Գայթակղության ծառը (ճանաչողության օգտակար մի բանալի`«Գաղտնիքների գրքից»)
Նմանատիպ
Կարծում եմ այս իմացաբանական նախաբանը այժմ կարող է հիմք դառնալ պոռնկության և շնության վատթարության, Աստծո դեմ անհնազանդության չարիքի ահռելի վնասների և դրանց դատաստանների մասին մեր հաջորդ խոսքի համար: Որովհետև պոռնկության-ապականության մեղքը, ինչպես Աստծո խոսքն է ասել` մայրը եղավ բոլոր մեղքերի և դրանց չար զարգացումների և չար էլ հետևանքների: Համաշխարհային ջրհեղեղը պոռնկության պատճառով եղավ,- վկայում է նաև Ղազար Փարպեցին:
ՈՒրեմն, մեղքերի սկզբնական սայթաքման տեղն է պոռնկությունը, նաև՝ շնությունը: Նման դեպքերում սատանան խարդախելով միանում, հմայում և խաբում է մարդուն կենդանի սիրուց հեռանալ դեպի արհամարհելի նյութի ոգի, որն սպանում է հոգևոր մարդուն, նրան վերածում ճիվաղի կամ սատանորդու: Այդպես կործանվում են ժողովուրդներ, հաճախ` հիմնահատակ: Կինն իսկ սեր է, կյանք տվող, սերունդ շարունակող, ու բնականությամբ, այրի մեկ ոսկորով` անփոխարինելի-մեկ մարմին ընկեր, շնորհ և ոչ թե ցանկության ու զվարճանքի առարկա-խաղալիք կամ ժամանցով գործածվելուց հետո դեն նետվող իր կամ ոմանց կողմից որպես անասուն դիտվող: Կնոջ բուն սերը հոգևոր է:
Այդ է պատճառը, որ Հիսուս Լեռան Քարոզում ասում է. «Նա, ով կնոջը նայում է նրան ցանկանալով իր սրտում՝ արդեն շնանում է նրա հետ: Եվ քեզ համար լավ է քեզ գայթակղող աչքդ հանես, քան թե (շնանալուդ համար) մատնվես դժոխքի կրակին, կրակ, որ երբևէ չի մարում և սատանայի ու նրա կամքը կատարողների համար է պատրաստված»: Որովհետև ոչ թե այր ու կին մեկ մարմին չպետք է լինեն, երբ այդ բանին են բնականորեն կոչված` Ադամի մեկ ոսկորով, Վերնային սիրով և օրհնությամբ զարդարուն, այլ որ ցանկականը կռապաշտելը, ծայրահեղ ու անբնական, անօրեն դարձնելը արդեն իսկ կործանարար է և մահու խայթ, որ քարշ է տալիս խաբվածին մոլության ու մարդուն անասունից էլ ցած դարձնող այլևայլ նզովյալ արատների, մինչև վայրագ Սոդոմ-գոմորականություն, որ Կրակե Դատաստանին է ենթակա: Սակայն ինչպե՞ս տարբերել սերը` ցանկությունից, սերը` շնությունից: Նա, ով սիրում է, Աստծուց է, նա, ով ցանկանում է, չարից,- պարզաբանում է Հովհաննես առաքյալը: «Ոչ թե Աստծուց խնդրում եք արժանանալ, այլ ցանկանում եք ունենալ, այդ բանի համար սպանում եք…որ ձեր (թալանածն ու խլածը) մաշեցնեք, սպառեք ձեր ցանկությունների մեջ» -ասում է առաքյալը:
Այսինքն. սիրուն պետք է արժանանալ և ոչ թե սերը տիրել: Եվ երբ ճշմարիտ Տերը սերն է, նրան տիրելը նշանակում է` նսեմացնել իրենից վեհ Տիրողին, անարժանորեն հոգևորը ունենալ որպես արդեն նսեմացված, ստրկացված ունեցվածք, հանցանք, որ որպես դառն ու շեղ ճակատագիր, ցավոք, չուզենալով էլ` պարտադրելու ես զավակներիդ: Որ նշանակում է, թե Սիրո անվան տակ այսօրինակ մահացու հանցանքը կեղծավորություն, անօրենություն և անբնական ծայրահեղություն է առաջացնում, որ վերջանում է դառն մահով և մահից այն կողմ էլ` զայրալից պատժով: Այսինքն, պիտի արժանանալ սիրուն և ոչ թե այն խլել, հափշտակել և կամ գայթակղությամբ կամ բռնությամբ տիրանալ: Բաներ, որոնք դժբախտության պատճառ ու հետևանք են, քանի որ ծնված զավակները պիտի հայրերի անօրենության պատասխանը տան, մինչև 3-4 ու ավելի սերունդներ, ինչպես որ օրենքների Գիրքն է ասում:
Իսկ օրենքների Գիրքը անփոփոխ է, որովհետև Աստվածահաճո չէ անարժանի և արժանավորի մեկ մարմին լինելը: Իսկ այր և կնոջ ճշմարիտ սերը արժանանալով է և Աստծո բարեհաճությամբ և օրհնությամբ: Այս է ճանաչման Բանալին: Այր և կնոջ Սերը Աստծուց է, ցանկությունը (անարժանորեն արժանին ունենալը գայթակղությամբ կամ սոսկ մարմնական ցանկությունը բավարարելու համար)՝ սատանայից է, նյութի ոգուց, որից էլ զավակների դառն ճակատագիրն է առաջանում: Այսինքն թե, Թագավորը Սերն է ու ընկերասիրությունը, որպես հավիտենական ոսկե օրենսդրություն: Նույն հիմնաքարությամբ Հիսուս օրենքի հարյուրավոր պատվիրանները Սիրո երկու գլխավոր պատվիրաններով` կայացած համարեց. Ոչ թե սոսկ մարմնի համար բարեկեցության, այլ` Կյանքի համար աշխատանքով: Այն է` եթե սխալվել ենք, հանցավորվել, ապա ապաշխարություն գոյություն ունի, ջանք անելով` հետդարձ գոյություն ունի դեպի երջանկություն, դեպի սուրբ Սերն Աստվածային:
Ընթերցենք. «Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»: 37 Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: 38 Այս է մեծը եւ առաջին պատուիրանը. 39 եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը: 40 Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»: (Մատթէոս, 22): Պատկերացնենք, որ ընդամենը Սիրո երկու պատվիրանով հարյուրավոր օրենքներ ենք արդեն կատարած լինում, հավելյալ, Աստվահաճո էլ մեր լինել մնալով: Սա ճշմարիտ ազատագրում է, կամ ճշմարիտ քայլ դեպի հավիտենական կյանք ու երանություն, կայացող ճշմարիտ և կենդանի հրաշք: Եվ միայն Քրիստոսի մեջ լինելով է այս ամենը հնարավոր: Միայն Քրիստոսի մեջ լինելով է հնարավոր նման ազատագրման ապաշխարություն կայացնել: Եվ զարմանալին ու հրաշալին այստեղ այն է, որ այդ ապաշխարությունը ոչ միայն անձանձրալի է, այլ Սուրբ Հոգու առատաբուխ և ուրախալի շնորհներով: Աստվածաշունչը մեզ ուսուցանում է, որ միայն Քրիստոսի՝ Սիրո Հովվի միջոցով կարող է մարդը ճշմարիտ տարբերակել սերն ու ցանկությունը, այսինքն՝ Աստծունը և սատանայի գայթակղածը:
Հավատով կարդում ես Ավետարանը, այնտեղի խրատները պահում և արդեն սկսում ես նորմալ մարդ դառնալ: «Սուրբ է ամուսնական անկողինը,- ասում է Պողոս առաքյալը,- սակայն Տերը պիտի դատի շնացողներին»: Իսկ եթե շնացել ես, պիտի դիմես ապաշխարության: Բացի Քրիստոսով ապաշխարությունից` Տիեզերքում այլ բանալի չկա կորցրածդ Սիրոն ու Կյանքին, հավիտենական երանությանը վերադառնալու: Թեպետ մեկ ելք էլ կա, այդ հարյուրավոր օրենքների վերստին կատարումն է, որ ոչ մի մարդ չի կարողանում լիարժեք պահել- իրականացնել, առանց Քրիստոսի զորակցության: Տխուր է մեզ համար ճանաչողության որոշ հարցեր, մանավանդ, շատերս հարաբերվելով մարմնի ցանկականի խայթոցներին, նրա բերած հիվանդություններին ու մահվանը, թունավորված` հետ ենք ցատկել, մերժելով մեր մարմնականը գերադասելը, նախընտրելով Աստծունը` մեր ապաշխարությամբ: Երբ հասկանում ենք, որ մարդը դրախտում արդեն բացիլակիր էր, քանի որ մեկ օրենքով անգամ անկարող եղավ դրախտում չգայթակղվել ու այդ մեկ օրենքը պահելով ապրել, ապա այդ բացիլակրությունը պատճառ է, որ ընդունենք թե՝ մենք ևս որպես ադամական զարմ, կարող ենք գայթակղվել, եթե ճշմարիտ քրիստոնյաներ չլինենք-մնանք, «եթե թույլ չտանք, որ ճշմարիտ Քրիստոս, ոչ թե ինչ-որ օտար, կապկող ոմն, Իր փրկչարար Հոգով ապրի մեր մեջ» և ապրի մեր մեջ ներքին, մեր հավաստի համաձայնությամբ:
Քանի որ մեր կամենալով է մեր փրկությունը, որ հարկ է քրիստոնեությամբ ամուր պահենք և պահպանենք: Որովհետեւ չարին միայն գիտենք, որ Աստվածորդին հաղթեց և չգայթակղվեց նրա ոչ մի փորձությունից և Իր հաղթող զորությունը տվեց յուրաքանչյուր նրան, ով իր մեջ ընդունում է Աստվածորդուն որպես իր անձի Տեր և Փրկիչ՝ Նրա Խոսքը պատվելով և այդ Խոսքով առաջնորդվելով: Այսօր գայթակղության հարցերը ավելի մեծ են աշխարհում, այսինքն թե՝ երկիր վռնդված սատանան իր ողջ ուժերով, իրենից- նյութի ոգու մոլությամբ հիմարական հիացած խաբվածների հավաքագրել, և շնության ու պոռնկության ապականարար ու կործանարար այդ զենքերով՝ ելել է պատերազմի ավելի լայնածավալ չափերի, և իշխանություններ, ցավոք, գերեվարելով: Արատավորված, խղճմտանք չունեցող մարդիկ` պոռնոֆիլմերով, պոռնոգրքերով ապականում են աշխարհն ավելի, մոլորեցնում նրանց, ովքեր սիրո հետևից կարող էին գնալ և կյանք ունենալ: Մինչդեռ դառնում են կորստի առարկաներ: Արդեն Հակաքրիստոս Նեռի կարապետները կամենում են Սոդոմ-Գոմորականություն վայրագությանը լայն տեղ տալ, այն էլ արդեն խարդախությանը կուլ գնացած մարմնապաշտ, դրամը կուռք շինած իշխանների` «օրենքների հրամայականներով»:
Զարհուրելի է: Աշխարհը մեծ որոգայթի մեջ է հայտնվել, ավելի, քան երբևէ: Եվ Աստծո բարկությունն է այսօր բորբոքվում նման անհատների դեմ ու նման նյութի մոլի հիմարությամբ ընկած կամ բռնված խմբավորումների, չարին այդպես իրենց հոգիները վաճառած անհատների և Հոգևոր գիտությունը մերժողների վրա, երբ Աստված հայտնում է. «Հոգևոր գիտությունը մերժողների մայրերը հետո պիտի լաց լինեն մերժող զավակների դժբախտության վրա»: Նման անբնական և անբանական եղելույթների հանդեպ Աստվածային իմաստություն ունեցող դատավորներով և իշխանական ազնվական համակարգ, իմաստուն խորհրդարան առաջացնելով կարելի է պայքարել և հաղթել` հանուն արդարասեր ժողովրդի սրբման և կատարելացման, մեղքից ապաշխարությամբ ամոքման, չարից բարուն դառնալու ճանապարհով:
Ինչի՞ նման է թույլ տալ պոռնոֆիլմերը, որ հեռուստացույցի միջոցով գայթակղության քար են դառնում ոչ միայն երիտասարդությանը, այլ անգամ, ցավոք, հասակավոր մարդկանց էլ: Եթե անտարբեր ենք այս հարցերը կարգավորել, այսինքն գայթակղության դեմ պատերազմել, մի՞թե մասնակից չենք մնում նրանց, ովքեր սատանայի մոլագար գործերն են գործում` սիրո փոխարեն մարմնի անբնական ու չափազանցված ցանկականը, անգամ մանկանց միասեռականության նզովքը քարոզելով, որովհետև անտարբերությունն էլ է մեղք, գարշելի հանցանք, երբ տեսնում ենք, որ մեր երկրում, մեր զավակներին և մեր հարազատներին մոլորեցնում են մեր աչքերի առաջ, որպեսզի ներքաշեն իրենց այլանդակությունների, նույնն է թե` նյութը կռապաշտելու կործանման մեջ: Անասունը կարող է միայն անտարբեր մնալ և չկանչել Աստծուն, տեսնելով, որ որևէ վեր թռած դաս, որ ոչ թե դռնով, այլ պատուհանով է ներս ընկել իշխող համակարգ, և ինքն արդեն մոլորված ու խաբված լինելով նյութի սատանայացած մոլի ոգուց բռնված` համակրում է չար Սատանային` իր գործերի այլասերվածությամբ ու դրանից ծագած այլ հիմարական ու կործանաբեր զազրախտերի: Եթե որևէ բան չենք կարող, սակայն հավատացյալներս կարող ենք բանականությամբ, պահքով ու աղոթքով աղաչել Աստծուն, որ հասվեհաս և ոչ թե անտարբեր մնանք: Եթե որևէ բան չենք կարողանում, ապա ինքներս մեր ներսում` մեր ընտանիքներում, մեր միջավայրերում` մերժենք ապականությունն ու պիղծը, նյութի ոգու մոլին երբևէ կյանքի արժեք չհամարելով: Մեր ընտանիքների մեջ, մեր ընկերությունների մեջ հիմնենք մեր Նոյյան տապանները` Քրիստոսի Խաչելության և Հարության ամենօրյա Հաղթանակներով: Տա՛ Աստված, որ մեզանում բարձրանան խիզախ դատավորներ՝ Սատանայի գայթակղությունները մեր երկրից վերացնելու, ապա և` դուրս հալածելու համար:
Քանի որ, ինչպես Խոսքն է վկայաբանում. «Դատավորները Աստծուց են և պարտավոր են Նրա արքայական ու բարի Կամքը կատարել բոլոր ժամանակներում»: Մեր ժողովուրդն ի վիճակի և արժանի է նման սրբազան հաղթանակների: Այդ քաջալերենք, այդ որոնենք` գործերով, մեր դարձերով, պահքերով և աղոթքներով: Ըստ սուրբ Գրքի, պոռնկությունը և շնությունը սատանայի բարձրացրած այն գազանն է, որ փորձում է կապկել, մեքենայական հմայություններով նմանակել սիրոն, որս անելու, հոգի կորցնելու, ապականելու և սպանդի համար, բայց հակառակ ու թշնամի է սիրոն, հակառակ է իմաստությանը, հակառակ է ընտանիքին, հակառակ է ընկերասիրությանը, հակառակ է հայրենիքին, հակառակ է հրաշալի, ազնվական և քրիստոսահոտ – քրիստոսանման զավակներ ունենալուն: Հակառակ է Աստծո ազատարար և առատաբուխ բոլոր բարի շնորհներին: Հակառակ է Աստծուն, որ համատարած սեր է ու ջերմություն, որ ազատագրում է մեզ մեր ժառանգավորած մեղքերի կապանքներից ու մեր կյանքն ու հոգեւոր առողջությունը պահպանում:
Հայրենասիրություն ասածդ նախ հայրենիքիդ մեջ եղած գայթակղությունները վերացնելն է, դրանց տեղ չտալը, և արդեն հանցանքի վերածված գայթակղությունները Աստծո ձեռքով դատել- էտել- վերացնել-կարգավորելը` Աստծո դատավորների ձեռքով: Իսկ առաջին հերթին այդ զազրանքներով մեր իսկ չգայթակղվելն է հայրենասիրություն: Անգամ բանակների հաղթականությունը,- խրատում է մեզ Սուրբ Գիրքը,- պոռնկությունից և շնությունից հեռու մնացող, Տիրոջով առաքինի կողմին է Աստված մշտապես պարգևում: Պատահական չէ, սիրելինե՛ր, որ Մխիթար Գոշի Դատաստանագրքում որևէ հանցանքի մասին այնքան շատ թվով դատաստաններ չկան, քան պոռնկության «կրտսեր ու ընկած քրոջ» շնության հանցանքի, որովհետև սրա աճն իսկ այլ տեղ չի տանում, քան մեծ քրոջ մոտ, եթե օրենքով կամ ապաշխարության Դարձով կասեցում չունենա:
(շարունակելի)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսաբան
Աղբյուր՝ Irates.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում