Սիրելը մարդ արարածի կոչումն է

Սիրելը մարդ արարածի կոչումն է

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ

Հույսը մեզ ապրելու, գործելու, ծառայելու ուժ է տալիս: Քրիստոնեության կարևոր խնդիրներից մեկը աշխարհին հույս բերելն է և, բնականաբար, որպեսզի կարողանանք հույս տալ, պետք է ինքներս այն ունենանք:

Սկսենք այն օրինակից, որը պատմում է Գործք առաքելոցի 27.9-26 հատվածը: Երբ Պողոս առաքյալի կողմից զգուշացված նավապետները չեն առաջնորդվում նրա խոսքով և ծովում ընկնում են մեծ փորձության մեջ, Պողոս առաքյալը նրանց հուսադրում է, ասելով, որ ճիշտ է, Աստծուն չվստահելու պատճառով նավը կկործանվի, սակայն բոլոր մարդիկ անվնաս ափ դուրս կգան: Նավապետները, ովքեր չէին ճանաչում Աստծուն, պատրաստ էին լսելու բոլորին, բայց ոչ Աստծո Խոսքը Պողոս առաքյալից:

Այսպես են վարվում և այսօր շատերը. լսում են հզոր պետությունների և մեծահարուստների կարծիքը կարևորագույն որոշումներ կայացնելիս, նրանք մտածում են թե փողը, գիտությունը, զարգացած տեխնոլոգիան թույլ կտան մարդուն ամեն ինչ հաղթահարել: Բայց Պողոս առաքյալը դեռ դարեր առաջ զգուշացնում էր, որ մարդը, որպեսզի տեսնի ճշմարիտ հույսը, որն Աստծուց է, պետք է խոստովանի իր սխալականությունը և կարևորագույն որոշումներ կայացնելիս առաջնորդվի ոչ թե մահկանացու մարդկանց խոսքով, ելնելով նրանց այդօրյա դիրքից, այլ Հավիտենական Աստծո Խոսքով:

Սխալ որոշումներ կայացնելու պատճառով մենք նույնպես կարող ենք մեծ վնասներ կրել մեր կյանքի տարբեր ժամանակահատվածներում, բայց դուրս գալով իրավիճակից՝ փրկվելով, մենք պետք է շտկենք մեր վերաբերմունքը Աստծո Խոսքի նկատմամբ: Բայց ինչպե՞ս վստահ լինենք, որ այն, ինչ մեզ ասվում է, Աստծո որոշումն է մեզ համար: Դարձյալ ունկնդրելով Պողոս առաքյալին` տեսնում ենք, որ նա ամբողջովին նվիրված էր Աստծուն և Նրա կողմից իրեն հանձնարարվածը ի կատար ածելու համար է, որ գնում էր Հռոմ, և Աստված թույլ չէր տա, որ Պողոս առաքյալը վտանգվեր, քանի որ ոչ ոք ի զորու չէր խափանելու այն, ինչ Աստված որոշել էր իրականացնել նրա միջոցով: Աստծո կամքը մեր կյանքում հասկանալու համար պարտավոր ենք մեր ամեն օրն ապրել Նրա խոսքի համաձայն:

Մեզ այսօր էլ տրված է Աստծո Խոսքը, որպեսզի մենք ձեռք բերենք փրկության հույս: Մեր շուրջը ամեն ինչ փոխվում է, տնտեսական ճգնաժամը՝ մի կողմից, հասարակության բարոյական անկումը՝ մյուս կողմից, հիվանդությունները, սիրո և հավատի պակասը շատ շատերին զրկում են հույսից: Այդ ամենը մեր մեղքերի պատճառով խորտակվող նավն է, բայց խոստովանելով, մեր սխալները ճանաչելով` մենք ձեռք կբերենք փրկության հույս, որը պարտավոր ենք փոխանցելու նրանց, ովքեր հուսալքված են ու գտնվում են անելանելի վիճակում: Մենք պարտավոր ենք Պողոս առաքյալի նման զգուշացնել նրանց, ովքեր Աստծո խոսքը անտեսելով գնում են դեպի կործանում և ում հույսը Հիսուս Քրիստոսը չէ. «Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք» (Ա Կորնթ. 16.13):

ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ

Եվ կրկին հարցնենք ինքներս մեզ՝ ինչո՞ւ ենք ապրում: Իհարկե, որպեսզի մի օր հանդիպենք Աստծուն:

Դժվար չէ նկատել, որ այսօր մարդկությունն ամբողջ աշխարհում ավելի բարձր է գնահատում նյութական բարիքները, քան հոգևորը: Անձնական փրկությունը անհավատալի երևույթ է մեզ համար, մանավանդ այն պարագայում, որ մենք ճանաչում ենք մեր հոգևորականներին, շփման մեջ ենք նաև նրանց ընտանիքի անդամների հետ, և նրանք մեզ համար երբեմն կատարյալ չեն ներկայանում։ Շատերը նայելով Եկեղեցուն՝ ուշադրություն են դարձնում նրա արտաքին տեսքին, և նրանց համար Քրիստոսի Եկեղեցին մի սովորական կազմակերպություն է սոցիալ-դեմոկրատական հասարակարգով: Եթե ավելացնենք նաև, որ Եկեղեցում նույնպես կան լավ և վատ «ձկներ», ինչպես Հիսուս Քրիստոսի «ցորենի» և «որոմի» առակում, ապա մենք կկենտրոնանանք միայն Եկեղեցում տիրող բացասական երևույթների վրա և երբեք էլ չենք կարողանա հասկանալ ու գնահատել Եկեղեցու կենարար խորհուրդները: Մենք ընդունակ չենք լինի լսելու Աստծո կենսաներգործող հիմնը, որը մեզ անընդհատ կոչ է անում միանալ Իր Ընդհանրական Եկեղեցուն:

Մեր օրերում շատ հաճախ կարելի է տեսնել հոգևորականների նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունք, քննադատություն, բայց այն, ինչ նրանց միջոցով անում է Աստված հավատացյալներիս համար, անգնահատելի է:

Ի՞նչը մեզ կարող է հեռացնել Քրիստոսի Եկեղեցուց՝ Հոգևորականի կյանքը, ով կարող է պահի տակ ընկնել մեղքի մեջ, օրինակ, այն, երբ նա իրեն թույլ է տալիս մի փոքր ավելի առաջադիմել նյութական բարեկեցիկ ապրելակերպի մեջ: Մենք չպետք է մոռանանք, որ Եկեղեցին ինչքան երկրային է, այնքան էլ երկնային է, և Քրիստոսը միշտ ներկա է ու կենսագործում է Եկեղեցում, և Նրա աչքից չեն վրիպում ոչ մեր, և ոչ էլ մեր հոգևոր հովիվների սխալներն ու թերացումները: «ՈՒմ ավելի շատ տրվեց, նրանից ավելի շատ պահանջվեց»,- ասում է Ավետարանը: Չմոռանանք, որ Աստված Եկեղեցու միջոցով մեզ տալիս է նոր կյանք, նոր հոգի, մեզ մաքրագործում է մեր նախկին գաղջ, մեղավոր վիճակից, և հոգևորականներին խոստովանելով մեր մեղքերը՝ տալիս է հավերժական փրկություն, ներում ստանալու հնարավորություն, ինչը Հիսուս Քրիստոսի կողմից հանձնարարված է նրանց:

Քրիստոսի Եկեղեցին մնալու է մինչև աշխարհի վերջը, այդպես է ասում Աստվածաշունչը, և քանի դեռ կա Քրիստոսի Եկեղեցին՝ մենք պետք է հիշենք, որ Ինքը՝ Հիսուս Քրիստոսն է մեզ մատակարարում սուրբ խորհուրդներն աներևույթ կերպով ի դեմս հոգևորականների, և ավելի երկյուղածությամբ վերաբերվենք այդ խորհուրդներին և դրանք մեզ մատակարարողներին: Առավել ևս, որ ինքներս ոչինչ չարեցինք մեր զավակներին դեպի Եկեղեցու Խորան առաջնորդելու համար, անտեսելով այն օրհնությունները, որոնք մեզ պարգևելու էր Աստված:

Անահիտ-Աննա ԳԻՉՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում