Եղիշե Չարենց. Ես այն չեմ այլևս
Նմանատիպ
(Ներբող լիրիքական)
ՊԱՏԱՍԽԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՍ
Եվ գիտես՛ ես հիմա, որ համա՛ռ է,
Առօրյա աշխատանք է անդուլ—
Այն ամենը, որ վարար, հողմավար էր,
Որ գալու էր երգով ու խանդով…
Ե. Չ.
Օ, դո՛ւք, ասպետներ չնչի՛ն դավերի,
Ի՞նչ եք քչփչում ճանկերդ սրած.-
Ես ոգով հիմա պի՛նդ եմ ավելի,
Ավելի՛ տոկուն, քան էի առաջ։
Եվ եթե երգով ես ասում եմ, թե
Ես ա՛յլ եմ հիմա, այլևս այն չեմ –
Նշանակում է՝ նոր հո՛ւն եմ մտել՝
Ավելի՛ խորունկ, ավելի՛ անշեղ։
Ես հախուռն էի, ինչպես պղտոր գետ,
Եվ սրտով թեթև, ու երգով շռայլ,-
Եվ ոգով այսօր չե՛մ փոխվել թեպետ,
Դարձել եմ, սակայն, ծանր ու ժլատ։
Իմ հոգին այսօր էլ չի՛ մանրանում,
Չի՛ մսխում իրեն թռվռուն խոսքով –
Այդպես ցողո՛ւնն է հանդում ծանրանում,
Երբ լցվում է ձույլ, իմաստուն հասկով։
Ես այն չեմ հիմա… Հույզերիս քամին,
Որ քշում էր ինձ անկումից-անկում –
Հանգստացել ու նստել է հիմի
Եվ ամեն կանչի չի՛ արձագանքում։-
Էլ չի՛ հռնդում սիրտս վայրենի,
Ինչպես դաշտերում նժույգ սանձարձակ.-
Գգվեց ինձ սիրով մի ձեռք հայրենի,
Եվ ես մի գիշեր իմաստուն դարձա։
Հասկացա հոգով, որ կյանքի հանդում,
Մարդկային ծփուն ծովում հողմածեծ
Միա՛յն երգերով ու անձև խանդով
Օ, ո՛չ մի ցողուն դեռ չի՛ բարձրացել։
Ես ձեռք քաշեցի կրքերից վարար,
Զգացմունքների հորձանքից անձև –
Եվ աշխատանքի բոցը փրկարար
Իմ անձրևածեծ երեսը խանձեց։
Ու դա՛շտ եմ ելնում ես կրկին ահա,
Ինչպես հնձվորը ելնում է հնձի,
Թմբկի փոխարեն ձեռքերս պահած
Խոհով ծանրացած քնար պղնձի։
Իմ գլխի վերև կեսօ՛ր է արդեն,
Ամռան արևն է կանգնել զենիթում,
Իմ դեմ – խոհերի չհնձած արտեր,-
Եվ հոգսն է ահա հոնքերը կիտում։-
Ինչքա՜ն եմ վատնել ես անգին ժամեր,
Եվ ինչքա՜ն հունտեր ցրել եմ ձրի,-
Եվ ինչքա՛ն պիտի հիմա աշխատեմ,
Որ գտնեմ ես այն, ինչ զո՜ւր կորցրի…
Ես շռա՛յլ եղա իբրև սերմնացան,
Ժլա՜տ կլինեմ՝ ելնելով հնձի,-
Եվ աշխատանքի բոցը սրբազան
Թող մինչև գիշեր ճակատս խանձի։-
Որքա՜ն աշխատանք ու խոհ կա այստեղ,
Երկաթավորվող իմ հայրենիքում,
Որի վրայով հողմեր են անցել
Եվ մեզ լվացել հրե մրրիկում։-
Որի դարերից գոսացած[1] դեմքին
Փչել է այսօր շունչը Լենինի,-
Կիզվել է հրով երկիրը հիմքից
Ու շռնդալով շինվում է հիմի։
Առաջին անգամ իմ հայրենիքում,
Ուր հոսում էին արնահուն գետեր-
Այս այգաբացի երթը զրնգուն
Իմ բարձրաշառաչ ե՛րգն է ավետել։
Հիմա՝ վաստակած ու ձեռքիս քնար՝
Ելնում եմ ահա կրկի՛ն ժպտադեմ,
Որ սերունդների գործին անկոբար[2]
Խոտվ ծանրացած իմ երգը խառնեմ։
Ես չե՛մ երգելու այժմ շառաչուն
Գալիքի մասին, որ գալու է դեռ.
Իմ նեոսում հիմա հուզվում են, աճում
Ու շարժվում ուրի՛շ խոհերի գնդեր։-
Ներկա՛ն է հիմա իմ դեմ աղմկում,
Ինչպես կրքերի ամեհի մի ծով,-
Եվ անցնում եմ ես, քնարս բեկուն,
Այս հազարագույն օվկիանի միջով։
Անցնում եմ՝ իմ նո՛ր խոհերին գերի –
Եվ շուրջս ահա, մոտիկն ու հեռուն,-
Անքուն կրքերի, զգացմունքների
Լա՛յն, անծայրածի՛ր օվկիանն է եռում։
Ճամփա եմ ելնում ես ահա մենակ,
Քնա՛րս է միայն ինձ հետ միասին,-
Եվ երգում եմ ես, երգում եմ անահ
Իմ պայծառացած խոհերի մասին։
Դժվար կլինի իմ երթը հիմա,
Դժվար ու դժնի, քան երբևիցե,
Եվ ճամփիս գուցե օձերի նման
Ինձ արյունոտեն ժանիքները ձեր,-
Բայց պի՛նդ է ոգիս… Ու ո՛չ մի ժանիք
Ինձ չի՛ բաժանի իմ անդուլ դարից,
Ինչպես ո՛չ մի ուժ ինձ չի՛ բաժանի
Իմ շռնդալից, պայծա՛ռ քնարից…
գոս – չոր, չորացած, հաշմ, խեղանդամ. փխբ. ամուլ, անպտուղ, ապարդյուն:
անկոբար, անկոպար – բնստ. անսահման, անվերջ, անհուն: