«Փաստ». Ինչքան Փաշինյանը փորձում է հանրությանը թվերով կերակրել, այնքան խորանում է հուսահատությունը

«Փաստ». Ինչքան Փաշինյանը փորձում է հանրությանը թվերով կերակրել, այնքան խորանում է  հուսահատությունը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեթե ամեն օր հանրությանը ներկայացնում է տարբեր ցուցանիշների վերաբերյալ հրապարակումներ, սակայն վարչապետի հիմնական շեշտադրումը կատարվում է տնտեսական ցուցանիշների վրա, որպեսզի հանրությանը կարողանա ցույց տալ, թե տնտեսական հեղափոխությունը սկսել է թափ հավաքել։

Այս հանգամանքն ինքնին ուշագրավ է, քանի որ երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հրապարակումները լուրջ չէր համարում, ավելին՝ գտնում էր, որ դրանք իրական տնտեսական վիճակը չեն արտահայտում, և «նկարված» թվերը հանրությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում։

Հետաքրքրական է, որ 2017 թվականի դեկտեմբերին իր հարցազրույցներից մեկում Փաշինյանը, անդրադառնալով տնտեսական ցուցանիշների թեմային, նշում է.

«Մենք ունեցել ենք շատ ավելի հաջող տնտեսական տարիներ, բայց այդ հաջող տնտեսական տարիները իրենց արդյունքում բերել են մեծ անհաջողություններ։ Հիմա ասում են 7 տոկոս տնտեսական աճ։

Ես վերլուծություն կարդացի, որ ասում է, թե կբացենք այդ 7 տոկոս տնտեսական աճը և կպարզվի, որ մենք ընդերքը փորել ենք և արտահանել ենք։

Շատ լավ, եռակի փորենք, կունենանք 21 տոկոս տնտեսական աճ, քառակի փորենք, կունենանք 50 տոկոս տնտեսական աճ, բայց արդյունքում ի՞նչ է փոխվում ապագայի առումով։ Այսօր ՀՀ հիմնական առանցքային ցուցանիշը հուսահատությունն է»։

Փաշինյանի այս տեսակետները յուրահատուկ նշանակություն են ստանում այն համատեքստում, որ երբ արդեն ինքն է զբաղեցնում վարչապետի պաշտոնը, կառչում է ցուցանիշներից, իսկ վիճակագրական կոմիտեն ամեն ինչ անում է Փաշինյանի ակնկալած թվերը ցույց տալու համար։

Հենց դրանով է պայմանավորված, որ վիճակագրական կոմիտեն իր նոր հրապարակման մեջ վերանայել է տնտեսական աճի նախնական ցուցանիշները՝ բարձրացնելով դրանք, իսկ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում հպարտանում է, թե 2019-ի հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7,1, թեպետ փորձառու և պրոֆեսիոնալ տնտեսագետները պնդում են, որ այդ թիվն ուռճացված է ու իրականության հետ որևէ աղերս չունի, իսկ աճն իրականում հազիվ 3-3,5 տոկոսի սահմաններում է:

Միևնույն ժամանակ, ինչպես նշում են մասնագետները, տնտեսական աճը շարունակում է որակ չունենալ։ Նշվում է, որ Փաշինյանը իրեն հարմար աճ ցույց տալու նպատակով էլ իշխանությունը ստանձնելուց հետո ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանին վերանշանակեց վիճակագրական կոմիտեի ղեկավարի պաշտոնում։

Մեծ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ տարեսկզբի 9 ամիսների տվյալներով՝ հանքարդյունաբերության աճը կազմել է 19,5 տոկոս` նպաստելով ՀՆԱ աճի մեջ արդյունաբերության դերի բարձրացմանը։ Այսինքն՝ տեսնելով տնտեսության մեջ առկա բարդությունները՝ հանքատերերը շեշտակիորեն մեծացրել են արդյունահանման ծավալները։

Ստացվում է, որ ցուցանիշներ ցույց տալու համար այս կառավարությունը անցել է «ընդերքը փորելու և արտահանելու» գործին, որին Փաշինյանը ժամանակին դեմ էր արտահայտվում։

Եվ սա այն դեպքում, երբ գյուղատնտեսության ոլորտում տարվա ընթացքում միայն անկումային ցուցանիշներ են գրանցվել՝ չնայած գյուղատնտեսությունը համարվում է կառավարության հայտարարած գերակա ճյուղերից մեկը։

Ինչքան Փաշինյանը փորձում է հանրությանը տնտեսական աճերով կերակրել, այնքան խորանում է հիմնական առանցքային ցուցանիշը՝ հուսահատությունը, որի հարցը ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը բարձրացնում էր պարբերաբար, այդ թվում՝ վերը հիշատակված հարցազրույցում։

Իսկ հուսահատության հարցը լուծելու համար վարչապետը պետք է կենտրոնանա ոչ թե բուն ցուցանիշների, այլ որակյալ տնտեսական զարգացում ապահովելու խնդրի վրա, որի արդյունքում քաղաքացիների կյանքում բարելավում տեղի կունենա։ Իսկ պոպուլիզմը լավ «զենք» է ընդդիմության, բայց ոչ երբեք իշխանության համար»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում