Հրաչյա Թամրազյան․ Կյա՜նք` դու զգում ես ինձ․․․
Նմանատիպ
Կյա՜նք` դու զգում ես ինձ, ես քոնն եմ հավետ,
Հետևում ես ինձ ծա ծակ քայլելիս,
Իմ ամեն պահը, իմ ամեն քայլը
Արտացոլում ես – իբրև հայելի:
Կենարար է քո շունչը հարակա,
Հիշատակներն է պահպանում նա սուրբ,
Զգում եմ շունչը քո խնամակալ
Ու նրա միջով գալիքն եմ տեսնում. –
Երգի նման է նա սկիզբ առնում –
Ամեն ինչ նուրբ է, ամեն ինչ բարակ,
Ու ճանապարհի թելն է երկարում,
Կյանքի պատումը հյուսվում է արագ:
Ու թանկ են դառնում ամեն բառ ու տող,
Ու բոլոր մարդիկ – մոտ ու հարազատ,
Խոր անցյալներում անհայտ մի քերթող
Գրի է առնում խոսքերն իմ ասված…
Կյա՜նք` – դու զգում ես ինձ, ապրում ինձանով,
Դու օդն ես մաքուր մի շնչառության,
Ինձ հարազատ է քո շունչը ծանոթ,
Ինձ հարազատ է խորհուրդն հարության,
Որ ծիլ է տալիս ու ձիգ բարձրանում
Անգամ խռովյալ օրերի միջից,
Գալիք կյանքերի խորունկ խանձարուր –
Տեսի՜լ իմ պայծառ ու հայա՜ցք իմ ջինջ:
Քոնն է գալիքի տենչանքը հավերժ,
Կյանքի կարոտը կանչում է հեռվում,
Երբ ես կորչում եմ հոծ բազմության մեջ,
ճանապարհների խաչուղիներում. –
Կյա՜նք, դու հոգի ես, կարոտ ես անհուն,
Որ այս քաղաքն է լցնում իրենով,
Իր մեջ առնելով կյանքերը հանուր,
Բոլորի հանդեպ անսահման ներող –
Շունչ տալով բոլոր մարող հարկերին
Ու ջերմացնելով տները խոնավ,
Երգերի նման հեղելով սերն իմ,
Որ խնկարկում է քեզ լուռ ու խոնարհ:
Քո ցոլքերն են լոկ սփոփում հոգուն,
Իմ սիրտն է խփում քո թաղանթի տակ,
Իսկ իմ մեջ քո խենթ սիրտն է տրովւամ,
Կյա՜նք, նրանց վերջին փորձության մի՜ տար:
Ահա դողում ես բառերի նման,
Երբ ես դիպչում եմ քո նուրբ թաղանթին,
Ասես իմ ներսում թաքնված մի մարդ
Այս պատմությունն է հասցնում ավարտին…