«Տրոյա․առասպել և իրականություն»․ Լոնդոնում բացված մասշտաբային ցուցահանդեսը «վերակենդանացնում» է Տրոյան և նրա հետ կապված առասպելները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Tert.am: Բրիտանական թանգարանում բացվել է «Տրոյա․առասպել և իրականություն» խորագիրը կրող մասշտաբային ցուցահանդես, որը ներկայացնում է պատմական Տրոյա քաղաքը, նրա հետ կապված առասպելները և նրա երեքհազարամյա պատմությունը, գրում է РИА Новости-ն։
«Սա Տրոյային նվիրված առաջին ցուցահանդեսն է Մեծ Բրիտանիայում և առաջինը, որտեղ ներկայացված են Հենրիխ Շլիմանի տրոյական գտածոները։ Ժամանակին Բրիտանական թանգարանը հրաժարվել է ցուցադրել Շլիմանի հայտնաբերած իրերը՝ իր մերժումը պարզաբանելով տեղի բացակայությամբ։ Այժմ մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք այդ ամենը վերջապես ցուցադրել»,- ասել է ցուցահանդեսի համակարգողներից մեկը։
Ցուցահանդեսին ներկայացված ավելի քան 300 ցուցանմուշները բերված են ամբողջ աշխարհից։ Շլիմանի գտածոների մեծամասնությունը, այդ թվում՝ ամֆորաները, զենքերը, քարե արձանները տրամադրվել են բեռլինյան թանգարանների կողմից և Մեծ Բրիտանիա են «ժամանել» 150 տարվա ընթացքում առաջին անգամ։
Ցուցահանդեսի առաջին՝ ամենամեծ հատվածը, ըստ էության, հանդիսանում է Տրոյայի հետ կապված երեք գլխավոր էպոսների՝ «Իլիական»-ի, «Ոդիսական»-ի և «Էնեականի»-ի վերարտադրությունը նյութական օբյեկտների միջոցով։ Այստեղ կարելի է տեսնել Աքիլեսի սպանության, Պարիսի դատավարության, Ոդիսևսի՝ ծովահենների հետ հանդիպման, Կասսանդրայի տառապանքների և Հեկտորի մահվան տարբեր մեկնաբանություններ․ տեսարանները ներկայացված են քարե արձանների, գրաֆիկական պատկերների, քարի մեջ արված փորվածքների և բրոնզե քանդակների տեսքով։
Ցուցահանդեսին հատուկ տեղ է հատկացվել Հեղինե Չքնաղի կերպարին․ հենց նրա պատճառոով է սկսվել Տրոյական մեծ պատերազմը, որն այդպես էլ միանշանակ պատմական հաստատում չի ստացել։
Ցուցահանդեսի երկրորդ հատվածը նվիրված է իրական Տրոյա քաղաքին, որը գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքում։ Այստեղ ուշադրություն է գրավում Շլիմանի առաջին գտածոն՝ մ․թ․300-400 թվականներին պատկանող խճաքանդակը։
Ցուցահանդեսի երրորդ հատվածը ներկայացնում է տրոյական առասպելների արտահայտումն ավելի ուշ շրջանի մշակույթներում։
«Տրոյա․առասպել և իրականություն» ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2020 թվականի մարտի 8-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում