Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք
Նմանատիպ
Ո՛չ, վկայում է Խոսքը, պատահարների ենթարկվող մարդիկ ավելի մեղավոր չեն, քան անփորձանք ապրողները, պարզապես ի տարբերություն առաջինների, որոնց համար սահմանված ապաշխարության ժամանակը սպառվել է ապարդյուն, վերջինները դեռևս ունեն ժամանակ սեփական արժանապատիվ մահով կյանքից կյանք անցնելու:
Հիսուսի ապրած ժամանակն ու միջավայրը դասակարգում էին մարդկանց արդարների ու մեղավորների. «արդարները» ինքնահորջորջվում էին, «մեղավորները»` խարազանվում: «Արդարները» հանդիմանում էին Հիսուսին` «մեղավորների» հետ ոչ երկմիտ և ոչ երկդիմի շփումների համար:
«Իսկ Հիսուս, երբ լսեց, նրանց ասաց. – Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին: Գնացե՛ք, սովորեցե՛ք, թե ինչ է նշանակում՝ ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ. քանզի Ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղավորներին» (Մատթ. 9; 13):
Հիսուս պատասխանում է նրանց իրենց քաջածանոթ Գրքերով` մեջբերելով Օսե մարգարեին. «Ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է և առավոտյան ցողի պես, որ անհետանում է: Դրա համար հնձեցի ձեր մարգարեներին և կոտորեցի նրանց Իմ բերանի խոսքով. Իմ արդարադատությունը իբրև լույս կծագի: Քանզի ողորմություն եմ կամենում և ոչ թե զոհաբերում, Աստծու ճանաչումն ավելի եմ կամենում, քան ողջակեզները» (Օս. 6; 4-6):
Աստծո արդարությունը պահանջում է մարդու ողորմությունը, որը փաստորեն Աստծո ճանաչումն է. Աստծո ճանաչումը մարդու մեջ, սեփական անձի և ինքնության մեջ:
Ղուկաս Ավետարանիչը ընդամենը մեկ լրացուցիչ բառով բացահայտում է կոչի նպատակը. «Հիսուս պատասխանեց նրանց և ասաց. – Առողջներին բժիշկներ պետք չեն, այլ՝ հիվանդներին: Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղավորներին՝ ապաշխարության» (Ղուկ. 5; 31-32):
Ապաշխարությունը դարձ է, ապաշխարությունը բժշկություն է, ապաշխարությունը ճանաչողության սկիզբն է: Ապաշխարությունը մարդու հայացքն է մարդուն Աստծո աչքերով. նախ սեփական անձին, ապա և իր նմանին` նրա մեջ փնտրելով նախասկզբնական բարին: Եթե միայն մարդիկ կարողանային նայել միմյանց այնպես, ինչպես Աստված է նայում, և կարողանային տեսնել իրենց նմանի մեջ այն, ինչ տեսնում է միայն Ամենաբարին՝ Աստված:
Մեղքը սխալ հայացքն է, սխալ փնտրտուքը, երբ մարդ անհատը ավելի ու ավելի է հեռանում մարդ տեսակից, և այդ հեռացումը «օրինականացվում է» աշխարհի իշխանների կողմից, հեռավորությունը` աճում երկրաչափական պրոգրեսիայով:
Մարդկանց հանդեպ ունեցած մեր որևէ վերաբերմունքի` սիրո, բարության, անտարբերության կամ ատելության հետևում մարդկային ճակատագրեր են` երջանկություն կամ ողբերգություն: Որքան էլ տրվենք երեսպաշտության ու ինքնախաբեության, միևնույն է` չենք կարող մեզանով չեղարկել այն փաստը, որ մարդիկ լոկ մարդկության մարմնի անդամներն են, այդ մարմնի խոցելիության թիրախներն ու ցուցիչները:
Ամեն մի մարդու կորուստը մարդկության կորուստն է, թեև աղավաղված, աղճատված ու չկայացած, բայց միևնույն է` մարդկայնության կորուստն է: Դրանով իսկ ամեն մի մարդու կորուստը համատիեզերական ողբերգություն է, որը համապարփակ, համընդգրկուն ու համալիր կերպով ապրում է միայն մարդու Արարիչը:
Ամեն մարդու փրկությունն էլ, որի առաջին ու էական քայլը ապաշխարությունն է, արդարև, համատիեզերական տոնախմբություն է, որ կայանում է նախ և առաջ մարդու Արարչի և Հոր սիրող սրտում:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում