Նկարիչ Վահե Ափոյանն անհատական ցուցահանդեսում ներկայացրեց տասը տարվա ընթացքում ծնված գործերը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ նկարիչ Վահե Ափոյանը, որի կտավներում գերակշռում են կարմիրը, դեղինն ու սևը, անհատական ցուցահանդեսով ամփոփելու է տասը տարվա ստեղծագործական գործունեության արդյունքը: Ցուցահանդեսում ներկայացվելու է նկարչի ավելի քան հիսուն գեղանկարչական աշխատանք, որոնց ստեղծման գործում մեծ դեր են խաղացել Ափոյանի կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, մարդիկ:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 23-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում:
«Այս ցուցահանդեսն իմ նախորդ երկու ցուցահանդեսների ամփոփումն է: Այն շատ կարևոր է ինձ համար: Սա ստեղծագործական նոր փուլի սկիզբ է, քանի որ կիրառել եմ թվային տեխնոլոգիաներ, անիմացիոն, երաժշտական լուծումներ եմ առաջարկել: Կարծում եմ` դրանք ժամանակակից արվեստի կարևոր մաս են, և հաճախ արվեստից հեռու կանգնած մարդուն բերում են մշակույթի ոլորտ»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց նկարիչը:
Ափոյանը շեշտեց, որ ցուցահանդեսում ընդգրկվել են բազմաժանր և բազմաոճ գործեր, քանի որ տարբեր փուլերում տարբեր կերպ է նկարում: «Գերիշխում են դիմանկարներն ու աբստրակտ կոմպոզիցիաները: Ստեղծագործելիս ինձ շատ են ոգևորում ապրածս պահերը, ժամանակը, իրադարձությունները, բնությունը, մարդը, փիլիսոփայությունը»,-խոստովանեց Վահեն:
Նա նկարում է պայծառ գույներով, բայց պայծառ գույն է համարում նաև սևը և սևի տարբեր երանգները` նշելով, որ սևի վրա ամեն բան փայլում է:
Արվեստագետի ստեղծագործության հիմնական դրույթներն են՝ տարածության վերաբաշխում, գունային հարթություն, անավարտ մակերես, կտրատվածություն։
Նկարիչն առաջին անգամ ներկայացնելու է նաև իր կտավների անիմացիոն տարբերակները, որոնք դիտելու համար, հարկավոր է սմարթֆոններում նախապես ներբեռնել ARLOOPA հավելվածը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 3-ը:
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում