Տալլինում կազմակերպվել է համերգ՝ նվիրված Ավետ Տերտերյանի 90-ամյակին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայում ՀՀ դեսպանությունը Տալլինում՝ Սևագլուխների տանը, նոյեմբերի 25-ին կազմակերպել էր համերգ նվիրված՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունից:
Միջոցառմանը ներկա էին Էստոնիայի օրենսդիր և գործադիր մարմինների և պետական տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Տալլինում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով իր խոսքում նշեց, որ․
“Իսկապես դժվար է Տերտերյանին մի քանի բառով նկարագրելը: Նա մեկն էր, ով իր ծնողների Բաքվում գտնվող տանը տեսել է Պրոկոֆևին, իսկ հետո, երբ նա արդեն ձևավորված կոմպոզիտոր էր Դմիտրի Շոստակովիչը շռայլ գովասանքի խոսքեր հնչեցրեց նրա մասին: Տերտերյանը, ինչպես ցանկացած ժամանակաշրջանի ցանկացած այլ տաղանդավոր կոմպոզիտոր, զարգացման մի քանի փուլ է անցել: Այստեղ՝ այս համերգի ընթացքում, մենք կներկայացնենք նրա գործունեության վաղ շրջանում գրված, ռոմանսներ, երգեր ինչպես նաև դաշնամուրի և վոկալի այլ հայկական և բալթյան ստեղծագործություններ:
Սակայն միանշանակ նրա սիմֆոնիաներն են, որ նրան աշխարհահռչակ դարձրեցին: Նա ավանգարդ երաժշտություն ներկայացնող կոմպոզիտոր էր, որում միաձուլվում էին ազգային և հոգևոր մեղեդիների տարրերը: Սա բացառիկ համադրություն է, որը ներկայացնում է տերտերյանական ոճի բարդությունն ու յուրահատկությունը: Հազվադեպ է լինում, որ այդ տարրերը ներկայացված են մեկում: Նրա սիմֆոնիաներում օգտագործվում են հայկական ազգային գործիքներ, ներառյալ՝ դուդուկը և զուռնան: Նրա տիեզերական երաժշտությունը սահմաններ չի ճանաչում: Այն անհատին թողնում է միայնակ Աստծո առջև կամ Աստծո կողքին:
Այս տարի աշխարհասփյուռ հայությունը նշում է հայ մեծ հոգևորական և կոմպոզիտոր Կոմիտասի, ինչպես նաև գրող-բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակները: Էստոնիայում, փետրվարին մի մեծ համերգ կազմակերպեցինք Գյուրջիևի համույթի հետ միասին, իսկ այնուհետև սեպտեմբերին կազմակերպեցինք Էստոնիայի պետական արական երգչախմբի համերգը Արվո Պյարտի կենտրոնում՝ նշելով Կոմիտասի 150 ամյակը։ Ավելին` մյուս տարվա մայիսին մենք ծրագրում ենք կազմակերպել մեկ այլ փառահեղ համերգ Էստոնիայի արական երգչախմբի հետ միասին, որով նախատեսում ենք հայերենով ներկայացնել Կոմիտասի Պատարագն ամբողջությամբ։ Ինչ վերաբերում է Հովհաննես Թումանյանին՝ մենք թարգմանել ենք նրա հեքիաթները էստոներեն, սակայն ամենայն հավանականությամբ դրանք կհրատարակվեն և լույս կտեսնեն արդեն մյուս տարի այստեղ։
Հավատացած եմ, որ նույնիսկ այս երկու մեծ տարեդարձերը չպետք է ստվերեն Ավետ Տերտերյանի տարեդարձը, և այսօրվա միջոցառումը նպատակ ունի ցույց տալու, որ Տերտերյանն իր կարևոր տեղն ունի հայ մշակույթում: Այդ իսկ պատճառով, մենք Հայաստանից երկու հրաշալի երաժիշտների ենք հրավիրել: Արմինե Գրիգորյանը Երևանի Արամ Խաչատրյան թանգարանի տնօրենն է և Խաչատրյան տրիոյի անդամ: Նրա հետ մենք այս տարվա ապրիլին մեկ համերգ արդեն ունեցել ենք և նախատեսում ենք գալիք փետրվարին ևս մեկ համերգ ունենալ իրենց Տրիոյի հետ միասին: Երևանի օպերայի մենակատար Սիրանուշ Գասպարյանի համար սա Ռիգայում առաջին համերգն է, և ես հպարտ եմ, որ դեսպանությունն այստեղ մեր տաղանդավոր օպերային երգչուհու դեբյուտի նախաձեռնողն է:”
Բացման խոսքի ավարտին Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Էստոնիայի հայերի միությանը և նրա նախագահ Ռազմիկ Իվանյանին՝ միջոցառմանը աջակցելու համար։
Նոյեմբերի 22-ին Լատվիայում ՀՀ դեսպանությունը Ռիգայի պատմության և նավագնացության թանգարանում կազմակերպել էր համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին:
Միջոցառմանը ներկա էր Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի օրենսդիր և գործադիր մարմինների և պետական տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռիգայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հանդես գալով բացման խոսքով՝ դեսպան Տիգրան Մկրտչյանը հակիրճ ներկայացրեց Ավետ Տերտերյանի կյանքն ու կենսագրությունը, ստեղծագործական ուղին՝ հավելելով, որ նա ավանգարդ երաժշտություն ներկայացնող կոմպոզիտոր էր, որում միաձուլվում էին ազգային և հոգևոր մեղեդիների տարրերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում