Աղավնի Գրիգորյան. Միայնակ գուլպաների համաստեղություն
Նմանատիպ
Նորեկը փոստարկղը կախեց դարպասի դատարկ ամրակներից:
Քիչ անց վառարանի մեջ գցված փայտը կճրթճրթա, պատուհան հիշեցնող շրջանակը կլուսավորվի ներսից ու թեյի սեղանի շուրջ կվերսկսվի ընդհատված զրույցը նույն տեղից, որտեղ կանգ առավ երեկ:
Նեղլիկ երիզովը կշոյի մորուքն ու ճղճղան տենորով կերգի, «ճանապարհը բարդ է, գալարները շատ…», իսկ Զոլավորը, որ ամենայն հավանականությամբ աշխարհագրության դասերին առաջին նստարանին է նստել Լոնդոնի բարձրաշխարհիկ քոլեջներից մեկում, գրպանից կհանի մաշված ու ծալծլված հոդվածը՝ «անգլիացի գիտնականներն ապացուցել են, որ տիեզերական լուսանցքը բացվում է գուլպաներից մեկի՝ աջի համար միայն՝ ան-շըր-ջելի:
Վերջին բառն արտաբերեց հատու, վանկատված:
– Վեց հազար մղոն, – լայնաշուրթ գուլպան, ում բոլորը Նավապետ են կոչում, նայեց Նորեկին:
Անվան պատճառը թերևս օձիքի երեք լայն կապույտ գծերն են, որ դեռ հեռվից նկատելի են ու արտասովոր պատկառանք են հաղորդում Նավապետին, կամ այն գուցե, որ փողոցի ծայրում գտնվող նրա հին տունը ծովահենի նավ է հիշեցնում՝ սարսափազդու և անմատչելի:
Նորեկը հազաց, անսովոր տհաճություն զգաց կոկորդում, բայց անմիջապես էլ հրահանգեց ուղեղին՝ մոռանալ այդ զգացողությունը: Վերջին ամիսների վարժանքներն արդյունավետ էին ու հիշողությունից ջնջել էր մգացումները, կամ սպիտակով ծածկել առժամանակ:
Այդպես էլ չհաջողվեց աչք կպցնել, առաջին գիշերն էր այստեղ, լարված էր դեռ, անհարմարության զգացողություն կար:
Առավոտ կանուխ որոշեց ջրել պարտեզում աճող ծաղիկներն, այնուհետև ծանոթանալ հարևաններին: Երրորդ մարգը քաղհանելիս հոգնածությունը հաղթեց ու քնեց հենց պարտեզում՝ քաջվարդի ու հիրիկների թփերի կողքին:
Բոլոր գուլպաները նույն ճանապարհով են հայտնվում համաստեղությունում, տարբեր է յուրաքանչյուրի պատմությունը: Դու անվանում ես փախուստ, դու անվանում ես վերջ, մինչև այն պահը, երբ դարպասի ամրակներից կախում ես քո անվանական փոստարկղը:
Շատ բան չի հիշում երեկվանից. երեկ զրույցը երկարեց. այսքանը թերևս:
Քնաթաթախ ոտքը դրեց ու ընկրկեց, հազիվ ճանաչեց Զոլավորին ավելի շուտ այն, ինչ նրանից մնացել էր։
Մի քանի պտույտ շրջանագծով վազել էր ծառի բունը գրկած, հետո պոկվել առա´ջ, առա´ջ, մինչև արևի ցոլքը համբուրել էր աչքերն ու ցոլքն աչքերում՝ հանգչել. ժպիտով երևի, որովհետև թելն ավարտվելն ու երեքնուկի ծաղկելը մեկ էր եղել։
Նորեկը կռացավ, գետնից վերցրեց ծալծված թերթն ու կարդաց «անգլիացի գիտնականներն ապացուցել են…» միայն հիմա հասկացավ՝ ան-շըր-ջելի՜ …
Բոլորը հավաքվեցին, նեղլիկ երիզովը շոյեց մորուքն ու թառաչագին ձայնով երգեց «ճանապարհը բարդ է, գալարները շատ…», մյուսները կամացուկ ձայնակցեցին: Նավապետը սաստեց՝ լռե´ք: Հետո ծնկեց, հավաքեց զգուշությամբ զոլավոր թելն ու ինչ-որ աղոթք մրմրջնալով՝ կծկեց։ Կծիկն առավ ու գնաց։ Մյուսներն անշարժ էին: Գիտեին, որ նրան հետևել չի կարելի: Ոչ ոք չգիտեր, թե քանի գուլպայակծիկ կա հավաքված փողոցի ծայրի հին առանձնատան ետնամասում, կամ, գուցե, չէին ուզում մտածել այդ մասին:
Նորեկն ամբողջ օրը մնաց այգում, այպես էլ տուն չմտավ: Գիշերը պառկեց այգում դրված իշոտնուկին աչքերը փակ՝ բաց երկնքի տակ:
– Կմրսե´ս, – տարեց հարևանուհին էր, ձեռքին թեթև ծածկոց:
Դեռ առավոտյան ողջունել էին իրար, մեկ-երկու բառ փոխանակել: Նորեկը բարձրացավ տեղից:
– Կսովորե´ս, առաջին անգամն է ծանր, – Հարևանուհին նստեց իշոտնուկի եզրին:
Տիկնոջ տարիքը գուշակելը քիչ բարդ էր: Ուշադիր զննելուց հետո միայն աչքդ կնկատեր հյուսքի կարկատանը, որ ձգվում էր ամբողջ փեշի երկայնքով: Նոր հատվածը թեև իդեալական նմանեցված էր, բայց լույսի տակ փայլում էր:
«Կսովորես…»՝ Նորեկը հիշեց ինչ-որ բաներ, հետո ծածկոցը հաճելի ջերմությամբ թմրեցրեց մարմինն ու սպիտակով ծածկեց անցանկալի մգացումները:
– Դեռ երիտասարդ ես, կվարժվես, պիտի´ վարժվես, – ասաց Հարևանուհին, մի քանի գաթա դրեց ամանի մեջ, հրեց Նորեկի կողմը:
– Համեղ է, բոլորը գովում են, փորձի´ր, հետաքրիր է՝ դո՞ւ ինչ կասես, դու հաստատ ինձ հաճոյանալու համար չես ստի:
Նորեկը ծամեց գաթան, առաջինը, երկրորդը, համ չզգաց: Հազաց:
Հարևանուհին միայն գլուխը տարուբերեց.
– Վաղը մորիով կարկանդակ կբերեմ. հազիդ համար լավ է:
Բարի գիշեր մաղթեց ու հեռացավ:
Լուսադեմին քամի բարձրացավ, Նորեկը դուրս եկավ փողոց ու քայլեց: Միևնույն էր, թե որ կողմ քայլի, որ կողմ էլ գնա, փողոցի վերջն էլի´ սկիզբ կբերի: Երրորդ դարպասի մոտ կանգնեց. փոստարկղ չկար, դատարկ ամրակներն էին:
Ներս մտավ, սենյակից կատվի մլավոց էր գալիս, գնաց ձայնի ուղղությամբ: Կատվին գտավ նեղլիկ մեկտաղանոց մահճակալին կծկված (իր սենյակում էլ նույն մահճակալից է դրված): Պատին Զոլավորի լուսանկարն էր, կողքին էլ ճիշտ նրա նման մեկը, միայն դեպի վերև հավաքած կանացի մազափնջով:
Կատուն հայացքը նկարից դարձրեց Նորեկին: Նորեկը կաթ լցրեց կատվին, կատուն մռլտաց, քսվեց նրա ոտքերին, հետո վազեց ետնաբակ:
Ետնաբակն իրականում մեծ ծաղկանոց էր, ամեն տեսակի հնարավոր ու անհնար ծաղիկներով: Իր պարտեզի մի քանի մարգն ու մի քանի բացված հիրիկները երեխայական խաղ թվացին սրա համեմատությամբ:
– Կատվին բերեցի՜ր, – գլուխն օրորեց Հարևանուհին, բայց այս անգամ ձայնի մեջ ավելի շատ գորովանք կար:
– Համեղ է, մորի վաղուց չէի կերել, – արձագանքեց Նորեկը՝ կարկանդակի մի փոքր կտոր ծամելուց ու կուլ տալուց հետո:
– Ջունե´յ, քեզ համար էլ տապակած ծովախեցգետին ունեմ, – կատվին կանչեց Հարևանուհին:
Կատուն ճանաչեց իր անունն ու տիկնոջ ետևից վազեց մտավ խոհանոց, հետո ետ եկավ պառկեց Նորեկի ոտքերի մոտ, կուշտ մռլտաց ու քնեց:
Հաջորդող օրերին ոչինչ չփոխվեց: Նորեկն արդեն ճանաչում էր փողոցի բոլոր բնակիչներին, երեկոյան սկսվող զրույցները մինչև լուսադեմ էին տևում հաճախ, Հարևանուհին էլ հոգատար ծնողի պես ամեն օր թարմ խմոր էր հրամցնում: Հազն անցավ ու գրեթե մոռացել էր առաջին օրվա դեպքը… կամ մի սպիտակ ծածկոց էլ դրա համար ուներ:
Նավապետին հանդիպել խուսափում էր, թեև ամեն օր անցնում էր նրա տան կողքով: Կանգնում էր բաց դարպասի մոտ, հետո ետ դառնում՝ առանց դուռը թակելու:
– Արա´գ, արի ինձ հետ, նորե´կ է… – Նավապետը շնչասպառ դուրս թռավ դարպասից: Քայլեցին արագ, ավելի արագ, ամբողջ ճանապարհին լռեցին:
Բաց յասամանագույն վարսերով գուլպա էր, ատամներով քանդել էր վզի մոտ առաջին շարք հյուսքն ու ջղաձգորեն ձգում էր մաշկի տակից թելերը… Ուշագնաց տեղափոխեցին Նավապետի տուն: Հարևանուհին ողջ գիշեր հետ էր հավաքում հյուսքը. նորաձև գուլպա էր, անծանոթ նախշերով՝ հետաքրքիր չկրկնվող երանգի:
Յասամանագույնն արևի հետ բացեց աչքերը, միայն վզի մասում հյուսքը փայլում էր ուրիշ գործվածքով, քիչ տարբեր բնականից:
– Վախեցրիր մեզ:
Աղջիկը չպատասխանեց, հազաց, ձեռքը տարավ վզին:
– Նույնությամբ չկարողացա վերականգնել, հյուսքդ նոր է, անծանոթ, – արդարացավ Հարևանուհին:
Նորեկը ձեռքը մեխանիկորեն տարավ կոկորդին: Գլուխը ցավեց սաստիկ, աչքերը մրմռացին, բայց ձեռքը ետ չքաշեց: Մոտեցավ աղջկան, ծածկոցը դրեց նրա ոտքերի մոտ ու ասաց.
– Դեռ երիտասարդ ես, կվարժվես, պիտի´ վարժվես:
Բոլոր գուլպաները նույն ճանապարհով են հայտնվում համաստեղությունում:
Դու անվանում ես փախուստ, դու անվանում ես վերջ, մինչ այն պահը, երբ հայտնվում ես այստեղ, երբ դարպասի դատարկ ամրակներից կախում ես քո անվանական փոստարկղը:
Աղբյուր՝ Andin.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում