Աղանդներ

Աղանդներ

Աղանդավորներ

Մակաբայեցիների մասին պատմվում է Աստվածաշնչում` Մակաբայեցիների գրքում: Այստեղ ներկայացվում է հրեա ժողովրդի պայքարը Սելևկյան իշխանների դեմ Ալեքսանդր Մեծի տիրապետութունից հետո: Ազատության համար մարտնչող հրեաները կոչվում են մակաբայեցիներ իրենց ղեկավար Հուդա Մակաբեի անունով, ով որդին էր ժողովրդին պայքարի հանած Մատաթիա քահանայի: Ավարայրի ճակատամարտում Վարդան Մամիկոնյանը հենց այս մակաբայեցիների օրինակով էր քաջալերում իր զինվորներին: Այս պայքարի ընթացքում հրեաները շատ նահատակներ ունեցան. եղան մարդիկ, ովքեր հրաժարվեցին իրենց հայրերի սկզբնական ճշմարիտ հավատքն ու օրենքներն ուրանալուց: Դրանցից մեկն էր Եղիազար ծերունին, ում մի քանի հրեաներ խոստացան խորամանկությամբ ազատել, սակայն նա պատասխանեց. «Ոչ արժան է, ոչ էլ պատշաճ, որ այս տարիքի հասած մարդը կեղծավորություն անելով մտնի սուրբ դատաստան» (Բ Մակաբ. 6.24): Աստվածաշնչում շատ հուզիչ կերպով է նկարագրված հրեա կնոջ և նրա յոթ որդիների նահատակությունը (Բ Մակաբ. 7): Երբ նրանցից պահանջում են հրաժարվել իրենց հայրերի հավատքից, մայրը հորդորում է որդիներին անսասան մնալ: Մայրն ու իր որդիները նախընտրում են մեռնել, քան թե դավաճան դառնալ: Մեծ տարբերություն կա այս սրբերի և այսօրվա որոշ հայերի միջև: Այսօր ոմանք հեշտությամբ կարողանում են հրաժարվել մեր հայրերի հավատքից, դարերով եկած ու մեզ հասած ավանդական արժեքներից ու սրբություններից և հետևում են բոլորովին վերջերս սկիզբ առած և հիմնականում Միացյալ Նահանգներից եկած աղանդավորական տարբեր ուղղությունների և ուսմունքների: Քրիստոնեության վաղ շրջանում ևս շատ քրիստոնյաներ քիչ առաջ հիշված սրբերի նման նահատակվեցին հանուն հավատքի` երկնային հարստության արժանանալով: Մինչդեռ այսօրվա աղանդավորները, իրենց համար նոր, ինքնակոչ եկեղեցի կազմելով, ճշմարտությունից հեռու լինելու պատճառով երբեք չեն կարող հոգևոր հարստություն ձեռք բերել: Գուցե շատեր սկզբում նյութապես օգտվեն` ձրի գրքեր կամ այլ տեսակի օգնություն ստանալով, սակայն խղճալի են միայն ունեցվածքով հարուստ մարդիկ, որովհետև ամեն ինչից առավել է հոգևոր հարստությունը, որ ձեռք է բերվում առաջին հերթին ճշմարտությանը հետևելու շնորհիվ: Սուրբ Հովհան Ոսկեբերանը, խոսելով աղքատ Ղազարոսի վերաբերյալ ավետարանական առակի մասին, ասում է. «Հարուստը միայն ունեցվածքով էր հարուստ, իսկ Ղազարոսը միայն ունեցվածքով էր աղքատ: Բոլորը գիտեն Ղազարոսի անունը, սակայն ու՞ր է հարուստի անունը. այն ոչ մի տեղ չկա»: «Այդքան հարստություն և ոչ մի անու՞ն, դա ի՞նչ հարստություն է»,- իրավամբ հարցնում է Սուրբ Հովհան Ոսկեբերանը:

Ազատություն և սանձարձակություն

Այսօր նաև աղանդավորներն իրենց հավաքավայրերը կոչում են եկեղեցի: Սակայն ինչպես Պողոս առաքյալն առաջին դարում (Հռ. 16.17-18, Գաղ. 1.6-9, Փիլիպ. 3.18-19), մենք ևս պետք է այսպիսի կազմակերպությունների դեմ հանդես գանք, որոնք իրենց սխալ գաղափարախոսություններն են սփռում: Կաթոլիկ Եկեղեցու մեծանուն սրբերից մեկը` Օգոստինոսը, ասում է, որ ճշմարիտ Եկեղեցուց դուրս որևէ մեկը կարող է գտնել ամեն ինչ, բացի փրկությունից: Նրանց հետևորդները կարող են երգել ալելուիա, պատիվ ստանալ, Ավետարանն իրենց ձեռքը վերցնել և կարդալ ու քարոզել, բայց ոչ ոք փրկություն չի ունենա ճշմարիտ Եկեղեցուց դուրս:

Մեր օրերում ազատության և ազատ ընտրության խնդիրը կա: Աղանդները կարող են առարկել, որ իրենք ազատություն ունեն քարոզելու իրենց հավատքը: Սակայն ՀՀ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքն արգելում է աղանդավորներին քարոզել իրենց խմբակների անդամ չհանդիսացող այլ մարդկանց: Բացի դրանից ազատությունն առանց սահմանների վերածվում է սանձարձակության: Եկեղեցական ժամանակակից հեղինակներից մեկը շատ դիպուկ է ասել. «Ես ազատ եմ շարժելու իմ ձեռքը, բայց իմ ձեռքը շարժելու իմ սեփական ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի դեմքը»: Սա նշանակում է, որ ազատությունը սահմանափակելու պատճառներից մեկը ուրիշին հասցվող ցավն է: Իսկ աղանդավորական կազմակերպությունները ցավ են պատճառում մեր ազգին` բաժանում գցելով մեր ժողովրդի մեջ, հեռացնելով մեր Սուրբ Եկեղեցուց և մեր նախնիների ճշմարիտ հավատքից:

Սուտ մարգարեներ

Մարգարեանալը միշտ եղել է բոլոր կրոնական շարժումների հիմքում: Հայտնի է, որ Հին Կտակարանում Մովսեսը վճռական պահերին հարցնում էր Աստծուն և իմանալով Տիրոջ կամքը` հնազանդվում էր ու դրանով առաջնորդում ժողովրդին:

Շատ աղանդներ իրենց նմանեցնում են աստվածաշնչյան այս կամ այն պատմությանը: Օրինակ` մորմոնական աղանդի պատմությունը իր հայտնություններով նմանեցված է հինկտակարանյան Իսրայելի պատմությանը, այն տարբերությամբ, որ այստեղ Թագավորն ու Մարգարեն` Մորմոնական աղանդի Առաջին Նախագահն է: Աղանդների հետևորդները պետք է իմանան, որ նաև սուտ մարգարեներ կան, որոնք մոլորություն են տարածում: Հովհաննու Հայտնության մեջ ասվում է. «Տեսա, որ սուտ մարգարեի բերանից ելնում էին երեք անմաքուր ոգիներ» (16.13), մեկ այլ համարում ևս ասվում է. «Եվ բռնվեց գազանը ու նրա հետ եղող սուտ մարգարեն, որ նրա առաջ նշաններ էր գործում. դրանցով մոլորեցնում էր նրանց» (19.20): Աստվածաշունչն ասում է, որ այդ սուտ մարգարեներին ներշնչողը սատանան է, որն ի վերջո պիտի պատժվի. «Եվ երկնքից, Աստծու մոտից կրակ պիտի իջնի ,- ասվում է Աստվածաշնչում,- ու պիտի լափի նրանց և նրանց զորագլխին` Սատանային, որը մոլորեցրեց նրանց» (Հայտնութ. 20.9-10): Աղանդավորական շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ նրանք ծագել են մարգարեական հողի վրա, բայց իրականում այդ մարգարեությունները երբեք չեն կատարվել: Մինչդեռ Աստվածաշնչի բոլոր մարգարեությունները կատարվել են և կատարվելու են: Սակայն, օրինակ, մորմոնական «Վարդապետություն և Ուխտեր» գրքում առկա մարգարեություններից ոչ մեկը մինչև այսօր էլ չի իրականացել: Նույնն է նաև ադվենտիստների մոտ Քրիստոսի Երկրորդ գալստյան գուշակությունները, Եհովայի վկաների մոտ Արմագեդոնի` աշխարհի վախճանի զանազան տարեթվերի գուշակությունները և այլն: Մոլորյալ, միամիտ շարքային աղանդավորները, չգիտես ինչու, մատների արանքով են նայում իրենց հրամցված տարբեր մարգարեությունների չիրականացված լինելու հանգամանքին, մինչդեռ ըստ Հին Կտակարանի, եթե չի կատարվում մարգարեի ասածը, նրան քարկոծում են, որպեսզի չմոլորեցնի ժողովրդին (Բ Օր. 13.5-10), նաև Աստված ուսուցանում է, որ սուտ մարգարեի մարգարեության չիրականանալը անմիջական վկայություն է նրա կեղծիքի, որի համար այդ մարգարեն պետք է մեռնի (Բ Օր. 18.20-22): Այսպիսին է մարգարեությունների ստուգման սկզբունքը, որը հմտորեն շրջանցվում է կամ էլ այլաբանորեն մեկնաբանվում աղանդների ղեկավարության կողմից: Այս իմաստով, ինչպես նշում է աղանդների ուսումնասիրմամբ զբաղված, մեր Եկեղեցու հոգևորականներից Տ. Ղևոնդ քահանա Մայիլյանը իր «Ժամանակակից աղանդները Հայաստանում» գրքում, որոշ աղանդների առաջնորդներ հայտնվել են շատ խղճալի վիճակում. նրանք այսօր ստիպված պիտի բացատրեն, թե ինչու չեն կատարվել իրենց նախորդների մարգարեությունները:

Ինքնաստվածացում

Այսօրվա բոլոր աղանդավորներն իրենց համարում են Աստծուց ներշնչված և Նրա զորությամբ գործող: Սակայն շատ հաճախ որոշակի զգացողություններ և տարբեր ոգևորություններ լինում են պարզապես մարդկային զգացմունքներից ու տրամադրվածությունից կամ էլ չարի ազդեցությունից, և ահավոր բան է, երբ այդպիսի վիճակում գտնվող մարդն իրեն անմիջապես Սուրբ Հոգով ներշնչված է համարում: Այս դեպքում արդեն մարդ աստվածացնում է իրեն և իր զգացմունքները, իսկ սրա մեջ մեծ վտանգ կա, որին ենթարկվում են աղանդավորների կողմից մոլորված բազմաթիվ մարդիկ: Այսպիսի ինքնաստվածացման դրսևորումներից են նաև Հայաստանում տարածված հայտնություններ ստացող կամ լեզուներ խոսող աղանդների անդամները:

Փառազրկում

Մեր եկեղեցու սրբերից է Անաստաս քահանան, ով պարսից զորքի կազմում մասնակցել է 614 թ. Երուսաղեմի գրավմանը և Քրիստոսի խաչափայտի գերմանը: Անաստասը քրմի զավակ էր, բայց դարձի եկավ քրիստոնեության և հավատաց` տեսնելով, որ Խաչը նույնիսկ գերության մեջ հրաշքներ է գործում: Անաստասը գնաց Երուսաղեմ, մկրտվեց և յոթ տարի ապրեց Սուրբ Սաբայի վանքում: Այնուհետ անցավ Պաղեստինյան Կեսարիա, որն այդ ժամանակ պարսիկների տիրապետության ներքո էր գտնվում: Այնտեղ նրան ճանաչեցին և բանտարկեցին: Պարսից Խոսրով արքան հայտարարեց, որ Անաստասին կների, եթե նա նույնիսկ ձևականորեն մեկ հոգու առաջ ուրանա Քրիստոսին: Բայց Անաստասը հրաժարվեց և մահվան դատապարտվեց: Այսպես հերոսաբար նահատակվեցին նաև բազմաթիվ քրիստոնյաներ: Եվ այսօր այն, ինչ հալածանքների ու արյունահեղության գնով չհաջողվեց իրականացնել կայսրերին, այլահավատ թագավորներին ու այլ հալածիչներին, փորձում են իրականացնել որոշ աղանդներ` իրենց հետևորդներին մոլորեցնելով, թե Քրիստոս Աստված չէ, այլ ստեղծված է Աստծո կողմից: Եվ ցավալին այն է, որ նրանց հետևում են նաև հայորդիներ, որոնց հայրերը, պապերը, նախնիները Ավարայրից առաջ, Ավարայրում և դրանից հետո պայքարել են ճշմարիտ հավատի և հայրենիքի համար: Այդպիսինները նման ընթացքով նսեմացնում են մեր նախնիների փառքն ու վաստակը և իրենց զրկում այն փառքից, որ տալու է Աստված բոլոր ճշմարիտ հավատացյալներին Երկնքի Արքայութ-յան մեջ:

Հաղորդության անհրաժեշտությունը

Այսօր Քրիստոսի առաքելահաստատ Սուրբ Եկեղեցին գուցե շատ բանով է տարբերվում առաջին քրիստոնյա առաքելական համայնքից, որովհետև ժամանակների բերումով շատ բան առաջ է ընթացել, զարգացել է և փոփոխվել, բայց մի բանում մենք հաստատ ենք և միշտ էլ նույնն ենք մնալու առաքելական շրջանի քրիստոնեական համայնքի հետ: Դա այն համոզումն է, որ Քրիստոսից դուրս փրկություն չկա, որ հատկապես նաև առանց Քրիստոս Աստծո Մարմնի և Արյան հաղորդության, ըստ Ավետարանի, մարդը չի կարող հավիտենական կյանք ունենալ (Հովհ. 6.54-55, 59): Մինչդեռ բազմաթիվ աղանդներ, պատճենելով քրիստոնեական առաջին համայնքի ձևերը, շեղվում են հավատքի ամենագլխավոր հարցերում: Օրինակ, ըստ մորմոնների, Քրիստոս ոչ միայն մարդկանց նման է, այլև բնությամբ նույնն է, մինչդեռ Եկեղեցին ուսուցանում է Քրիստոսի աստվածամարդկային բնության մասին: Եհովայի վկաների աղանդը ևս համառորեն մերժում է Քրիստոսի աստվածությունը, և չնայած որ աղանդավորները շատ են գործածում Քրիստոս անունը և այն հաճախ են գրում իրենց թերթիկների ու գրքույկների էջերին, այնուամենայնիվ, խեղաթյուրված կերպով են ներկայացնում Աստվածաշնչի տվյալները` մոլորեցնելով հիմնականում սկզբնապես Աստվածաշնչից անտեղյակ մարդկանց: Հետևաբար, այս աղանդները որոշ, այսպես կոչված, եկեղեցիների հետ միասին զուրկ են մնում Սուրբ Հաղորդությունից, հետևաբար նաև, ըստ Քրիստոսի խոսքի, հավիտենական կյանքը ժառանգելու հնարավորությունից:

Նզովքի տակ

Քրիստոս հայտնում է, որ ցորենն ու որոմը, այսինքն` բարին և չարը աշխարհում միասին են լինելու (Մատթ. 13.25, 38-39) և ասում է, որ մինչև դատաստան ցանկալի չէ որոմը քաղել, որովհետև քաղելիս գուցե ցորենը վնասվի (Մատթ. 13.30): Սակայն այս խոսքերից երևում է, որ երբ հնարավոր է որոմը քաղել ցորենին չվնասելով, պետք է քաղել և դեն նետել: Նոր օրենքում Պողոսն ասում է, որ փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը (Ա Կորնթ. 5.6), որից հետո ասում է. «Մաքրեցե՛ք, դե՛ն նետեցեք հին խմորը» (Ա Կորնթ. 5.7), «Վերացրե՛ք չարը ձեր միջից» (Ա Կորնթ. 5.13): Այդ իսկ պատճառով եկեղեցական Հայրերը նզովքների և բանադրանքների են ենթարկել ճշմարիտ հավատքից շեղվողներին: Հաճախ ինքը Եկեղեցին բանադրում և նզովում է իր հանցավոր անդամներին: Շնորհք եպիսկոպոս Գալուստյանը (հետագայում արքեպիսկոպոս և Պոլսո Պատրիարք) իր «Տեղիք աստվածաբանության» աշխատության մեջ ասում է, որ բանադրանքը եկեղեցական պատիժ է, որ տրվում է ենթակային ուղղության բերելու համար: Իսկ նզովքը կարդացվում է անուղղելի և անհույս հերետիկոսների վրա, որպեսզի մյուսները, սա տեսնելով, հեռու մնան այդ հիվանդությունից: Այսօր նզովքի տակ են աղանդավորական մոլորյալ ուսմունք տարածողները:

Իմանալ քրիստոսին

Արդեն 19-րդ դարից գերմանացի փիլիսոփաներն ուսուցանում էին, որ ամեն ինչ բանականության համար է և բանականության ներսում: Բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող իրերն ու երևույթները կատարելապես, բացարձակությամբ իմանալ: Օրինակ` աթոռը, որին նստում ենք, կամ սեղանը, որի առջև ենք, անճանաչելի են մեզ իրենց ամբողջական էության մեջ, չգիտենք դրանց մոլեկուլային և ատոմային կառուցվածքը, անտեղյակ ենք այն պրոցեսներին, որ տվայլ պահին տեղի են ունենում դրանց ներսում: Անտիկ շրջանում փիլիսոփա Հերակլիտն ասում էր, որ ոչ ոք չի կարող երկու անգամ նույն գետը մտնել: Եվ սա ճիշտ է, որովհետև գետի ջրերը փոխվում են, և երկրորդ անգամ մտնում ենք այլ ջրի մեջ: Մենք կարող ենք ճանաչել առարկաները, բայց միայն այն ազդեցությամբ, որ նրանք թողնում են մեզ վրա: Եվ եթե չենք կարող ճանաչել առարկաները, ինչպե՞ս կարող ենք ճանաչել Աստծուն:

Աղանդավորական կազմակերպությունների մեջ ևս կարելի է շատ բան իմանալ Քրիստոսի մասին, նույնիսկ Աստվածաշնչից շատ անգիր համարներ սովորել Քրիստոսի և շատ այլ բաների վերաբերյալ: Սակայն այլ է Քրիստոսի մասին իմանալը, այլ է Քրիստոսին իմանալը, ճանաչելը: Քրիստոսի մասին իմանում ենք Աստվածաշնչից, իսկ Քրիստոսին իմանում, ճանաչում ենք այն ժամանակ, երբ սրտին դիպչում է Քրիստոսի Հոգին: Հենց այսպես է, որ և՛ առաքյալները, և՛ քրիստոնեական բոլոր սրբերը գիտեին Քրիստոսին, մի բան, որից զուրկ են ճշմարտութունից շեղվածները:

Սրբազան ավանդություն

Աղանդավորները, բողոքականները չեն հավատում Սրբազան Ավանդությանը: Նրանք հետևում են միայն Սուրբ Գրքին` սխալ համարելով առաքելահաստատ Եկեղեցու կողմից ավանդության ընդունումը: Շատ հետաքրքիր են հետևյալ դիտարկումները ավանդության վերաբերյալ: Սրբազան Ավանդությունը Սուրբ Գրքում չվկայված այն բոլոր վարդապետություններն են (ուսմունքները), որոնք մեզ հասել են առաքյալներից և Եկեղեցու Հայրերից: Այս վարդապետությունները ներառում են այնպիսի նյութ, որը կարող է և չլինել Սուրբ Գրքում, սակայն որևէ կերպ չի հակասում նրան: Բողոքականները մերժում են այն ժառանգությունը, որ Եկեղեցին ձեռք է բերել նախորդ սերունդներից` առաքյալների և Եկեղեցու Հայրերի գործերը, սուրբ ժողովների որոշումները, Եկեղեցու կանոններն ու սահմանակարգումները, Եկեղեցու ծեսն ու բանավոր Ավանդությունը: Սակայն Սուրբ Գրքում շատ հաճախ է նշվում ավանդությունը և ցույց է տրվում դրա ճշմարտացիությունը: Օրինակ` Նոյը վերցրեց որոշ սուրբ անասուններ ու սուրբ թռչուններ և սեղանի վրա ողջակեզ մատուցեց (Ծննդ. Ը 20-21): Նոյն ինչպե՞ս գիտեր ողջակեզի համար սուրբ կենդանիների գործածության գաղափարի մասին: Նա պիտի որ այն վերցրած լիներ անմիջապես Տիրոջից և ապա` փոխանցած իրենից հետո եկող սերունդներին, նախքան Մովսեսը Հնգամատյանում կբացատրեր սուրբ կենդանիների գաղափարը: Երբ Աստված գրավոր օրենքը տվեց, կամեցավ, որ ավանդությունը ևս մնա: Նա պատվիրեց հայրերին տարբեր առիթներով ավանդել ու փոխանցել իրենց սովորածը զավակներին: Տերը նրանց հրամայեց տեղեկացնել իրենց զավակներին ամեն արգանդի անդրանիկ ծնունդի փրկագնման դեպքի մասին (Ելք 13.14-16): Տերը նաև ասաց ժողովրդին. «Նայի՛ր քեզ և խիստ զգո՛ւյշ եղիր քո անձին, չմոռանա՛ս այս բոլորը, որ քո աչքերը տեսան, և սրտիցդ թող չհեռանան քո կյանքի բոլոր օրերին: Եվ սովորեցրու դրանք քո որդիներին և որդիներիդ որդիներին» (Բ Օր. 4.9): Ավանդության փոխանցման երևույթը, որ առկա էր Հին Ուխտի շրջանում, տեղ գտավ նաև Նոր Ուխտի շրջանում: Մինչև որևէ Ավետարանի կամ թղթի գրությունը բավականին ժամանակ է անցել: Շուրջ քսան տարի մարդիկ Ավանդության միջոցով էին ընդունում հավատքն իր ամբողջության մեջ` Քրիստոսի ամբողջական պատմությունը Նրա վարդապետությունների և շնորհած փրկության հետ մեկտեղ: Սուրբ Պողոս առաքյալը ևս գրավորից բացի շատ կարևոր է համարում նաև բանավոր ավանդությունը: Թեսաղոնիկեցիներին ուղղված թղթում առաքյալն ասում է. «Ուրեմն եղբայրներ, հաստատ մնացեք և պինդ պահեցեք այն ավանդությունները, որ սովորեցիք թե՛ խոսքով և թե՛ մեր այս թղթով» (Բ Թեսաղ. 2.14):

Դիվական տեսիլքներ

Խոսելով տեսիլքների մասին` անդրադառնանք հիմնականում տարբեր աղանդավորների` Եհովայի վկաների, մորմոնականների, հոգեգալստականների և մյուսների պնդումներին տեսիլքներ տեսնելու իրենց կարողություների վերաբերյալ: Աշխարհահռչակ մի փիլիսոփա ճշմարտացիորեն պնդում է, որ մարդն իրերը ճանաչում է միայն իր փորձի վրա հիմնվելով, այսինքն` նա կարողություն ունի բանականությամբ ճանաչելու միայն առաջացած երևույթները: Այդ իսկ պատճառով չափազանց սխալ է, որ այն, ինչ ճիշտ է երևույթների համար, տարածում են բուն իրերի վրա և ընդհանրապես խառնում են այս երկու հասկացությունները: Չափազանց սխալ է նաև հիմնվելը ողջամիտ բանականության վրա այն դեպքում, երբ խոսքը փորձին չվերաբերող հասկացությունների և հիմնադրույթների մասին է, ինչպիսիք են տեսիլքները: Մարդկային հոգեբանության խորը քննությամբ զբաղված փիլիսոփաներից մեկը նշում է, որ բարոյական արարքը այն ժամանակ է կանգնում իր ճշմարիտ բարձրության վրա, երբ ազատված է սկզբնական միտումնավորությունից և սկզբնապես այս կամ այն կողմը հակված լինելուց: Մինչդեռ այս պայմանների բացակայությունն է պատճառը, որ տարբեր աղանդների տեսիլքները բոլորովին հակասում են միմյանց: Որոշակի միտումնավորությամբ և սկզբնական հակվածությամբ ամեն մեկն իր հերթին տեսիլք է տեսնում, և այս սկզբնական միտումնավորությունն է պատճառը, որ գրեթե բոլոր աղանդների տեսիլքները հակասում են միմյանց` պնդումով, թե միայն իրենք են ճշմարիտը, միայն իրենք կարող են ճշմարիտ հարաբերության մեջ լինել Աստծո հետ, իսկ մնացած եկեղեցիները անարդար և սխալ են: Այդ իսկ պատճառով գրեթե միշտ տարբեր աղանդների մոտ նկատվող տեսիլքների միմյանց հակասությունները և Սուրբ Եկեղեցու դատապարտումով յուրաքանչյուրի սեփական ճշմարտության պնդումները խիստ կասկածի տակ են դնում դրանց աստվածային ծագումը:

Աղանդների վնասակարությունը

Տարբեր տեսակի աղանդներ` մորմոններ, Եհովայի վկաներ, հոգեգալստականներ և այլն երբեմն ասում են. «Տեսեք մենք քարոզում ենք հավատքը և մեզ հալածում են, բայց դրանով մեզ վրա իրականանում է Քրիստոսի խոսքը, թե` «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն» (Մատթ. 5.11): Անշուշտ, բոլոր աղանդների նման վարվելակերպը պարզապես ինքնաարդարացման մի փորձ է, որովհետև Պողոս առաքյալը ևս իր թղթերում պատվիրեց Եկեղեցու առողջ գործունեությանը խանգարողներին հեռու վանել, և նման արդարացումներ նույնպես այն ժամանակ եղան տարբեր աղանդների կողմից:

Երբ Ադամը դրախտում մեղք գործեց, նրա հետ անիծվեց նաև ողջ երկիրը,Աստված ասաց. «Թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով» (Ծննդ. 3.17): Սա ցույց է տալիս, որը մարդը սերտ կապի մեջ է իր շրջապատի, ողջ բնության և ողջ տիեզերքի հետ: Եվ եթե մարդու մեղքը վատ է անդրադառնում բնության վրա, ուրեմն որքան առավել մարդկային հասարակության մեջ հատկապես անառողջ հոգևոր մտածելակերպը վատ է անդրադառնում ողջ հասարակության վրա: Ուրեմն այս տեսակետից ևս վնասակար են աղանդները, նաև այն մարդիկ, ովքեր երես են դարձնում Աստծուց, և այդպիսինների ուղղակի մեղքն է նաև մեր երկրի և ժողովրդի` երբեմն դժվարին վիճակում գտնվելը:

(Շարունակելի)

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում