Սաթենիկ Մկրտչյան․ Մանկության հեռավոր բույրը

Սաթենիկ Մկրտչյան․ Մանկության հեռավոր բույրը

Ուշ երեկոյան ծեր ու հիվանդ, այժմ նաև կենսական ուժերի ամենավերջին փշրանքից իսպառ զրկված հարևանուհի Մագթաղի` առանց այն էլ մաքրամաքուր սենյակը սովորույթի ուժով «կարգի բերելուց», հիվանդ կնոջ սպիտակեղենն ու գիշերաշապիկը փոխելուց, ստիպողաբար մեկ-երկու գդալ մածուն կերցնելուց հետո Աննան փլվեց նրա մահճակալի կողքի ցածրիկ աթոռակին:

Մագթաղը, որ հարյուր տարի առաջ (եթե նա ուժ ունենար, քմծիծաղ կտար. ի՜նչ հարյուր, մեկ տարուց արդեն հարյուր քսանից լուր տուր) Մագդաղինե՜ էր, գորովալից հայացքով, որ թարգմանաբար նշանակում էր. «Հոգնել ես, Աննա: Բա կարծում էիր հե՞շտ բան է տղա թոռ պսակելը»,- նայեց նրան, և Աննան, որ սովորել էր պառկելուց առաջ ամեն ուշ երեկո զրուցել ծեր կնոջ հետ, իսկ վերջին ժամանակներս էլ իրենց երկուսի փոխարեն մենախոսել նրա մահճի մոտ, ձախ ձեռքով ծածկելով աչքերը.

– Հա՛, հոգնել եմ, Մա՛, – հին սովորու­թյամբ «Մագթաղ» կամ «Մագդաղինե» անունից մի «Մա» թողնելով, – հոգնել եմ, – ասաց: – Մա՛, շատ եմ հոգնել:

«Քեզ բուռդ հավաքիր, Աննա՛,- նրա դաստակին ճիգով իր կամքը հաղորդեց ծեր կնոջ` անկողնուց հազիվ կտրված ձեռքը,- քեզ բուռդ հավաքիր», – և վերջին մի ջանքով, իրենից մի կերպ քամելով` հազիվ վանկարկեց.

– Քեզ… հա-մար… դեռ վա-աղ է… հոգ-նե-լուց խո… խո-սե-լը…

– Չէ՛, Մա՛, ի՞նչ վաղ` ճիշտ ժամանակն է,- առանց զարմանալու, որ վերջին շաբաթվա ընթացքում ոչ մի բառ չարտասանած ծեր կինը խոսեց, աչքերը փակեց Աննան, և ծեր Մագթաղի հայացքի դիմաց հանկարծ անհավատալի բան կատարվեց. Աննա անունով բոլորին հասնող կինը մեկ ակնթարթում ծերացավ, ծերացավ հարյուր տարով, ոչ-ոչ, հարյուրն ի՜նչ է` ծեր Մագթաղն ինքը հարյուրի սահմանը վաղուց է անցել, ծերացավ հազար տարով, նրա տարիքը վայրկենապես անցավ Մագթաղի տարիքից ու ետ-ետ գնալով` խրվեց պատմություն դարձած ժամանակների խորքը, ապա ետ գալով` գնաց-մխրճվեց գալիք դարերի ան­իմանալի ծալքերի մեջ, և մարդկության ապրած ու ապրելիք բոլոր ցավերն ու տառապանքները դաջվեցին նրա հազարամյա ճակատին, այտերին, դողդողացող ձեռքերի խորշոմներին, աչքերի խորքում, անարյուն շուրթերի անկյուններին…

– Ան-նա,- ասաց ծեր Մագթաղը,- Ան-նա…- և նրա դեմքին կարդաց բաներ, որոնք Աննան երբեք չէր կարողանալու վերածել բառերի. «Հոգնել եմ, Մա, հոգնել եմ ոչ մեկ օրվա, ոչ մեկ ամսվա և ոչ էլ մեկ կամ մի քանի տարվա… Հոգնել եմ ուղիղ քսան տարվա չափ… Քսան տարի՜… Քսան տարի առաջ իմ սիրտը մեռավ, իմ արցունքները քարացան, իմ արյունը ջուր դարձավ, իմ կյանքը ծխի նման ցնդեց, ու ես` մեռած սրտով, քարացած արցունքներով, ջուր դարձած արյունով, ծխի նման օդում ցնդած կյանքով ապրեցի…

Ապրեցի մեկ օրում հորից ու մորից որբ մնացած իմ Աննա ու Սահակ թոռների համար… Ես հենց այդքան էլ պիտի ապրեի, Մա, ուղիղ քսան տարի, որպեսզի ութ տարեկան Աննան հիմա երկու երեխաների մայր դառնար, իսկ փոքրիկ, չորսամյա Սահակն այսօր կնոջ հետ հարսանեկան ճամփորդության մեկներ… Քսան տարի… Ուղիղ քսան տարում ես ապրեցի նրանց` իմ երկու երեխաների ապրելիք հարյուր տարվա կյանքով ու հոգնեցի երկուսի… Չէ՛, երեքիս չափ… Ես այդ ինչպե՞ս ապրեցի այդքան շատ, Մա…»:

– Ան-նա՜…

* * *
Առավոտյան ժամը հինգին երկհարկ տնով շրջապատված բակը լցվեց թարմ լավաշի բույրով, որ, կամարակապ շքադարպասներից ներս լցվելով, բռնեց ամբողջ առաջին հարկը, ապա արագ-արագ, կարծես մեկն ընկել էր ետևից, բարձրանալով փայտե աստիճաններով և փակ դռներից ու պատուհաններից ներս սողոսկելով` տարածվեց բոլոր բնակարաններում:

Մարդիկ, առավոտյան ժամը հինգի քաղցր քնի մեջ, բարի ժպտացին ամենօրյա ծանոթ բուրմունքին, որ հենց այդ ժամին էր այցելում իրենց, և աջ կողմից` ձախ, ու ձախ կողմից աջ շուռ գալով` շարունակեցին դեգերել իրենց չընդհատված երազների աշխարհում:

Բայց լավաշի բույրը գնալով թանձրացավ և քնածներին իր հեղձուկ գիրկն առնելով` ծանրացրեց շնչառությունները:

Եվ մինչ երիտասարդներն ու երեխաները ժպիտով ու դժվարությամբ կբացեին աչքներն ու կամաց-կամաց կարթնանային, Մագթաղ տատը (վերջերս նրա անունը տվող յուրաքանչյուր ոք ափսոսանքով օրորում էր գլուխը, իբր, եթե խեղճն այսպես անհույս ու վերջնական չգամվեր անկողնուն, շուտով` եղած-չեղած մեկ տարի հետո, ի տես և ի լուր ամբողջ աշխարհի, փառավորապես կնշեինք նրա հարյուր քսան տարին, որը անջնջելի թվերով հավաստված է Սիմոն աղայի դստեր` աքսորներից մի կերպ փրկված, բայց հեղափոխությամբ բոլոր մյուսների իրավունքներին հավասարեցված Մագդաղինեի ծննդյան առթիվ կառուցված այս հսկայական տան սրբատաշ ճակատին, բայց… Ի՜նչ կարող ես անել, եթե նա արդեն երրորդ օրն է, ինչ հազիվ-հազ մի ձեռքն է շարժում միայն, և դեռ փառք Աստծու, որ այս աշխարհում Աննա մայրիկի նման հոգատար մարդիկ էլ են ապրում, իբր… Չէ՛, ոնց ուզում եք հաշվեք` իրենց բախտը հաստատ չի բերել պառավ Մագթաղի հարցում…) ուժերի վերջին հորդումով և վերջին` հայտնության օրվա զգացողու­թյամբ, մի կողմ հրեց վերմակը և ոտքերը, որոնք եթե դրանից մեկ օր առաջ կարողանար իջեցնել ներքև` կխմորեին ու կծալծլվեին հարյուր տեղից, ինչքան ուժ կար դրանց մեջ` իջեցրեց հատակին, որից կարպետն իսկ չփոթփթեց` ի՜նչ էր մնացել նրանից` սոսկ մի բուռ կաշի ու ոսկոր, ու. «Քոռանամ ես, քոռանամ. էս ի՜նչ պատահեց էն որբին…»,- մրմնջալով և առանց որևէ բան նկատելու, առանց շուրջը նայելու, առանց գուլպա կամ գոնե մաշիկ հագնելու, առանց մի շոր քաշելու երկար գիշերաշապիկի վրա և առանց հանելու գլխի ժապավենազարդ չեպչիկը, մանրաքայլ դուրս եկավ սենյակից և անընդհատ. «Վայ, քոռանամ ես, քոռանամը» քրթմնջալով` մանրիկ վազեց (Ամենակարողը դա համարեր վազել) պատշգամբով մեկ, հասավ հարևանուհու (որին բակի բոլոր բնակիչները «Աննա մայրիկ» էին ասում, բայց որը պառավ Մագթաղին ծոռան տեղ կգար) դռանը, հրեց այն, ներս մտավ, հասավ մահճակալին, կանգնեց պառկածի գլխավերևում և մեկ-երկու անգամ` «Ան-նա, Ան-նա» կանչելով ու պատասխան չստանալով` կռացավ, ձեռքը հուշիկ հպեց պառկած կնոջ կզակին ու ամեն ինչին տեղյակ մարդու անճիչ տրտմությամբ տմբտմբացրեց ծերությունից ու հիվանդությունից դողդոջ գլուխը. դու այս ինչ արիր, Աննա… Ապա չորացած ձեռքի ափով հպվեց պառկածի կոպերին` փակեց բաց մնացած աչքերը, սառած, երբեմնի ջերմություն ու քնքշանք պարգևող մագաղաթե ձեռքերը ծալեց կրծքին ու դանդաղ` կոտրվելու նման, ծնկեց մահճակալի կողքին, խաչ հանեց երեսին ու` «Հայր մեր…», – մրմնջաց, բայց աշխարհի բոլոր բառերն ու մտքերն այդ պահին մենակ էին թողել իր երկար կյանքի ընթացքում հազար ավեր ու մահ տեսած ծեր կնոջը, ու նա օգնություն հայցողի նման նայեց շուրջը և շարունակու­թյունը հիշելու հույսով` կրկնեց. «Հայր մեր…»: Անօգուտ: Ապա մի երրորդ անգամ չհիշելով շարունակությունը, մահճակալի կողափայտին հենվելով` մի կերպ ոտքի կանգնեց և դանդաղ, ամեն վայրկյան ընկնելու պատրաստ քայլերով գնաց դեպի դուռը, դեպի բակում դանակով կտրելու աստիճան թանձրացած թարմ լավաշի բույրը, դեպի արդար արեգակն ու բարի առավոտը, որոնց մեջ կանգնել էին գերագույն մի խորհրդավորության հետ բախվող, բայց դրանից անմասն մնացող ու ոչինչ չհասկացող, հետևաբար և` զարմացած ու շփոթված, իսկ այժմ նաև` վերահաս դժբախտության զգացողությունից ու սոսկումից քարացած հարևանները, որոնցից ոչ մեկը չհամարձակվեց մոտենալ քառասուն օր անկողնուն անշարժ գամված ու հիմա` որպես ուրվական իրենց առջևով անցնող, մահվան կնիքով կնքված կնոջը, որն, ավա՜ղ, այլևս չի դառնալու հարյուր քսան տարեկան, և մի բան հարցնել նրան` ով ոչ մեկին չնայելով ու չնկատելով ոչ մեկին, երկար գիշերազգեստով, վարդակապ չեպչիկով, բոբիկ ոտքերով ու անդադար` «Հայր մեր…», միայն «Հայր մեր…» շշնջալով` քայլեց դեպի իր բնակարան…

Ու երբ դուռը թույլ թրխկոցով, որը ականջի թաղանթ պայթեցնող լռության մեջ ամպրոպի որոտի ձայնով փակվեց ծեր կնոջ ետևից, շանթահար կանգնածներից ոչ մեկը չկասկածեց, որ հենց հիմա այստեղով ոչ թե իրենց ծնված օրվանից ծանոթ պառավ Մագթաղը, այլ նրա կերպարանքով մահն ինքը դուրս եկավ Աննա մայրիկի սենյակից…

* * *
Ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ մեր բակի երեխաները, ամեն ինչ պահանջելու և որոշ բաներ ստանալու իրավունքն ունեին: Եվ բոլոր այդ պահանջները, որոնց պատասխանները. «Կարելի է», «Անհնար է», «Ինչ կա որ` կունենաս», «Պետք է մտածել», «Մտքովդ էլ չանցնի», ծայրահեղ դեպքերում` կիսածաղրական. «Քեզ ի՞նչ է պատահել` հո ջերմություն չունե՞ս» և այլ` բոլորին ծանոթ և միշտ ու ամենուր միմյանց հար ու նման արտահայտությունները մեզ համար պարզ էին ու հասկանալի` ինչպես պարզ էին ու հասկանալի միմիայն երեխաներին հասկանալի ամենաբարդ իմաստություններն ու խորհրդածությունները: Միակ բարդն ու անհասկանալին մեր միակ` ամենասովորականից էլ սովորական, մյուս բակերի ու թաղերի, ամբողջ քաղաքի երեխաների, նաև մեծահասակների համար չեղած հարցի, չեղած պահանջի, չեղած երազանքի` երիցս ցանկալի փրփուր-փրփուր լավաշ հացի դիմաց անանցանելի պատի նման հանկարծ բարձրացող լռու­թյունն էր…

Եվ այդ պահանջը, որ սկզբում պահանջ էլ չէր, այլ բնակարաններից ինչ-որ մեկի ինչ-որ անկյունում պատահականորեն ծնված ամենաանմեղ հարց, հանդիպելով կիտված հոնքերի ու քար լռության պատին, արագ տարածվեց երեխաներիս շրջանում և առաջ բերեց ամենաարտառոց տարակույսների ամենակուլ հորձանք: Մենք, առաջին անգամ իրար տեսածների նման, նայեցինք միմյանց` ճիշտ որ. այդ ինչո՞ւ, ինչի՞ համար մեր բակի ոչ մի բնակարան լավաշ չի մտնում. հացի խանութը` հեռու, հացի խանութի հացը, ըստ բոլոր մեծահասակների` անորակ, իսկ լավաշի փուռը` մոտիկ, համարյա կպած մեր տանը, փռի լավաշը` գերող տեսքով, գերող հոտով, ամբողջ քաղաքի համար չտեսնված ու չլսված հրաշք, դրան էլ գումարած` ամենուր լավաշ ծախող գյուղացի կանայք… Եվ հանկարծ` նոր մի հայտնություն. այդ կանանցից ոչ մեկը ոչ մի անգամ չի մոտենում մեր բակին` լոբու, կանաչիի, սոխի, էլ ինչ իմանամ` ինչի աշխույժ առևտուր սիրող մեր բակին…

Եվ կամաց-կամաց ձեռք բերելով ամեն մի արգելված պտուղի քաղցրությունն ու ցանկալիությունը, մի օր, երբ պատահական մի վեճի ժամանակ մեր լսելիքին հասավ, բայց մեր ուղեղին ոչ մի կերպ չենթարկվեց, հետևաբար և մերը չդարձավ դրա բույրի հետ կապված մի նոր հանելուկ, մի նոր անլուծելի գաղտնիք, այն մեզ համար դարձավ սրբություն սրբոց…

Երկրորդ հարկի երկար ու ընդհանուր, անկյունադարձերով բակը բոլորող փայտամած պատշգամբում մեր ընկեր Ավետիքի մայր տիկին Աստղիկը կռացել, բայց ոչ մի կերպ չէր կարողանում իրեն ստիպել մաքրելու աթոռին դրված խաշացուն:

Ավետիքի հայր քեռի Սուրենը կանգնել էր իրենց դռան մեջտեղում և սևեռուն հայացքով նայում էր կնոջը, իբր` մաքրիր-մաքրի՜ր…

Վերջապես տիկին Աստղիկը գլուխը բարձրացրեց և հանդիմանող ձայնով.

– Դու շատ լավ գիտես,- ասաց,- դու շատ լավ գիտես, որ խաշ դնողը լավաշ էլ կառնի:

– Լավաշ էլ կառնենք,- հանգիստ ու մարտահրավեր կտրեց ամուսինը,- լավաշ էլ կառնենք:
Այդ խոսքի վրա` մոռացած ամեն տեսակի խաղ, մենք դարձանք ականջ ու աչք. ո՜ւխ… լավա՜շ…

Բայց տիկին Աստղիկն ավելի կռանալով աթոռին.

– Երբեք չենք առնի,- ասաց,- այդ` չգիտես ում թխած կասկածելի մաքրության լավաշները:

– Դրանցից մաքուրներն ամբողջ աշխարհում չես ճարի,- արհամարհական նետեց քեռի Սուրենը,- ամբողջ աշխարհում:

– Դրանց թխողներին ես չեմ ճանաչում:

– Դա պարտադիր չէ:

– Լա՛վ, պարտադիր չէ, բայց մենք լավաշ չենք առնի,- ցածր, բայց բոլորի համար լսելի ասաց տիկին Աստղիկը,- քանի ես կամ` այս տուն լավաշ չի մտնի:

– Մի հարցնող լինի` ինչո՞ւ:

– Դու շատ լավ գիտես` ինչու:

– Բացի որոշ անլուրջ պատճառաբանություններից, ես ուրիշ բան չգիտեմ և շատ կցանկանայի ինչ-որ հիմնավոր, ինչ-որ նորմալ բան լսել: Մի՞թե ես չունեմ դրա իրավունքը:

Եվ երբ քեռի Սուրենն ասաց. «…որոշ անլուրջ պատճառաբանություններ…», նաև. «ինչ-որ հիմնավոր, ինչ-որ նորմալ բան» բառերը, բակում գործ անող մեծահասակները, խոսքները մեկ արածի նման` ամեն ինչ կիսատ թողնելով, արագ-արագ մտան տները և պինդ-պինդ փակեցին դուռ ու լուսամուտ: Նրանք, իհա՛րկե, մինչև ներս մտնելը չմոռացան մեզ էլ կանչել տուն, բայց քանի որ հենց հիմա խոսք էր գնում այնպիսի մի անլուծելի գաղտնիքի մասին, ինչպիսին արգելված լավաշ հացն էր, մենք դուրս թռանք բակից, և երբ մեծերը` համոզված, որ մենք արդեն հեռու ենք այդ ամենից, պինդ փակեցին դուռ ու լուսամուտ, մենք հուշիկ վերադարձանք և ով ինչպես կարող էր, տեղավորվեցինք անտեսանելիության ու լսելիության սահմաններում և նախանձով ու ծիկրակելով ` աչքի պոչով նայեցինք գործողության բուն վայրում մնացած Ավետիքին, որ երևի թե ոչ մի բառ բաց չեր թողել և ֆիզիկական ցավ զգալու աստիճան խղճացինք ինքներս մեզ…

-…Իսկ այս անտեր տանը,- քեռի Սուրենը մի դիպուկ շեշտով միանգամից անտեր դարձրեց երկհարկ, կամարակապ դարպասով, մեջտեղի բակով մեր հնամենի, գեղեցիկ տունը, և խիստ ոգևորվելով մեզ բոլորիս միանգամից թաղած լինելու հեռանկարից` կրկնեց,- իսկ այս անտեր տանը ե՞րբ չի գալիս նոր թխած լավաշի բույրը. միայն պետք է արթնանալ կարողանալ լույսը դեռ չբացված…

– Ճիշտ չէ՛,- սեղմած ատամների արանքից մռայլ կտրեց տիկին Աստղիկը,- ճիշտ չէ՛: «Այս անտեր տանը»,- երևի նա շատ էր բարկացել այդ բառերից,- «այս անտեր տանը» ՆՐԱ (նա չասաց «Աննա մայրիկի»,- չասաց, քանզի իբրև «Աննա մայրիկ»` նոր թխած լավաշ հացի նման արդար ու նոր թխած լավաշ հացի բույրով իրենց հարևանուհին` որպես հոգևոր հաց, ընդմիշտ ողջ էր իրենց մտքում ու սրտում, և եթե պետք էր նրա նկատմամբ արտաբերել «մահ» բառը, ապա միայն «նրա» դերանվան, միայն դերանվան հետ) մահից հետո այլևս երբեք չմոտեցավ այդ բույրը, որը մեզ ցանկանում էր ճիշտ ժամանակին արթնացնել ու… երևի փրկելու ուղարկել խեղճ կնոջը, բայց… Մենք չանսացինք բույրի խորհրդին, և այն հավիտյանս լքեց մեզ… Եվ դու գիտես դա…

– Ես գիտե՜մ… Էլ ի՜նչ կուզեիր, որ ես գիտենայի… Ես գիտե՜մ… Եվ քեզ թվում է, թե ես կհավատամ այդ հորինվածքին, եթե դրան հավատում են նույնիսկ մի ամբողջ տան բոլոր բնակիչները,- և կարծես ոչ թե եղած-չեղած մի տան` դռներն ու պատուհանների օդանցքներն իսկ պինդ փակած բնակիչներին, այլ ամբողջ աշխարհին մարտահրավեր նետելով` գոռաց,- ինձ ինչ, թե դուք ինչերի եք հավատում` հորինել եք ու հավատում եք, և ձեզ ինչ, թե ե՛ս ինչերի եմ հավատում և չեմ ուզում ձե՛ր հորինվածքներին հավատալ… Ո՞վ է ձեզ իրավունք տվել ուրիշներին բաներ հավատացնել, չեղած բաներ…

– Դու այն ժամանակ այս տանը չէիր ապրում,- հատիկ-հատիկ ասաց կինը, և տղամարդը հանկարծ պոռթկաց.

– Մեծ բախտավորություն չէ այս անիծյալ տանը` այսքան խելագարների հետ կողք կողքի ապրելը…

– Ես ուրիշ բան եմ ասում,- տիկին Աստղիկը հոգնած նայեց ամուսնուն,- դու շատ լավ ես հասկանում, թե ես ինչ եմ ասում: Դու այն ժամանակ այս տանը չէիր ապրում, հետևաբար, իրավունք ունեիր այդ ամենը տեսած չլինել… Բայց հետո քեզ պատմեցին, և եթե դա քեզ այն ժամանակ չի հուզել կամ սուտ է թվացել, ուրեմն` իզուր են պատմել, և դու էլ իզուր ես ցույց տվել, թե հավատում ես… ու հիմա խոսելն իսկ ան­իմաստ է այդ մասին…

– Եթե դա նույնիսկ այդպես է եղել,- մեր մանկական բառապաշարում դա կոչվում էր «մեկ քայլ ետ գնալ»,- եթե այդ ամենը հենց այդպես էլ եղել է` կարելի էր ենթադրել, որ բակում կարող էր մնացած լինել հարսանիքի առատ հացի բուրմունքը…

– Բավական է,- տիկին Աստղիկը շտկվեց տեղում,- բավական է. նրա տանը այդ առավոտ մի պատառ լավաշ էլ չկար. Սահակ թոռան հարսանիքից մնացած ամբողջ լավաշն ու մնացած ամեն ինչ նա դեռ երեկոյան էր բաժանել հարևաններին…

– Կամ, ասենք,- նոր մի ենթադրությամբ դարձյալ նահանջեց Սուրեն քեռին,- կամ, ասենք` այդ կինը, զգալով իր մոտալուտ մահը, առավոտ-գիշերով գնացել` իր փռից լավաշ է բերել իր հոգեհացի համար…

– Քո ասածի տրամաբանությունը,- երբ տիկին Աստղիկն ասաց անհասկանալի «տրամաբանություն» բառը, որ ոչ իր էր և ոչ էլ` գործողություն, և վերաբերում էր «ասածին», մենք անմիջապես հիշեցինք, որ նա երկու տարուց երևի այդպիսի բառերով մեզ մաթեմատիկա է դասավանդելու, ու շատ խղճացինք ինքներս մեզ, – քո ասածի տրամաբանությունը զրոյական է, քանզի մահու չափ հոգնած ու կյանքին հրաժեշտ տված մարդը չէր կարող և չէր էլ մտածի հոգեհացի նման չնչին բանի մասին…

– Լավ, ասենք,- ընդհատեց Սուրեն քեռին,- ասենք` լավաշ չկար, բայց չէ՞ որ կար կողքի բակի լավաշի փուռը…

– Ո՛չ, եթե այդ փռի միակ հացթուխը ինքն էր ու այդ ժամին` հոգեվարքի մեջ, ուրեմն` այդ պահին փուռը չեղածի նման մի բան էր:

– Վերջ,- Սուրեն քեռին վերջապես հիշեց, որ ինքը սեփական կնոջ աշակերտը չէ և չի էլ եղել երբևէ,- և եթե ընդունենք, որ այդ ամենը սուրբ ճշմարտություն է, և հացթուխի մահվան պահին լավաշի հոտ է եկել` հետո՞ ինչ…

– Դա սոսկ լավաշի հոտ չէր,- մի տեսակ հոգնած շուրջը նայեց տիկին Աստղիկը,- կամ` լավաշի բույր, դա լավաշի բույրի խորհուրդն էր. անսեթևեթ կերպով պարզ և անքննելիորեն բարդ խորհուրդը, որ այդ օրվանից հետո լքեց մեր բակը հավիտյանս հավիտենից,- ապա խորը շունչ քաշելով, տիկին Աստղիկն իրենից հեռու հրեց աթոռը, աթոռի վրայի խաշացուն, դրա հոտը, ձեռքի դանակը,- ուր ուզում ես տար այս ամենը` նվեր տուր, գցիր շների դիմաց կամ աղբարկղ` ուր ուզում ես, որովհետև մեր հարևաններից ոչ մեկը չի գա խաշ ուտելու:

– Կգա՛ն:

– Չե՛ն գա. նրանց համար քո ասած հացթուխը հացթուխ չէր ծնվել. իր բարձրիկ լեռներում իր բարձրիկ լեռների տերը, ինքն իր տերն ու ազատ մարդ էր նա ու լավաշը թոնրի արդար շուրթին միայն իր ու իր ընտանիքի համար էր կպցրել… Ավտովթարը` նրա ջահել որդու և հարսի կյանքը խլած ավտովթարը, ահա թե ինչը նրան այս անտեր քաղաքում դարձրեց հացթուխ… Եվ հիշի՛ր,- տիկին Աստղիկը քայլեց դեպի իրենց բնակարան,- հիշի՛ր, որ ոչ մի հարևան էլ չի գա քո անլավաշ խաշին…

– Հարևաննե՜ր…,- քեռի Սուրենը արհամարհանքով նայեց շուրջը,- հարևաննե՜ր… շատ պետքս են. աշխարհում հարևաններից բացի ուրիշ մարդիկ էլ կան` ընկերներ, բարեկամներ,- ապա, փոքր դադարից հետո ավելացրեց,- կա նաև լավաշ հաց,- ու շրջվեց այդ ամենից ոչինչ չհասկացած ու խեղճացած Ավետիք որդուն,- գնա՛ և այս ամբողջ փողով լավա՛շ բեր:

Ավետիքը տեղից չշարժվեց, և զայրացած հայրը դանդաղ մոտեցավ որդուն.

– Գնա՛:

Իհա՛րկե, Ավետիքը գնաց լավաշի և, իհա՛րկե, գնեց լավաշ, գնեց ձեռքի ամբողջ փողով և մի պատկառելի շերտ հաց ծալած թևից կախ, ոտքերը ծանր-ծանր քարշ տալով քայլեց դեպի տուն, բայց մի քանի քայլից արդեն նրան սկսեց տանջել անցած վեճի ընթացքում հոլովվող լավաշի բույրը (որը քիչ հետո իր հետ մտնելու էր բակ և լավաշ չուտող հարևանների դռների առջևով շարժվելու էր իրենց տուն` մինչև երկրորդ հարկ… Գոնե գիշեր լիներ), որ նրա բորբոքված երևակայության մեջ սկսեց իրական ձևեր առնել ու հետապնդել իրեն… Տասը քայլից Ավետիքը փռշտաց, ետ նայեց, տեսավ մեզ, որ հետաքրքրված ու վախվորած հեռվից-հեռու հետևում էինք իրեն, քսան քայլից նորից ու նորից փռշտաց, հիսուն քայլից կանգ առավ ու իրեն լավաշի փռի տեղն հարցնող ծերունուն մի մեծ սուտ ասաց վերջացած լավաշի մասին և ափսոսացող ծերունուն իր հացն առաջարկեց: Ծերունին շնորհակալություն հայտնեց և ձեռքը տարավ գրպանը` փող հանելու, բայց լավաշի բույրից վայրկյան առաջ ազատվել երազող Ավետիքը զարմացած ծերունու թևին գցելով լավաշները… փախավ…

* * *
Եվ լավաշ հացի առեղծվածը մեզ համար մի նոր փուլ թևակոխեց` լավաշի բույրի փուլ, երբ հյուր գնալիս, իհա՛րկե, առանց ծնողների, խլշկոտած, ի մեծ զարմանս տանտերերի, հարձակվում էինք լավաշի վրա, որի համի, հոտի, էության խորքերում ինչ-որ գաղտնիք էր նիրհում, որին, ըստ մեզ, կարելի էր հասնել միայն ու միայն դրանից շատ ուտելով, բայց…

Ինչքան շատ էինք ուտում, գաղտնիքն այնքան շատ էր հեռանում, և մենք, ում թվում էր, թե հացի այդ տեսակին դիպչողի վրայից պիտի որ լավաշի անասելի ու անջնջելի բույր գա, մեղք գործածի վախով ու մեղք գործածի թաքուն հպարտությամբ ու պլստան աչքերով մի կերպ տուն էինք ընկնում և մեզ վրա դատարկում մեր կամ հարևանների բնակարաններում եղած ամենատարբեր օծանելիքների սրվակները: Եվ ինչքան շատ էինք լավաշ կերած լինում, այնքան առատ էինք օծվում… Անմոռանալի ու անկրկնելի այդ օրերին մենք ինքներս էինք գաղտնիքի տեր դառնում, գաղտնիքի, որի մեծությունը միշտ ուղիղ համեմատական էր լինում օծանելիքի բույրի շունչ կտրող առատությանը, որից «պատեպատ կպչող» մեծահասակները, մոռացած հասարակ ու պարզ բաներ ասելու կարողությունը, Աստված գիտի, թե ինչեր էին քրթմնջում. «Սա ի՞նչ բան է, մարդ Աստծո…

Ընդհանրապես ինչպե՞ս կհրամայեք հասկանալ ու կոչել բարքերի այսօրինակ գռեհկացումը», և, վերջիվերջո, չդիմանալով` մեզ մտցնում էին լոգարան ու լողացնում, լողացնում, լողացնում…

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում