«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը յուրահատուկ նվեր էր Սոչիի բնակիչներին». Հանս Յոակիմ Ֆրայ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Irates.am։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Սոչիի «Սիրիուս» գիտության, կրթության և մշակույթի տան լեփ-լեցուն դահլիճում ներկայացրեց Պյոտր Չայկովսկու‚ Սերգեյ Պրոկոֆևի‚ Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումներն ուղեկցվում էին հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններով։
Համերգը կայացել է նախկին ԽՍՀՄ երկրների փառատոնի շրջանակներում՝ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Այն կազմակերպվել է ՌԴ նախագահ Վ. Պուտինի հովանու ներքո գործող «Տաղանդ և հաջողություն» կրթական հիմնադրամի կողմից, որի հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է Ռուսաստանի նախագահը:
Սերգեյ Սմբատյանը և մենակատար Հայկ Կազազյանը «Սիրիուսում» հանդիպեցին նաև կենտրոնի սաների հետ:
Համերգի ավարտին «Տաղանդ և հաջողություն» կրթական հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Հանս Յոակիմ Ֆրայը նշեց‚ որ տպավորված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարողական մակարդակով‚ ներկայացրած երկացանկով և աշխատելու են այնպես անել‚ որպեսզի նվագախումբը հաճախ հյուրընկալվի իրենց մոտ: Նա նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ նվագախմբին աջակցելու համար։ Նա‚ իր ողջույնները հղելով նախարար Հարությունյանին‚ ընդգծեց‚ որ սա լավ համագործակցության նշան է։ Հանս Յոակիմ Ֆրայը նաև ընդգծեց‚ որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը յուրահատուկ նվեր էր Սոչիի բնակիչներին։ «Սոչիում հայկական մեծ համայնք կա‚ և ինձ համար շատ կարևոր է‚ որ այս փառատոնի առաջին համերգը ներկայացվեց Հայաստանի հետ միասին»‚- ասաց Հանս Յոակիմ Ֆրայը։
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծեց‚ որ մեծ պատասխանատվություն է ելույթ ունենալ Սոչիի բնակչության և «Սիրիուս» կենտրոնի սաների համար։ Խոսելով նվագախմբի ստեղծման պատմության‚ առաջընթացի ու ձեռքերումների մասին՝ մաեստրո Սմբատյանն ընդգծեց նվագախմբի առանձնահատուկ հնչողությունը։ Նա նաև բարձր գնահատեց այն էներգետիկան‚ որ իշխում էր համերգի ընթացքում։ «Այն մթնոլորտը‚ որ ստեղծվում է համերգի ժամանակ‚ ամենաթանկն է‚ դա այն էներգիան է‚ որի համար մենք բոլորս աշխատում ենք»‚- ասաց Սերգեյ Սմբատյանը։
«Ռոսիա» հեռուստաընկերության ռեպորտաժը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Սոչիում կայացած համերգի մասին կարող եք դիտել հետևյալ հղմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում