Սպենդիարյանի 150 և Վերնոյի 100-ամյակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2020-2021-ի օրացույցում են
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզում ընթացող գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում նոյեմբերի 25-ին, ընդունվել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա և կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021թթ․ օրացույցում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի Հանրապետության կողմից հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների աջակցությամբ։ Իրանի, Ռուսաստանի և Վրաստանի աջակցությամբ ներկայացված՝ «Կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյա հոբելյան», և Ֆրանսիայի ու Իտալիայի աջակցությամբ ներկայացված՝ «Կինոռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյան» խորագրերը կրող հայտերն ստացել են կազմակերպության անդամ պետությունների հավանությունը։
«1998 թ. առ այսօր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի կողմից ներկայացված 25 հոբելյանական իրադարձություն, ներառյալ` վերը նշված 2 իրադարձությունները):
1956 թ. ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն անդամ պետությունների հետ նշում է հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանները՝ դրանց համաշխարհային նշանակություն տալու և հանրահռչակելու նպատակով։ Մշակույթի մեջ մեծ ներդրում ունեցած հռչակավոր մարդկանց և իրադարձությունների հոբելյանների նշումը նպաստում է միջազգային փոխըմբռնմանը, ժողովուրդների միջև ավելի սերտ հարաբերություններին և խաղաղությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում