Վահագն Մուղնեցյան. Մեռյալ կետ
Նմանատիպ
Իմ գոյությունը այսօր ապրում է իր մեռյալ կետում.
Որտեղ աղը իր համն է կորցրել,
Որտեղ զրկվել է բառն իր իմաստից,
Որտեղ մարմինս իր է գրանցվել:
Իմ մենությունը բազմապատկվել է այն միակ կետում,
Որտեղ խավարի ու լույսի միջև կռիվ չի գնում,
Որտեղ անցյալն ու ներկան համատեղ
Ապրում են ՝ առանց բացազատվելու,
Որտեղ լույսը իր ակունքը չունի…
Ա՜խ, շարժում լիներ.
Թեկուզ դժոխքի ճամփան ծայր առներ այս մեռյալ կետից,
Թեկուզ հարության ոգին վախճանվեր ինձ այցի չեկած…
Այստեղ, այս կետում,
Որտեղ մարմինն իմ դարձել մահարձան,
Իսկ հոգիս բացման խոսք է մրմնջում,
Որտեղ սև հացը ապրում է
Առանց տենչալի գինու բարեկամության-
Իմ ազնիվ արյան կաթիլն է մեռնում
Փայտոջիլների խրախճանքի մեջ…
Ժամանակն այստեղ ոչ սկիզբ ունի, ոչ էլ ունի վերջ,
Ոչ էլ ժամերը դառնում են օրեր…
Արի, իմ շողիկ արեգակնաթև, որ մութը ճեղքեմ –
Գոնե կրակի բնածին փայլով հույսը տաքացնեմ իմ մարմնի մեջ: