Զինամթերքից ավելի կարևոր բան պիտի բերես…

Այս տարվա քո նվերները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ,
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձեն են խաղալիք,
Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է’ ես սպասում եմ քեզ, հայրիկ…

1991 թվականի դեկտեմբերն էր: Արցախը շրջափակման մեջ էր: Ամեն օր հարյուրավոր ռումբերի պայթյուններ էին շառաչում մեր Հայրենիքի տարածքում: Արցախի մանուկների համար այդ ձայները դարձել էին սովորական երևույթ: Ցուրտ նկուղներում պատսպարված երեխաները մոռացել էին, որ աշխարհում գոյություն ունի Ձմեռ պապ, որ շուտով Ամանոր է…

Երեխաները մոռացել էին Ձմեռ պապիկի մասին, բայց մեր հերոսներ Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը չէին մոռացել: Նրանք որոշեցին Մարտակերտի շրջանի երեխաներին ամանորյան նվերներ բաժանել, որպես հայր նրանք ցանկանում էին, որ այդ փոքրիկների մանկությունը գոնե մեկ օր նմանվի աշխարհի մյուս երեխաների մանկությանը, որպեսզի հայ մանուկներն իրենց մանկության հուշերում բացի ռումբերի պայթյունի ձայներից սրտերում պահեին նաեւ ամանորյան հրաշքի հավատը:

Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը լավ գիտեին, որ շրջափակված Արցախը արտաքին աշխարհի հետ կապված էր միայն ուղղաթիռների միջոցով, և երեխաների համար նվերներ կարող էին բերել միայն զինվորականները…

Այդ ժամանակ Վլադիմիրի որդին ‘ Ալեքսեյը, 4-5 տարեկան էր և դպրոց չէր հաճախում: Ինչպես բոլոր երեխաներն Արցախում, այնպես էլ նա պատերազմի և շրջափակման փոքրիկ վկան էր:

Նոր Տարվա մոտ օրերին Լեոնիդը Մանչին’ Մանուկ Սարգսյանին, ուղարկում է Երևան զինամթերք բերելու և հատուկ պատվեր է տալիս.

– Զինամթերքից ավելի կարևոր բան պիտի բերես… Ալեքսեյի համար մի փոքր հեծանիվ… Առանց հեծանիվի հետ չգաս…

Մանչը վերադարձավ հրամանատարի հատուկ առաջադրանքը կատարած: Զարմանալի էր, որ այդ մութ ու ցուրտ տարիներին Երևանում Մանչը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել էր գտնել հեծանիվ: Բայց ամենազարմանալին այն է, թե նա ինչպես է կարողացել օդանավակայանում բացատրել մանկական հեծանիվի և այլ նվերների կարևորությունը զինամթերք տեղափոխող ուղղաթիռի մեջ: Բայց հեծանիվը և ամանորյան նվերները, այնուամենայնիվ, հասան Մարտակերտ:

Այդ մանուկները Հերոս Պապիկներից ստացան ոչ միայն ամանորյան նվերներ, այլեւ ազատագրված ու հաղթանակած Հայրենիք:

Հ.Գ. 21 տարի առաջ հունիսի 21-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ զոհվեց Լեոնիդ Ազգալդյանը…

Արուսյակ Սիմոնյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում