Ստամբուլյան կոնվենցիան մեծ թակարդ է, դուք պետք է մերժեք դա. բուլղարացի պատգամավոր

Ստամբուլյան կոնվենցիան մեծ թակարդ է, դուք պետք է մերժեք դա. բուլղարացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Tert.am: Ստամբուլյան կոնվենցիան ներարկում է գենդերային գաղափարախոսություն դպրոցներում. կոնվենցիան մեծ թակարդ է, դուք պետք է մերժեք դա: Այսօր «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհրդի կազմակերպած Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը թեմայով կլոր սեղան – քննարկմանը կոնվենցիայի դեմ պայքարի իր երկրի փորձը ներկայացրեց Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Սիմովը:

Հիշեցնենք, որ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Ստամբուլյան կոնվենցիան:

«Մենք այդ խաղում հաղթել ենք, շատ լավ օրինակ է, թե ինչպես հասարակությունը կարող է դիմադրել այդ փաստաթղթին: Մենք սկսեցինք այդ փաստաթղթի դեմ խոսել 2016 թ., շատ ակտիվիստներ, ՀԿ-ներ սկսեցին գովերգել փաստաթուղթը, թեժ բանավեճ սկսվեց հասարակությունում: Մեր կառավարությունը չէր մասնակցում այդ բանավեճերին, բամբասանքներ կային, որ կառավարությունն ուզում է վավերացնել կոնվենցիան: Հետո Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին միացավ այս բանավեճին: Ի վերջո, Կառավարությունն ասաց՝ հասարակությունում վտանգավոր գործընթացներ են ընթանում, և կոնվենցիան հանձնվեց ՍԴ քննարկմանը և հակասահմանադրական ճանաչվեց»,- ասաց Ալեքսանդր Սիմովը:

Նրա խոսքով՝ բուլղարերենում գենդեր տերմին չկա, գործածության մեջ է սեռ բառը: Իսկ Ստամբուլյան կոնվենցիայում գենդեր բառը թարգմանվել էր սոցիալական սեռ: «Սա նշանակում էր, որ կինը կարող է իրեն զգալ տղամարդ, տղամարդը՝ կին»:

Բուլղարացի պատգամավորը նաև նշեց, որ ընտանիքներում բռնությունը կանխարգելող կոնվենցիայի դեմ հիմնականում պայքարում էին կանայք. «Կոնվենցիան ներարկում է գենդերային գաղափարախոսություն դպրոցներում, մեր հասարակությունը չէր կարող ընդունել, դա դեմ է մեր արժեքներին: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ազգ պետք է կանգնի իր ազգային արժեքների պաշտպանության գործին»:

Ալեքսանդր Սիմովը նկատում է, որ Արևելյան Եվրոպայում ընթանում է Ստամբուլյան կոնվենցիայի մերժման գործընթաց: Բուլղարիայից բացի, Ստամբուլյան Կոնվենցիան չեն վավերացրել նաև Սլովակիան և Խորվաթիան:

«Մենք հաղթեցինք, բայց սա երկար պայքար է, սա վերջ չունի: Սլովակիան երեկ 2-րդ անգամ մերժեց կոնվենցիայի վավերացումը: ԵՄ-ն ստիպում է անընդհատ վերանայել վավերացման գործընթացը: Պետք է անընդհատ պայքար լինի, պայքարը հարատև է»,- ասաց պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում