Բարեգործական համերգ կանցկացվի հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի բարեգործական համերգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ելույթ կունենան ինչպես արդեն ճանաչված երգիչներ Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելդյանը, Արփին, Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Մասիս Հունանյանը, Գոշը, Լիդուշիկը, Սոֆի Մխեյանը, Մոնիկա Նազարյանը , այնպես էլ բազմակի մրցույթներում հաղթած պատանի երգիչներ Սաթին, Արմանը, Ռուզաննան, Սյուզին, պարային համույթ «Էնջլը»: Համերգը կվարի Ժակը (Հակոբ Պապիկյան):
Արդեն 16 տարի գործող «Լուսինե» կանանց հասարակական կազմակերպությունը նպաստում է միայնակ, հաշմանդամ երեխաներ ունեցող, բազմազավակ կանանց սոցիալական կայունությանը, պաշտպանվածությանը, երեխաների կրթական մակարդակի բարելավմանը, երեխաների կարողությունների զարգացմանը, ընտանիքների ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը:
Կազմակերպության համար կարևոր ավանդույթ է արդեն 12 տարի հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաների համար Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել բարեգործական ինքնատիպ համերգ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուր երեխաները առիթ ունեն լսելու իրենց սիրելի երգիչ-երգչուհիներին ոչ թե հեռուստացույցի էկրաններից, այլ կենդանի կատարմամբ:
Կազմակերպության այս տարվա համերգը բացի երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելուց նպատակ ունի իրականացնել հաշմանդամ երեխաների համար կյանքի հմտությունների զարգացման ծրագրեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում