Ջրի սակագինը նվազեց 3.8 դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանել է’ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունն այսուհետ կազմելու է 170.256 դրամ/խմ’ գործող 174.059 դրամ/խմ-ի փոխարեն: Այսպիսով ջրի սակագինն էժանացավ ընդամենը 3.8 դրամով, թեև էժանացումը ավելի զգալի պետք է լիներ: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 21-ից:

Panorama.am-ի փոխանցմամբ` նիստի ժամանակ ներկաներից մեկը հետաքրքրվել է’ 2006թ-ին, երբ պայմանագիրը կնքվում էր, հանրությանը մատուցվեց, որ գոյություն ունի սակագնի աստիճանական նվազեցման դինամիկ ժամանակացույց և 2016թ-ին պետք է նվազի մինչև 90 դրամ/խմ.

«Այդ ամենը ուժի մեջ է, թե ո՞չ»,- ասել է նա:

Ի պատասխան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ դա ուժի մեջ է և անկախ ամեն ինչից վերջին 10-րդ տարում մենք կունենանք 90 դրամ բազիսային սակագին գումարած համապատասխան չորս գործոններով ճշգրտումները:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Գ.Բաղրամյանը հիշեցրել է, որ ջրի սակագինը վերանայվում է յուրաքանչյուր տարի ելնելով չորս հիմնական գործոններից’ մանրածախ ջրամատակարարման ծավալը, որ համեմատվում է բազիսային սակագների ժամանակ ներկայացված ծավալի հետ, եվրո-դրամ փոխարժեքի փոփոխությունը, էլեկտրաէներգիայի սակագնի աճը, ինչպես նաև սղաճը: Եվ այդ չորս գործոնների համաձայն ճշգրտում է իրականացվել, որով էլ նվազումը միայն 3.8 դրամով է տեղի ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում