«Երկրորդ կուտակայի՞նն են մեր վզին փաթաթում»

«Երկրորդ կուտակայի՞նն են մեր վզին փաթաթում»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Panorama.am: «Ես կարող եմ մտածել, որ առողջապահության նախարարն ամեն ինչից կարող է գումար վաստակել, բայց դա մեզ չպետք է բացատրել բարոյահոգեբանական տեսանկյունից: Ես չեմ հավատում, որ նա բարի Ձմեռ պապիկ է, որը նստած մտածում է բոլորի բարօրության մասին, ավելի շատ մտածում է առողջապահության ոլորտում ավելի մեծ քանակի գումար ներգրավելու մասին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ադեկվատ» ՀԿ նախաձեռնության անդամ, «Արմնյուզ» FM-ի տնօրեն Լիլիթ Թումանյանը՝ խոսելով հանրության քննարկման դրված «Առողջության համապարփակ ապահովագրման» հայեցակարգի մասին, որի համաձայն՝ կներդրվի առանձին առողջության հարկ՝ աշխատողների և ինքնազբաղվածների եկամուտների մոտ 6 տոկոսով:

Նա եզրակացնում է, որ այս պատմությունը ոչ թե ապահովագրության, հոգատարության, այլ ոլորտի գումարային ծավալը մեծացնելու մասին է:

Լ.Թումանյանն ասաց, որ ապահովագրողների վերլուծությունների համաձայն, նման համակարգը չի աշխատելու. «Չի կարող աշխատել մի համակարգ, որտեղ ապահովագրողը, բուժհաստատությունները և ծառայություն մատուցողները մեկ միավոր են` պետությունը: Երբ բիզնես տեսանկյունից շահերի բախում չի լինում, կողմերից ոչ մեկը շահագրգիռ չէ պահպանել պատշաճ որակ»:

Նա նշեց, որ նախագծով նաև սոցիալական արդարության խնդիր է առաջանում, բացի այդ մարդկանցից չեն կարող պահանջել 6 տոկոս հարկ, երբ առողջապահական համակարգը հագեցած չէ բարձրորակ տեխնիկայով, մասնագիտական հաստատություններով, բարձրակարգ սպասարկում չկա: Լ. Թումանյանի կարծիքով, այս համակագը կաշխատի մի 40 տարի անց միայն աստիճանաբար աճի արդյունքում, ոչ թե հիմա:

«Հիմա այս համակարգը կառաջացնի սոցիալական պառակտում, լարվածություն, չեն կարող մարդկանց բացատրել, թե ինչու իրենք պետք է վճարեն չաշխատող մարդկանց հարկերը: Սա կառաջացնի ընդվզում, բողոք, արդյունքում ստիպված են լինելու վերանայել որոշումը»,- ասաց նա:

Լ.Թումանյանն առաջարկում է նման համակարգ ներդնել փուլային, աստիճանային փաթեթներով:

Ասուլիսին ներկա «Ռեֆորմիստներ» կուսակցության ղեկավար Վահան Բաբայանն նշեց, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ նման ռեֆորմի:

«Երկրորդ կուտակայի՞նն են մեր վզին փաթաթում: Սա բոլորիս համար պարզ է, որ մեծ գումարներ հավաքագրելու, ժողովրդին հերթական անգամ կլպելու քաղաքական որոշում է կայացված: Երկրում ներդրումներ չկան, ի՞նչ է պետք արվի, որպեսզի բյուջեի որոշակի ծախսերը կարոնանան բալանսավորել: Պետք է ժողովրդին կլպել»,– ասաց նա:

Վ. Բաբայանն առաջարկեց 6 տոկոսով մարդկանց աշխատավարձը բարձրացնել և պետական բյուջեից մի տեղից վերցնել ու դնել մի տեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում