո՛րդ, ինչո՞ւ ես տրտմում ու տագնապում անընչությանդ նավահանգստի համար և խնդրում ես հարստության այդպիսի մրրիկներ ու ալեկոծություններ. մի՞թե մեծ բան չէ քեզ համար այն, որ անհոգ ես գիշերով, անհոգ ես ցերեկով, անհոգ ես տանը, անհոգ ես հրապարակում, չես վախենում ճանապարհին, չես վախենում օթևանում, չես վախենում ո՛չ բռնակալներից և ո՛չ քսակահատներից, մանավանդ երբ համբերությամբ ես տանում այս կարճ ժամանակի փորձություններն ու աղքատությունը։ Քանզի ինչքերն աղքատներին բաշխելը մեծ բան է, բայց շատ ավելի մեծ [բան] է խոնարհությամբ իր անձը աղքատացնելը և Աստծուց գոհանալը։ Սա նաև Տերն է գովում` ասելով. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» [Մատթ. Ե 3]։ Եթե աղքատությունը վատ բան լիներ, Քրիստոս ամեն բանի մեջ չէր ընտրի աղքատությունը. Նա կարող էր երևալ թագավորական քաղաքում, [կարող էր] աշխարհ գալ մի թագավորի դստեր միջոցով, [կարող էր] ծնվել թագավորների ապարանքում։ Բայց Նա երևաց աղքատ Կույսից, ծնվեց մի աննշան քաղաքում, ուր ո՛չ տուն և ո՛չ օթևան կար, այլ օտարականների համար մի քարանձավ, որտեղ չկար ո՛չ մահիճ և ո՛չ օրորոց, և [սուրբ Կույսը] բոլոր արարածների Տիրոջը դրեց քարանձավի մսուրի մեջ։ Նա մեծացավ հյուսնի հյուղակում, քայլեց ոտաբոբիկ և այնքան խոնարհվեց, որ մինչև իսկ ծառայի պես լվաց Իր աշակերտների ոտքերը։ Այս օրինակով էլ նրանք, ովքեր կամեցան երկնքում հարստանալ, ընտրեցին աղքատությունն ու խոնարհությունը։
Իսկ դու ինչո՞ւ ես դողում աղքատությանդ մեջ, որի համար կարճ [ժամանակվա] աղքատությանդ փոխարեն անհոգաբար պիտի վայելես երկնքում, երկնքի անբավ բարիքն երը պիտի ժառանգես։ Քանզի մարդու նեղությունն ու ուրախությունը երկուսն են. մեկը` այստեղ, իսկ մյուսը` հանդերձյալում. կա՛մ հավիտենական անանց բարիքներն ես ժառանգելու, կա՛մ այստեղինը` անցավորը. կա՛մ մշտնջենավոր [կյանքում] ես լինելու աղքատ ու նեղության մեջ, կա՛մ այս կարճ ժամանակում. կա՛մ այստեղ ես սգալու և լաց լինելու, կա՛մ այնտեղ. կա՛մ այստեղ ես համբերելու նեղություններին և տանելու դրանք, կա՛մ այնտեղ։ Եղիա մարգարեն այստեղ նեղվեց ու աղքատացավ, իսկ երկնքում մեծ փառքով փառավորվեց, Հովհաննես մկրտիչը նույնպես աղքատացավ, քաղցեց ու ծարավեց այստեղ, իսկ երկնքում անբավ բարիքներ ժառանգեց, բոլոր մարգարեներն ու առաքյալներն էլ անցավոր նեղություններով անանց կյանքի վայելչություններն ստացան։ Մեր առաջին հայրերը նույնպես ընտրեցին աղքատ կյանքը, որովհետև գիտեին, որ շատ դժվար է այս աշխարհի հարստությամբ ժառանգել երկնքի հարստությունը, անցողիկ փափկությամբ վայելել անանց փափկությունները, քանզի ասում է. «Որքա՜ն դժվար է փափկասերի համար Քրիստոսի երեսը տեսնելը, և հարուստի համար` երկնքի արքայություն մտնելը» [հմմտ. Մարկ. Ժ 23]։ Այլ [այստեղ] նեղություն ու չարչարանք կրողների համար է այնտեղի հանգիստը, կարոտյալներինն է արքայությունը։ Ովքեր այստեղ աղքատության մեջ են, իբրև բանտում, նրանց համար բաց է արքայության դուռը։ Որովհետև Աստված անիրավ չէ, որ նեղվողներին ու տառապողներին տառապանքների բանտից հանիևդժոխքի բանտը նետի, այլ հանում է այս սին կյանքից և հանգստացնում անսպառ ուրախությունների մեջ։ Եթե միայն գոհությամբ տանեն աղքատությունը, [նրանց համար] բազում հարստություն և անվերջանալի ուրախություն է ամբարված երկնքում։
Եվ արդ, մի՞թե պակաս է անինչքիդ ու աղքատիդ ուրախությունը, որ հայհոյություն ես առաքում բարձունքներ և Աստծու մասին անիրավ բաներ ես խոսում` ասելով նաև, թե հարուստը իր շատ ունեցվածքից է շատ ողորմություն բաժանում։ Բայց [իմացի՛ր]` աղքատի ողորմությունն առավել զարմանալի և ընդունելի է, քան հարուստինը։ Երբ մեկը սիրով այցելի տառապողին, իր քիչ ունեցվածքից բաշխի տառապողներին, ուտելիք տա նրանց և կերակրի քաղցածներին, իր նվիրատվություններով գերազանցած կլինի բազում հարուստների, քանզի Աստված չի նայում տվածի չափին, այլ տվողի կամքին և ընդունում է քիչը` իբրև շատ։
Եթե չունես ինչքեր, որոնցով մխիթարես կարոտյալներին, ունես տուն, ուր կարող ես հանգիստ տալ օտարականներին, ունես ջուր, որ կարող ես տալ ծարավներին խմելու, ունես գութ և ողորմություն, որոնցով լաց կլինես և կհեծեծես վշտացողների ու հիվանդների համար, որովհետև ողորմությունը շատ ավելին է, քան ունեցվածքի բաժանումը։ Իսկ նախանձում ես, երբ հարուստն իր հարստությունից նվիրատվություններ ու պտուղներ է հանում։ Բայց աղքատը այս բանում ևս կարող է գերազանցել հարուստին։ Քո ա՛նձը պատարագ մատուցիր Աստծուն խոնարհությամբ և անմեղությամբ. «Աստծուն տրված պատարագը խոնարհ հոգին է» [Սաղմ. Ծ 19]։ Եվ սա աւելի մեծ է, քան խոյերի ու զվարակների ողջակեզները. մարգարեն սուրբ սիրտն ու խոնարհ հոգին է ընդունելի և Աստծուն հաճելի պատարագ անվանում։ Երեք մանուկներն իրենց անձերն ու հոգին պատարագ մատուցեցին Աստծուն։ Իսկ եթե նախանձում ես հարուստի կալի կամ հնձանի նվիրատվությանը. բոլոր բարեգործություններից, զոհաբերություններից, ողորմություններից, խիստ պահեցողությունից առավել մեծ է Աստծուն իրենց արմտքից, կալից ու հնձանից պտուղներ հանելը. քանզի Աստված հոտոտում է անուշ բույրը և օրհնում է նրա տունն ու վաստակը։ Իսկ այն տունը, որից չեն ելնում օրհնության պտուղներ Եկեղեցիներին, քահանաներին և Եկեղեցու սպասավորներին, այդպիսի տան մեջ աստվածային օրհնություններ չեն մտնում, ո՛չ էլ նրանց գործերի մեջ, և այդպիսի տանը մշտապես պակասություն կլինի։ Դրա համար Աստված Մովսեսին պատվիրեց, թե` «Քո առաջին բերքը ինձ պիտի տաս, քո հոտերի, քո արջառի ու ոչխարի բոլոր առաջին ծնունդները ինձ կվիրաբերես, որպեսզի աճեցնեմ ու բազմացնեմ դրանք և հաջողեցնեմ քո ձեռնարկած բոլոր գործերը» [տե՛ս Բ Օր. ԻԶ 1, Բ Օր. ԺԵ 19, Բ Օր. ԻԸ 8]։ Նաև Սողոմոնն է ասում. «Պատվի՛ր Տիրոջը քո արդար վաստակից և քո արդար բերքից պտո՛ւղ հատկացրու Նրան» [Առ. Գ 9]։ Ասում է. «Որպեսզի քո շտեմարանները լցվեն առատ ցորենով, և քո հնձաններն ավելի հորդ գինի բխեն» [Առ. Գ 10]։ Արդ, եթե ինչքեր չունես, ո՛վ չքավոր, պտուղներ հանիր քո անդամներից. քանզի աչքերի պտուղն է կույրերին առաջնորդելը և դյուրին [ճանապարհ] հանելը, ոտքերի պտուղն է կաղին ցուպ լինելը և նրա ոտքերի պահանջը լրացնելը, ձեռքերի պտուղն է անդամալույծին առաջնորդելը և գոսացած [ձեռք] ունեցողին օգնելը, լեզվի պտուղն է մոլորվածին ուսուցանելը, տրտմածին սփոփելը, ականջների պտուղն է եղբոր հրամանը շուտափույթ լսելը և խոնարհությամբ նրա կամքին հնազանդվելը։
Արդ, այս բոլոր ողորմությունները կարելի է առանց ոսկու բաշխել ամենքին և ավելի մեծ վարձք ընդունել, քան ինչքերից [տրված] ողորմությունից։ Այժմ ի՞նչ ունես ասելու. աղքատների և՛ նվիրատվությունները, և՛ պտուղները, և՛ ողորմությունները ավելի դյուրին են և ընդունելի, քան հարուստներինը։ Ուստիև մեծ ժուժկալությամբ համբերեցե՛ք նեղություններին և գոհությա՛մբ ընդունեցեք [դրանք]։ Իսկ եթե տրտմեք, հայհոյեք, հատուցում կստանաք չար վարձք, որովհետև անսուտ է այն խոսքը, որ ասում է, թե կան ոմանք, որ տանջվում են և՛ այստեղ, և՛ այնտեղ. այստեղ նեղվում են աղքատությունից և տրտնջալու պատճառով հանդիմանվում ու կշտամբվում են արդար Դատավորի կողմից, հալչում ու մաշվում են գեհենի կրակի մեջ, ինչպես սոդոմայեցիները, որոնք այստեղ տանջվեցին, իսկ այնտեղ տանջվելու են։ Թող չլինի՛, որ մենք էլ ընկնենք այն տանջանքների ու դատապարտության վայրը։ Այլ ապաշխարե՛նք մեր մեղքերի համար, սիրե՛նք աղքատությունը, համբերե՛նք նեղություններին, վշտերի համար գոհանանք, անընչության մեջ փառաբանենք, բազում առաքինություններով երկինքը ժառանգենք և վայելենք անբավ բարիքների վայելչությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսով, Որին փառք և պատիվ հավիտյանս. ամեն։
Աղբյուր՝ Gratun.org
Հետևեք մեզ նաև Telegram-ում