«Ակունքը» 45 տարեկան է
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am։ «Պահպանենք մեր ազգային մշակույթը». ահա այս սկզբունքով և գաղափարով էլ ստեղծման օրից արարում է «Ակունք» ազգագրական համույթը։
«Ակունք» ազգագրական համույթն այսօր արդեն տոնում է ստեղծման 45 ամյակը և դեկտեմբերի 8-ին Արամա Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Ակունք 45 ամյակ» հոբելյանական համերգը, որն իրականացնում է Արսեն Գրիգորյանը, ում ևս բախտ է վիճակվել լինել ակունքցի։
«Ակունք» ազգագրական համույթը ստեղծել է Մարո Մուրադյանը, և այնպիսի ժամանակներում, երբ խորհրդային տարիներին արգելված էր ազգային մշակույթի ցանկացած դրսևորում։
«Ակունք» համույթը և ավանդական, ազգագրական մշակույթի պահպանման ու տարածման շարժումը, որի հիմքում կանգնած էր հայ երգի հայրիկ Հայրիկ Մուրադյանը, ազգային զարթոնքի պտուղներից մեկն էր, որից սնվեցին և այսօր էլ շարունակում են սնվել բազմաթիվ սերունդներ։
Այս տարիների ընթացքում «Ակունք» ազգագրական համույթը ծառայել է հայ ավանդական մշակույթին, ներկայացրել ամբողջական՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։
1981 թվականին Ստեփան Պողոսյանի շնորհիվ «Ակունք» համույթը պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։
«Ակունք» ազգագրական համույթն իր մեծ ներդրումն է ունեցել նաև հայկական մշակույթի տարածման գործում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝ Էստոնիա, Գերմանիա, Ալմա-Աթա, Կիև, Մոսկվա, Ռոստով, ԱՄՆ և Կանադա, Վրաստան, Իտալիա, Սիցիլիա, Թուրքմենստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Սիրիա, Եգիպտոս և այլուր:
Այսօր էլ համույթը հավատարիմ է իր առաքելությանը։
«Ակունք» ազգագրական համույթը 45 տարի պատշաճ կերպով՝ անաղարտ ներկայացնում է հայ ավանդական երգերն ու պարերը՝ որպես սկզբունք ունենալով հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը»,- ասում է Արսեն Գրիգորյանը և հավելում, որ ջանք չեն խնայել հոբելյանական երեկոն հիշարժան դարձնելու համար, որի ընթացքում կցուցադրվի համույթի 45-ամյա պատմությունը, ինչպես նաև կմասնակցեն Հայաստանի ավանդական երգի-պարի բազմաթիվ խմբեր, անվանի մշակութային գործիչներ։
«Հոբելյանական համերգը ևս մեկ առիթ է մասնակիցը դառնալու նրանց կատարած անձնվեր աշխատանքին և մեր հարգանքի տուրքը մատուցելու Հայրիկ Մուրադյանին և նրա դուստր Մարո Մուրադյանին, ինչպես նաև մեր մյուս երախտավորներին՝ Սարգիս Բաղդասարյան, Հարություն Փանոսյան, Սարգիս Ալավերդյան, Արթուր Շահնազարյան, որոնց նվիրական աշխատանքի շնորհիվ այսօր էլ շարունակվում է մեր ազգային ավանդական մշակութի հաղթական երթը դեպի հավերժություն», – ասում է Արսեն Գրիգորյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում