Վահագն Դավթյան․ Տերև են այրում
22/11/2019 19:41
Նմանատիպ
Ոսկի է ու ծուխ…
Տերև են այրում,
Այրում են աշնան
Երազը ոսկի,
Ծուխը դողում է,
Բարակ գալարվում
Կարոտի նման
Ու չասված խոսքի…
Տերև են այրում…
Ու դառնում է ծուխ,
Դառնում է մի բուռ
Ալևոր մոխիր,
Այն, ինչ սոսափ էր,
Սիրո դող էր սուրբ,
Սրտի թրթիռ էր,
Թրթիռ էր հողի…
Տերևն են այրում…
Մի կծու մխանք,
Կսկիծ է կծու
Ու մի բուռ մոխիր…
1975թ.
Հետևեք մեզ նաև Telegram-ում