Հայաստանում պատմամշակութային հուշարձանները վտանգված են
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանն ահազանգում է, որ վերջին ամիսներին պատմամշակութային՝ հատկապես ճարտարապետական, հնագիտական, լանդշաֆտային հուշարձանների ոչնչացումը, նորակառույց զիզի-բիզիներով դրանց հագեցումը, ոչ գիտական հիմքերի վրա վերականգնումներն ու աղավաղումները սպառնում են, որ մոտ ապագայում այդ ժառանգությունն ի վերջո կկորցնի իր բնօրինակությունը:
«Արդեն մոտ երկու տարի է անցել հեղափոխությունից ու ինձ մոտ այն կարծիքն է, որ այդ ժամանակը կոնկրետ մշակութային քաղաքականության ասպարեզում ուղղակի մսխվել է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը:
Նրա խոսքով, այդ ընթացքում պետք է մշակվեր մշակութային նոր քաղաքականության հայեցակարգ, այդ ամենը քննարկվեր, ընդունվեին համապատասխան օրենսդրական ակտեր:
«Ամեն ինչ ուղղակի բացիթողի վիճակում է: Կարիք ունենք պետական մի քիչ ամուր ձեռքի, որը հապշտապ, հընթացս պետք է ամրացնի այդ վերահսկողությունը, զուգահեռաբար մասնագիտական շրջանակների հետ մշակվի քաղաքականություն, որը հնարավորություն կտա պետությանն իրականացնի պահպանությունը՝ ներառելով հասարակությանը».- ասաց նա:
Մշակութաբանի խոսքով, խորհրդային համակարգի փլուզումից հետո, երբ պետությունն ամբողջովին ստանձնում էր մշակութային ժառանգության, պատմամշակութային հուշարձանների պահպանությունը, եկավ մի ժամանակ, երբ Հայաստանում ընդարձակ հողատարածքներ սեփականաշնորհվեցին, ըստ էության, առանձնահատուկ, հատկապես վերջին տասնամյակում շեշտադրվեց զբոսաշրջության զարգացումը, այդ ամենը հանգեցրեց նրան, որ մշակութային ժառանագությունը, հատկապես նյութական հուշարձանները, շատ ավելի վատ վիճակում հայտնվեցին:
«Բազմիցս հիշատակել եմ, արդեն 20 տարի փորձում եմ ինչ-որ ձևի կանխել Առինջի խաչքարային դաշտի ավերումը, ինչն ինձ չի հաջողվում, արդյունքը զրո է: Խնդիրը ներկայացվել է, բարձրաձայնվել է, սակայն բավարար է գնալ Առինջի խաչքարադաշտ, ու ամեն անգամ գնալուց տեսնում եմ նոր թաղումներ: Պետականորեն արգելված է այդ հուշարձանում որևէ գործողություն կատարել, բայց ամեն տարի մի քանի անգամ հին տապանաքարերը շարժվում են, խաչքարերը շարժվում են, նոր գերեզմանոցներ են ստեղծվում: Ամեն տարի տեսնում եմ, թե ինչպիսի ստորությամբ հին քարերը շարժվում են, բիզնեսը ծաղկում է մեր քթի տակ: Ավելի քան վստահ եմ, որ այստեղ կոռուպցիոն մեծ համակարգ է գործում՝ տարածքները վաճառվում են: Սա միտումնավոր ոչնչացում է, ոչ թե անտարբերության հետևանք: Այսօր Հայաստանում Առինջից ավելի գեղեցիկ, ավելի մատչելի, արվեստային տեսակետից հիանալի ուրիշ խաչքարարերի դաշտ չունենք: Ջուղան կորցրեցինք, հիմա մեր քթի տակ կորցնում ենք նաև Առինջը: Պատական մարմինները պետք է շտապ քայլեր ձեռնարկեն, թե չէ այդ ամենը կործանվելու է»,- ասաց մշակութաբանը:
Նրա ներկայացմամբ, վերջերս հուշարձանների, հուշարձանների պատմամշակութային լանդշաֆտի աղավաղման բազմաթիվ դեպքերի են ականատես լինում, միջնադարյան վանքերի շուրջ բեսեդկաներ են կառուցում:
«Ես չեմ ասում խորհրդային համակարգը լավն էր, բայց խորհրդային պետությունը գոնե կարողանում էր իր վրա վերցրած պարտականություններն իրականացել: Հեղափոխությունից հետո վիճակն ավելի վատթարացել է: Դրա հիմնական պատճառը մշակույթի նախարարության կցումն է»,- նշեց Համլետ Պետրոսյանը:
Նա օրինակներ բերեց՝ նշելով, որ պետությունը, կառավարությունը կատարում է գործառույթներն առանց նկատի ունենալով մշակութային ժառանգությունը, ինչը ոչ թե միտումնավոր է արվում, այլ մասնագիտական կարողությունները չիրականացնելու հետևանք է. «Դվինից նոր եմ վերադարձել: Համայնքն ուզում է ջրագիծ անցկացնել: Զարմանալին այն է, որ այդ ամբողջ փաստաթղթերը կառավարությունը հաստատել է, առանց նկատելու ունենալու, որ այդ ջրագիծն անցնելու է Դվինի պարիսպի տակով: Մենք համոզեցինք այդ մարդկանց, բերեցինք Երևան, նախարարությանը նորից նամակ ուղարկեցինք, ստացանք պաշտոնական թույլտվություն, ասացի, որ միայն Դվինի հանդակի միջով կարելի է անցկացնել»:
Նա ընդգծեց, որ այսպես շարունակվելու դեպքում շուտով շատ բաներից ենք զրկվելու. «Գնացել եմ Եղեգիս, որտեղ հիանալի հուշարձաններ կան: Պարզվում է, որ որոշ բաներ ուղղակի անտեսված են: Ով որտեղ ուզի, ինչ ուզի կառուցում է, այդ ամենը ներկայացնում է որպես Հայաստանի զբոսաշրջային տեսլական: Ամբողջ աշխարհը գիտի, որ զբոսաշրջությունը եկամտաբեր է, բայց նաև գիտի, որ զբոսաշրջությունը հակամիտված է մշակութային ժառանգությանը: Զբոսաշրջային տենդի պայմաններում պետք է այնպես անել, որ այդ պայմանները չթելադրեն նաև հուշարձանների ենթարկում զբոսաշրջությանը, այլապես վաղը ոչինչ չենք ունենալ ցուցադրելու համար»:
Համլետ Պետրոսյանը համամիտ է այն կարծիքին, որ մշակույթի նախարարության միավորումն այլ նախարարությունների վնաս հասցրեց մշակույթի ոլորտին:
«Մինչև միավորելը խնդիրները գոնե կարողանում էին ներկայացնել ոլորտի նախարարներին: Հիմա բոլորը կենտրոնացել է, նախարարը շատ ավելի հեռու, անհասանելի է դարձել: Ես ոչ թե վարչարարության քննադատությամբ եմ ուզում զբաղվել, այլ ինձ մտահոգում են իրական փաստերը: Միանշանակ ասում եմ, որ մեր հուշարձաններն այսօր շատ ավելի աննախանձելի իրավիճակում են, որովհետև մի կողմից այդ ամենը հսկելու պետության հնարավորություններն թուլանում են, մյուս կողմից զբոսաշրջության զարգացման տակ կատարվում են զբոսաշրջային հեռանկարների զանազան իրականացնումներ, որոնք ուղղակի վնասում են հուշարձանը»,- ասաց նա:
Հնագետն ընդգծեց, որ հնարավոր է մշակութային ժառանգությունը պահպանել, եթե հստակորեն պահպանվի կարգուկանոն:
«Դեմոկրատական առաջընթացը շատ հաճախ արհամարհում է գոյություն ունեցող կարգուկանոնը, և դա հանգեցնում է սրան»,- ասաց Հ. Պետրոսյանը:
Նա առաջարկում է ստեղծել կառավարությանն առընթեր, ինքնուրույն և ինքնաբավ մի մարմին, որը պետական մակարդակով կտնօրինի, կկառավարի, կվերահսկի մշակութային ժառանգության անխաթար պահպանությունն ու օգտագործումը:
«Ինչքան էլ փորձենք պետական միջոցներով պահպանել, մենք չենք կարողանալու, պետք է լինի քաղաքականության մի մասը, որը ենթադրում է համայնքի, հասարակական կազմակերպությունների, գիտական հանրույթի ներգրավումն այդ պահպանության մեջ: Մինչև հուշարձանը չդարձնենք այնտեղ ապրող մարդկանց, նաև պատմամշակութային, սոցիալական, բիզնես կյանքի բաղադրիչը, մենք չենք հասնելու դրան»,- նշեց մշակութաբանը:
Համլետ Պետրոսյանի խոսքով, հաճախ են խոսում հայ ինքնության պահանության մասին. «Դարերի ընթացքում հայերի լինելության ամենամեծ փաստարկը եղել է այն, որ Աստված է իրենց տվել այս երկիրը, իրենք են այս ամենի ժառանգորդը: Շատ ցավալի է ինձ համար, որ այսօր այդ ժառանգության ակնհայտ առաջնային նշանակությունը մեր ինքնության պահպանության գործում մոռացել են ոչ միայն առանձին մարդիկ, նաև մոռացել է պետությունը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում