Օրհնեցե՛ք ձեզ հալածողներին, օրհնեցե՛ք և մի՛ անիծեք
Նմանատիպ
Քրիստոս մեր մեջ զորավոր է և ոչ տկար: Եթե մենք տկարանում ենք հալածանքների պատճառով, բայց ո՛չ հավատով, ապա, Քրիստոսի զորությամբ զգեստավորված, հետևում ենք Նրան քայլ առ քայլ դեպի Գողգոթա: Սա է երթուղին: Իսկ մեր քայլերն այնքան կարկամ են ու կամակոր:
«Աստծուց է այն շնորհը, երբ մեկը հանիրավի վիշտ է կրում բարի խղճով. քանզի ի՞նչ երախտիք կունենաք, եթե, մեղանչելուց հետո, տանջվեք և համբերեք: Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, այդ շնորհ է Աստծու մոտ. որովհետև այդ բանի համար իսկ կանչվեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ Իր հետքերով գնաք. Նա, Ով մեղք չգործեց, և Նրա բերանում նենգությունը տեղ չգտավ. Նա, Ով նախատվելով՝ փոխարենը չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդարությամբ դատողին. Նա, Ով մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց Խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. Նա, Ում վերքերով բժշկվեցիք դուք: Մոլորյալ ոչխարների պես էիք, իսկ այժմ դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվը և Տեսուչը» (Ա Պետրոս, 2;19-25):
Դեռ թող մեկը համարձակվի բարձրաձայնել ակնհայտը, թե մեր աչքի վերևում հոնք կա, մենք հաստատ «կչարչարվենք հանուն արդարության» և համբերատար կերպով կջանանք, որ նա վայ տա իր ծնված օրվան: Մոլորյալ ոչխարնե՞ր ենք, թե՞ համառ այծեր:
«Լսել եք, արդարև, թե ինչ ասվեց. -Պիտի սիրես ընկերոջդ, և պիտի ատես քո թշնամուն: – Իսկ Ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ և հալածում, որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, քանի որ Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա: Եթե սիրեք միայն նրանց, որոնք ձեզ սիրում են, ձեր վարձն ի՞նչ է. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում: Եվ եթե միայն ձեր բարեկամներին ողջույն տաք, ի՞նչ ավելի բան եք անում. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորները նույնն են անում: Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5; 43-48):
Աստծո Խոսքը, ասես, ուզում է մեզ համար հստակեցնել, որ եթե Ինքը, թեև անփոփոխ էություն, բայց տարբեր կարգավիճակ ունի մարդեղացումից հետո, քանզի, Աստծո Որդի լինելով, դարձավ նաև մարդու Որդի, դարձավ յուրային, որովհետև Հայրը կամեցավ տուն կանչել մեզ, ապա մարդը, Աստծուց չհեռանալու և չօտարանալու համար ևս պետք է ջանքեր գործադրի: Աստծուն Հայր խոստովանողը պիտի ինչ-որ կերպ տարբերվի Նրան չճանաչողից: Միածինը եկավ ու բացահայտեց. «Ես Եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ` Ինձնով» (Հովհ. 14;6): Նա չի ասում. «Ահա՛ ճանապարհը, եկե՛ք գնանք Հոր մոտ, հետևե՛ք Ինձ»,- որովհետև Նա անբաժան է Հորից: Նա մարդեղացավ` «ոչ մեկնելով ի Հորէ», և այժմ էլ նստած է Հոր Աջում: Նա Մեկն է մեզանից: Նա մեր Յուրայինն է և Հոր Միածինը: Երկյուղալի պատկառանք և երանելի վայելք, վավերական կյանք, արթնություն ու վերելք: Այլևս կարիք չկա սողալու ու դողալու, կարկամելու ու խարխափելու: Երբ ասում է. «Կատարյալ եղեք»,- մատնանշում է ոչ միայն անհրաժեշտությունն ու պարտավորվածությունը, այլև նախ և առաջ մեր կարողությունն ու հնարավորությունը: Մեր կատարելությունը Իր մեջ, մեր կատարումը Իրենով: Իսկ Ինքը անիծյալ աշխարհի Օրհնությունն է, Սրբությունը, Փրկությունը, ԻՄԱՍՏԸ: Մեր ընթացքը Նրանով է հաստատ և ուղիղ: Սակայն մենք այսօր ականատես ենք այլ պատկերի, և իսկապես «ժամանակն է, որ սկսվի դատաստանը Աստծու տնից» (Ա Պետրոս, 4;17): Քանի որ աղը անհամացավ, լույսը աղոտացավ, և Աստծո Կենդանի Խոսքը դարձավ սոսկ արձանագրություն:
Լինել և անել ավելին, քան… Ապրել և գործել առավել քան… հավանականը դարձնել հնարավոր, որովհետև ստացել ենք կատարյալ լինելու ոչ միայն պատգամ ու հորդոր, այլև զորակից և ուղեկից Շնորհ:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում