Ռուբեն Հովսեփյան. Սայլը
Նմանատիպ
Քանի դեռ ինքնաթիռը օդում էր, նրան թվում էր, թե գյուղը, որտեղ պիտի հանգստանար, օդանավակայանի մոտերքում է, թեև տեղեկացել էր, որ երկու-երեք ժամվա ճանապարհ էլ պիտի անցնի, մինչև հասնի վիճակահանությամբ ընտրած հանգստավայրը:
Ինքնաթիռը ուշացել էր, գյուղի ավտոբուսը չէր սպասել, և Դերենիկը պիտի որոշեր՝ գնալ ոտքո՞վ, թե՞ գիշերել շրջկենտրոնի անհրապույր հյուրանոցում: Բարեբախտաբար, տեղյակ մեկը հայտնեց, որ, ուր որ է, ճանապարհ կընկնի մի սայլ, Ներսեսի սայլը, որ այդ սայլը մեկնում է հենց այն գյուղը, ուր ուզում է գնալ երիտասարդը:
Սայլը շուտով հայտնվեց ճամփաբաժանում և կանգնեց ուղիղ Դերենիկի կողքին:
Սայլապանն ասաց, թե՝ ինչու չէ, կտանի ջահելին, կհասցնի գյուղ, եթե ջահելը ինքնաթիռից հետո համաձայն է սայլ նստել և եթե չի սարսափում դատարկ դագաղից, որն, ինչպես տեսնում է ջահելը, դրված է սայլի մեջ:
Մի խումբ տղաներ շրջապատեցին սայլը, և Դերենիկը չհասկացավ, թե ինչու սայլապանը քշեց նրանց: Հետո գլխի ընկավ, որ տղաները ձիու պոչի մազ էին խնդրում:
Սայլապանը դագաղի վրա խոտ փռեց, հանեց արմունկները քրքրված բաճկոնը, թափ տվեց, փռեց տակը, բռունցքով տրորեց բաճկոնի փոշին կուլ տված մանր աչքերը, որ խեղճացել էին հաստ հոնքերի տակ ու, տնտղելով Դերենիկի նիհար ոտքերը, ոտքերից էլ վեր, ասաց ոչ այն է խղճալով, ոչ այն է՝ ծաղրելով:
– Միս չկա վրադ, ոսկորներդ մզզալու են:
Տղաները հեռացել էին սայլից, բայց դեռ հույս ունեին համոզել սայլապանին՝ մի քանի մազ կտրելու ձիու պոչից: Մեկի ձեռքին նույնիսկ մկրատ էր չխկչխկում:
– Խոտով դագաղն ես ծածկում, – անհամարձակ խոսեց Դերենիկը, – խոտը կփռեի տակս, փափուկ կլիներ:
Նա քանդեց վերնաշապիկի քշտած թևքերը, զգուշորեն շփեց ճմռթած տեղերը, որ չկսկծա արևահար մաշկը, ու նախանձով նայում էր ձիու պոչի մազ աղերսող տղաների կավագույն թևերին, ոտքերին: «Սրանց թեկուզ վառարանը գցիր, – մտածեց Դերենիկը, – անվնաս դուրս կգան»:
– Չքվեք, – չարացավ սայլապանը, – ամեն մեկիդ թե մի-մի մազ տամ, անասունը կմնա անպոչ:
Մտրակը ֆշշաց օդում, կավագույն տղաները հուսախաբված սուլեցին, իսկ Դերենիկը փակեց աչքերը, որ չտեսնի ձիերի ծեծը:
Երբ նա բացեց աչքերը, սայլապանը խորամանկ ժպտում էր ու մսոտ քթի տակ երգ էր դնդնում: Դերենիկը հայացքով փնտրեց մտրակի հետքը և, որովհետև չգտավ, մտածեց, որ սայլապանը չի զարկել ձիերին:
Նա հանեց կոշիկները, շարժեց ոտնամատերը ու զարմանքով նկատեց, որ ոտնամատերի խաղը նույնությամբ կրկնում են ձեռքի մատները: Գուլպաներն էլ հանեց, խցկեց կոշիկների ներսը ու խոնավ, սպիտակ ոտքերը տնկեց հասունացող արտի սվվոցի դեմ:
«Տե՜ր աստված, – հաճույքից թուլացավ Դերենիկը, – մի՞թե այսքան մեծ կակաչներ են լինում»: Բայց նա իսկույն գլխի ընկավ, որ իրեն զարմացնողը կակաչների կարմրությունն է և ոչ թե մեծությունը: Նա նույնիսկ ենթադրեց, որ կակաչներն իրականում այնքան էլ մեծ չեն, որքան երևում են հեռվից: Կարմրությունն է մեծության պատրանք ստեղծում:
– Քեռի, մի խփիր ձիերին, – խնդրեց Դերենիկը, – բարակացծ լինես, նեղացած լինես, մեկ է, մի խփիր…
«Որովհետև, – մտքում շարունակեց Դերենիկը, – ձիերը մեր բարեկամներն են… Մտրակը տուր ձիուն ու տես՝ կխփի՞ նա քեզ: Չի խփի, իսկ դու խփում ես»:
– Պահ, պահ, պահ, – ձեռք առավ սայլապանը, – Հիսուս Քրիստոսն է: Հա, էլի, նա է: Ե՞րբ եկար, աստծո որդի: Բա ինչո՞ւ ուշացար: Երկիրն ապականվեց, մեղքերը կերան երկիրը:
Մի օր շուտ գայիր գոնե, խեղճ Ենոքին փրկեիր:
Դերենիկը տրորեց քթատակը, որ սրբի խուտուտ տվող հիմարավուն ժպիտը. «Սրա հետ խոսել չի լինի»:
Նրան վշտացնողը սայլապանի ծաղրը չէր. նա վշտացել էր, որ սայլապանը ծաղրեց հենց այն ժամանակ, երբ ինքը մերկ ոտքերով շնչում էր հասունացող արտի սվվոցը, հիանում էր կակաչների կարմրությամբ, երբ կրծքի տակ աճում էր այնպիսի մի հաճելի ու հազվագյուտ զգացում, որի պոռթկումը շատ խորհրդավոր գաղտնիքի լուծում էր դառնալու: Հիմա նա կորցրել էր մտքի թելը, հիմա նա կորուստ էր սգում, ու տխրությունն ավելի սուր էր, որովհետև չգիտեր, թե որն է, ինչն է կորուստը:
«Բոլորս էլ հանճարեղության պահեր ենք ապրում, – ցավով եզրահանգեց Դերենիկը, – և ահա մի սայլապան, մի մտրակ սպանում է այդ պահը»:
– Եկել ես ի՞նչ անես, աստծո որդի, – շարունակեց սայլապանը, – բա չխրատվեցի՞ր: Տնաշեն, իմաստուն մարդու էլ անուն ես հանել, չհասկացա՞ր, որ ուզածդ լինելու բան չի: Ասում ես՝ մի խփիր ձիերին: Ձիուն չխփես՝ կգնա՞: Ծոծրակդ կտեսնես, ձիու գնալը չես տեսնի: Քեզ մի բան ասեմ, չնեղանաս, աստծո որդի. դու մեզ շատ վնաս ես տվել: Ասա՝ ինչո՞ւ: Դու մեզ ասում ես՝ մի խփիր ձիուն, ու մենք չենք խփում: Չենք խփում, ու մեր սայլը չի շարժվում տեղից: Դու մեզ ասում ես՝ մի սպանիր, ու մենք չենք սպանում: Իսկ ում չենք սպանում, նա է մեզ սպանում: Եղա՞վ: Քո գիտությունը անգործ, անբան մարդու գիտություն է, մեռած մարդու գիտություն է: Ենոքի, – հոգին լույս դառնա, – գիտությունն է: Բա, ընկեր Քրիստոս, այսպիսի բաներ: Այսինքն՝ դու ի՞նչ Քրիստոս: Քրիստոսը լինեիր, չէիր ասի՝ դագաղը թող բաց մնա, արևի տակ գույնը գցի, միայն թե տակս փափուկ լինի: Վաղը թաղելու են Ենոքին, մարդիկ տեսնեն գունաթափված դագաղը, ի՞նչ կասեն: Չե՞ն ասի՝ Ներսես, շան ծիծ կերած, երեսուն կիլոմետր գնացիր, երեսուն կիլոմետր ետ եկար, այս ի՞նչ անգույն դագաղ բերեցիր: Ես ո՞ր մեկին հասկացնեմ, որ դագաղագործը թե պետական, թե սեփական պլան է կատարում, ներկ է տնտեսում: Մարդ ես, – ասացի, – գոնե դագաղից կոպեկ մի պոկիր:
Ներկը, – ասացի, – մարդավարի քսիր: «Դագա՞ղ, – ծիծաղում է, – ի՞նչ դագաղ: Սա քեզ համար է դագաղ: Ինձ համար ոնց որ աթոռ լինի կամ սնդուկ»: Վարժվել է, էլի: Թե կնիկը տուն չթողնի, կքնի արհեստանոցում, դագաղի մեջ: Կարո՞ղ ես քնել դագաղի մեջ:
– Ժամանակը գա՝ կքնեմ, – ինքն իրենից զզվեց Դերենիկը:
– Պա՜հ, ժամանակը գա… Ժամանակը գա՝ քեզ չեն էլ հարցնի: Տղամարդ ես, հիմա քնիր:
Դերենիկը խեղճացավ, կծկվեց. նրան թվաց, թե սայլապանը ուժով պառկեցրել է իրեն դագաղի մեջ ու քարով մեխում է կափարիչը:
– Գույնդ թռցրիր, – քրքջաց սայլապանը, – մեծ, ուսում առած տղա ես, չգիտե՞ս, որ դրանք սուտ-մուտ բաներ են:
– Ի՞նչն է սուտ-մուտ բաներ, – միայն իր ձայնը լսելու համար հարցրեց Դերենիկը, անզուսպ պահանջ զգալով շրջվել, տեսնել՝ արդյոք խոտերի տա՞կ է դագաղը: Սատանայական մի փսփսուկ նրան համոզում էր, որ դագաղի հետ տարօրինակ բաներ են կատարվում:
– Ոգին, գյորնափշտիկը, այն աշխարհը, սատանան, ես ի՞նչ գիտեմ… Դու ինչի՞ց վախեցար:
– Քեզանից, – խոստովանեց Դերենիկը, – թվաց, թե դու ինձ պառկեցրել ես դագաղի մեջ ու քարով մեխում ես կափարիչը: Ու այդ Ենոքը, միաչքանի այդ Ենոքը…
– Հա, միաչքանի էր Ենոքը: Ծառը կտրելիս տաշեղը դիպել էր աչքին, փչացրել էր:
– Ու այդ միաչքանի Ենոքը բղավում էր վրաս՝ տուր իմ դագաղը…
– Կա’ց, – ճչաց սայլապանը, – քեզ ո՞վ ասաց, որ միաչքանի էր Ենոքը: Ես չասացի: Դու մեր գյուղից չես… Քեզ ո՞վ ասաց…
Դերենիկը թոթվեց ուսերը, այլևս անհնար էր զսպել ցանկությունը, շրջվեց տեսավ սայլի ցնցումներից խոտերը ցրվել, մերկացրել են սև դագաղի սուր-սուր անկյունները: Նա սարսափեց իր ոտքերի մերկությունից, հապշտապ հագավ գուլպաները, մտքում կափկափելով սայլից իջնելու, ոտքով գնալու որոշումը:
Սայլապանի ճչոցի վրա ձիերը կանգ առան, ոլորեցին պարանոցները, տիրոջ հուզմունքից գլուխ չհանելով՝ դոփդոփեցին ճանապարհը, ու փոշու խուտուտը գրգռեց, լայնացրեց նրանց խոնավ ռունգերը:
Դերենիկը չսպասեց, որ վախեցած սայլապանը վռնդի իրեն, ինքը ցած իջավ, մտավ արտը, և երբ հասկերը քսվեցին գոտկատեղին, նա երևակայեց, թե ծովն է ընկղմվում:
«Ավելի անհեթեթ բան չկա, քան այս արտի կողքով դագաղ տանելը, – մտածեց Դերենիկը, – և, առհասարակ, ինչո՞ւ մարդիկ փղերի նման չեն գնում մեռնելու աչքից հեռու մի տեղ»:
Նա մտքում ծիծաղեց սայլապանի ճչոցի վրա, ու այդ ներքին ծիծաղից շիկնեց նրա դեմքը:
Արտասովոր, դղրդացնող արթնացում ապրեց Դերենիկը, մարմնում զգալով մեռած կամ քնած ինչ-ինչ մկանների թրթռում: Եվ այդ արթնացումը մի պահ նույնիսկ վախեցրեց նրան: Ավելի ճիշտ՝ դա վախ չէր, այլ անսովորության հետ երես երեսի հանդիպման դողոցք, որ շատ շուտ է անցնում, որովհետև անսովորը միայն առաջին պահ է անսովոր:
Դերենիկը տեսավ իր ոտնահետքերը, որ ձագարներ էին արտում, ուզեց կռանալ, ստուգել՝ կոտրվե՞լ են ցողունները, թե՞ ճկվել են միայն, հետո ծուլորեն շտկվող հասկեր նկատեց ու հասկերից մեկին թառած թիթեռ, որ չալպուտուրիկ թևերը սուր անկյուն կազմած դողում էր՝ ամբողջովին թռիչքի տենդով բռնված:
– Թռիր, դե, – խրախուսեց Դերենիկը, – մեկ, երկու, հոպա՜…
Թիթեռը ծաղկեց օդում, քսվեց Դերենիկի մազերին ու խուճապահար փախավ՝ շաղելով գույնզգույն ալրափոշի: Դերենիկը դուրս հանեց լեզուն, գլուխը վեր տնկեց ու վայելում էր մեռոնահամ ալրափոշու շոյանքը:
– Վերջ տուր խաղերիդ, – ձայն տվեց սայլապանը, – մեռելատանը ինձ են սպասում, չէ՞:
– Դու գնա, – սթափվեց Դերենիկը, – գնա, ես ոտքով կգամ:
– Խե՞նթ է, ինչ է: Ոտքով էիր գալիս, ինչո՞ւ նստեցիր սայլս: Արի, խելառ, արի, ձիերին չեմ ծեծի: Ճանապարհն իջնում է, ձիերն իրենք իրենց կգնան:
Դերենիկը դուրս եկավ արտից, նստեց արտեզրի թմբին, բերանն առավ մի ցողուն, ծծեց խաշած ցորենի համ հիշեցնող հյութը և ափսոսաց, որ անցնում է բարկությունը:
– Ինչո՞ւ երեխաներին ձիու պոչի մազ չտվեցիր, – հիշեց, ինքնագրգռման փորձ արեց Դերենիկը, – այդ երեխաները հիմա երևի լուսամուտի ապակիներ են կոտրում: Այդ երեխաներին հիմա երևի ծեծում են: Վաղն այդ երեխաները գողանալու են ձիուդ ամբողջ պոչը:
– Արևի, քամու, անձրևի տակ պարարտանյութ եմ կրում, խոտ եմ կրում, դագաղն ի՞նչ է, երկու տախտակ, երկու տախտակի համար երեսուն կիլոմետր գնում եմ, երեսուն կիլոմետր ետ գալիս, երեկվա լակոտն ես, գլխիս քարոզ ես կարդում, – շուտասելուկի պես ասաց սայլապանը:
– Ես լակոտ չեմ, – բողոքելու ճիգ արեց Դերենիկը, – ես Դերենիկ Տերտերյանն եմ:
– Ախար, գլխի էի ընկնում, որ տերտերների տոհմից ես, – ուրախացավ սայլապանը, – այս պուճուր երկրում երեք հայից երկուսը տերտերի թոռներ են:
Նա նստելատեղից վերցրեց բաճկոնը, ցած իջավ սայլից ու հենց ճանապարհի մեջտեղում փռեց բաճկոնի ծոցագրպանից հանած մաշված, ծալված քարտեզը:
Դերենիկը, որ եկել կանգնել էր սայլապանի գլխավերևում, նկատեց, թե ինչպես մի հետաքրքրասեր մրջյուն թողեց ավարը և բարձրացավ քարտեզի վրա: Նա անարգել կտրեց մի քանի լեռնաշղթա, առանց թրջվելու լողաց-անցավ Սևանը և, բոլորովին ուշադրություն չդարձնելով պետական սահմանը խորհրդանշող կարմիր գծի վրա, մտավ հարևան երկիր: Հարևան երկրի կենտրոնին չհասած, նա կանգնեց շունչ քաշելու, իրար քսեց առջևի վերջավորությունները, և հենց այդտեղ սայլապանի մատը ճզմեց նրան:
– Այստեղ մեր գյուղն էր, Բեսին: Հին գյուղ չէր, հին լիներ, եկեղեցի կունենայինք: Ուրֆայից էինք տերտեր կանչում՝ պսակի, թաղման համար: Եվ արդեն փող էինք հավաքել, որ եկեղեցի շինենք, երբ լուր եկավ, թե հայերին կոտորում են: Մենք փախանք Մդեբ՝ ***իմ Համադի մոտ: ***իմ Համադն ասաց. երեք եղբայր եք, երեքդ էլ իմ տղերքն եք: Դու Սարգիսը չես, Խդրն ես, դու Կարապետը չես՝ Իսան ես, դու Ներսեսը չես՝ Ուեսոն ես, գնացեք ոչխար պահեք: Տո, դուք ի՞նչ գյավուր, – ասաց ***իմ Համադը, – դուք եզդի եք: Գյավուրն արհեստավոր է:
Մի քանի ամիս ծպտված ապրեցինք և էլի կապրեինք, եթե Կարապետը՝ Իսան, Ուրֆա տանող ճանապարհին չհանդիպեր գաղթականների քարավանին: Իսա, դու Իսա լինես, տասներկու կին, պառավ, երեխա է փախցնում քարավանից ու բերում Մդեբ: Խեղճ, սոված, ջարդված հայեր էին, ընկան թթենու տակ, քնեցին:
***իմ Համադը մի տղա ուներ, անունը՝ Ասաֆ: Մի չարսիրտ, ոսկի սիրող շուն: Սա անցնում է թթենու մոտով, տեսնում է գաղթականներին ու մտածում. սրանք տուն-տեղ թողած հայեր են, ոչինչ չեն վերցրել, գոնե ոսկի վերցրած կլինեն: Մոտենում է, թե՝ կնանիք, եթե ոսկի ունեք, տվեք, ձեզ ուտելիք բերեմ, խմելիք բերեմ: Մի պառավ խալաթի աստառի տակ ոսկիներ է կարած լինում, պոկում է մի ոսկի, տալիս է այս շանը:
Ասաֆը բռնում է Իսայի օձիքից. «Գյավուր, – ասում է, – սրանց ինչո՞ւ ես բերել»:
«Մեղք են, չէ՞», – ասում է Իսան:
«Բա մենք մե՞ղք չենք: Ձեզ հազիվ ենք պահում: Ձեր պատճառով վաղը մյուս օր մեզ էլ կարող է մորթեն»:
Մդեբում մի արաբ կար. չխոսկան մարդ էր, ապրում էր մոր հետ: Ասաֆը, Իսայից գլուխ չհանելով, գրգռում է սրան՝ թե սպանենք գյավուրներին, շատ ոսկի ունեն: Ու գիշերը այս արաբը տասներկուսին էլ խեղդում, ջրհորն է գցում:
Երեք օր հետո առավոտյան արթնացանք արաբի մոր ճչոցից: Գիշերվա շապիկով կանգնել էր դռանը ու բղավում էր. յա-յովելի՜, հա-հո, հավար, հասեք, տղաս խենթացել է: Մորն, ուրեմն, ուզեցել է խեղդի ու ոսկի է պահանջել:
Դռները փակեցին, որ դուրս չգա տնից, մինչև երեկո մեռավ: Ոչ ոք չէր կարողանում մոտենալ դիակին: Գարշահոտը ընկավ գյուղը:
– Հետո՞, – հարցրեց Դերենիկը:
– Հետո մենք փախանք Մդեբից: Էլ ի՞նչ ես շշմել, նստիր գնանք:
Սայլապանը խնամքով ծալեց քարտեզը, դրեց ծոցագրպանը, հետո բաճկոնը ուզեց փռի նստելատեղին ու, չգիտես ինչու, մտադրությունը փոխեց, հագավ ու ինքն էլ նստեց չոր տախտակին:
Ձիերը հոգնել էին կանգնելուց, վազելու փորձ արեցին, բայց սայլապանը պահեց նրանց:
Ճանապարհն իրոք իջնում էր, զգացվում էր ձորի խոնավ հոտը, և Դերենիկին այնպես էր թվում, թե անիվների ճռնչոցի հետ լսողությանն է հասնում նաև ջրի խշշոցը:
– Քրիստոսին ձեռ ես առնում, – խոսեց Դերենիկը, – տեսա՞ր, ինչ եղավ արաբին:
– Իսկ Ասա՞ֆը, – մեկեն վրա բերեց սայլապանը, ասես սպասում էր Դերենիկի խոսքին, ասես այս ամբողջ պատմությունը պատմել էր Դերենիկին ծուղակը գցելու համար, – իսկ մնացածնե՞րը: Ամեն սպանության քանի՞ պատիժ է ուղարկում աստված: Եթե ամեն սպանության դիմաց աստված պատիժ է ուղարկում, ապա, բարով ես եկել, աստծո որդի:
Իսկ եթե չէ, իզուր ես եկել, մեզ ուրիշ աստված է պետք, ուրիշ աստծո որդի է պետք:
Ձիերը ծարավ էին. ջրի կանչը խենթացնում էր նրանց, ու սայլապանը, որ խճճվել էր մտքերի, հուշերի քաոսում, մոռացել էր ձգի ձիու սանձը, զսպի ձորը թռչող ձիերի վազքը:
Եվ այդ խելացնոր վարգի մեջ Դերենիկը մտածում էր, թե ահա քանի դար ինքը իր ճշմարտությամբ, սայլապանն իր ճշմարտությամբ նստած են այս ճռճռան սայլը, գլորվում են անվերջ և ոչ խորտակվում են, ոչ էլ լեռան գագաթն են բարձրանում…
Հետևեք մեզ նաև Telegram-ում