Ֆիզիկոսը շապիկների վրա ասեղնագործում է հերոսների պատկերներ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, Aravot.am: Մասնագիտությամբ ֆիզիկոս Անի Ալավերդյանը շապիկների վրա ազգային հերոսների է պատկերում ու իր ասելով փորձում է այդ կերպ հիշելի դարձնել նրանց:
«Ի սկզբանե ցանկանում էի ունենալ շապիկ Լեոնիդ Ազգալդյանի նկարով։ Որոշեցի ինքս պատրաստել։ Երբ գաղափարի մասին պատմեցի ընկերներիցս մեկին, նա խնդրեց, որ առաջին շապիկն իր համար պատրաստեմ։ Շապիկն ընկերոջս դուր եկավ։ Երբ արդեն ինձ համար պիտի նկարեի, որոշեցի նկարել մի հերոսի, որին ինչ-ինչ պատճառներով ավելի քիչ մարդիկ են ճանաչում։ Դա լավ հնարավորություն էր՝ հերոսի մասին այլոց պատմելու։ Նկարեցի Ալբերտ Ալավերդյանին։ Այնուհետև, երբ արդեն սկսեցին հետաքրքրվել շապիկներով և պատվերներ տալ, բոլորին հորդորում էի, որ պատվիրեն քիչ ճանաչված հերոսների նկարներով շապիկներ»,-ասում է մեր զրուցակիցը:
Անին հաճախել է Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ասեղնագործության դասընթացներին ու բավականին հմտացել։
«Որոշեցի մարդկանց ծանոթացնել այն ամենին, ինչ ինքս էի բացահայտում և ինչով ինքս էի ոգևորվում։ Սկսեցի ստեղծագործել հագուստի վրա՝ փորձելով հաճախ կիրառվող հագուստի միջոցով մարդկանց հասանելի և ճանաչելի դարձնել հայկական ասեղնագործությունը»,-ասում է մեր զրուցակիցը:
Շապիկի վրա Անին առաջինը Մարաշի ասեղնագործությունն է օգտագործել։ Նրա աշխատանքները դեռևս հասանելի են միայն օնլայն հարթակներում՝ «Աննիա ձեռագործ աշխատանքներ»:
Անիի կարծիքով՝ «ֆիզիկան և ասեղնագործության ունեն ընդհանրություն, երկուսն էլ աշխարհի մասին որոշակի պատկերացումներ են տալիս»:
Անիի խոսքով` նորը ստեղծելիս, ինքն ուսումնասիրում է նաև հին զարդանախշերն ու նմուշները` կրկին ազգայինը պահպանելու միտումով:
Հաճախ, երբ մարդիկ գնահատում են արդեն պատրաստ շապիկը, Անին հորդորում է այդ գումարը փոխանցել «Աջակցություն վիրավոր զինվորներին» հասարակական կազմակերպությանը կամ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպությանը:
Օֆելյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում