«Նոա» ֆուտբոլային ակումբը ևս հայտարարություն է արել ՀՖՖ նախագահի ընտրության վերաբերյալ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նոա» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և գործկոմի նախագահի առաջիկա ընտրության վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Մենք ևս համարում ենք, որ այսօր Հայաստանի ֆուտբոլային համայնքին ընձեռվել է ի շահ հայկական ֆուտբոլի գործող իրապես անկախ, այսօր այդքան անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամ և ունակ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ղեկավար կառույց ձևավորելու բացառիկ հնարավորություն, որը բաց թողնելու իրավունք պարզապես չունենք:
ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրություններից առաջ անհրաժեշտ է մաքրել ֆեդերացիայի կազմը կեղծ կազմակերպություններից և սկսել առողջացման գործընթացը: Հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը պետք է մասնակցեն բացառապես ՀՖՖ կանոնադրության պահանջներին լիովին համապատասխանող, ակտիվ ֆուտբոլային գործունեություն ծավալող և ֆուտբոլային հանրության կողմից ընդունված անձինք և կազմակերպությունները։
Նման գործընթացը միայն կարող է ապահովել արդար, թափանցիկ և ֆուտբոլային հանրության վստահությունը վայելող ընտրություններ։
Մեր խորին համոզմամբ՝ վստահության վերականգնումը առաջընթացի և հայկական ֆուտբոլում իրական բարեփոխումների գրավականն է»:
Այս օրերին հայտարարությամբ ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությանն անդրադարձել էին հայկական մի շարք այլ ակումբներ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն օրեր առաջ հրաժարական տվեց նախագահի պաշտոնից, իսկ դեկտեմբերի 23-ին կլուծարվի նաև ՀՖՖ ներկայիս գործկոմը: Նույն օրը կընտրվի ՀՖՖ նոր նախագահ և գործկոմ: