Փարաջանովյան պատառիկներն ու վերականգնված «Պեպոն»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Irates.am: 2020 թվականի հոկտեմբերին՝ Լիոնի «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնի օրերին, ներկայացվելու է «Կինոյի տաճար» ամբողջական ծրագիրը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից, հավելելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի Լիոն կատարած աշատանքային այցի շրջանակներում։
Լյումիեր եղբայրների թանգարանում կայանալիք «Կինոյի տաճար» միջոցառման ծրագիրը ներառում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած, վերականգնված կադրերի ինստալյացիա, Վարպետի երեք ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան», «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» և «Կիևյան որմնանկարներ» )՝ եռաֆիլմի ցուցադրությունը, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի ցուցանմուշների ցուցադրում, ինչպես նաև ֆորում-քննարկում՝ նվիրված Ս. Փարաջանովի ժառանգությանը։
Բացի «Կինոյի տաճար» ծրագրից, Շ.Միրզախանյանը ունեցել է գործնական այլ հանդիպումներ կինոյի ոլորտի հայտնի անձանց հետ, մասնավորապես բանակցություններ են տարվել Թուլուզի ֆիլմադարանի տնօրեն Ֆրանկ Լուարեի և հավաքածուների տնօրեն Ֆրանչեսկա Ազարայի հետ, քննարկվել են հայ կինոյի ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը վերաբերող կարևոր խնդիրներ, այդ թվում՝ հայկական կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանության հարցերը։ Անդրադարձ է եղել նաև Թուլուզի ֆիլմադարանում պահպանվող Համո Բեկնազարյանի «Պեպո» գեղարվեստական խաղարկային ֆիլմի երկու տարբեր ժապավենների շուրջ, որոնք ուսումնասիրել են տեղի մասնագետները: Ֆրանսիական կողմի խորհրդով և մեր համաձայնությամբ մշակվել է մեկ ամբողջական թվայնացված և վերականգնված ֆիլմ ստեղծելու գաղափարը: Ներկայումս Թուլուզի ֆիլմադարանի հետ քննարկումները դեռ շարունակվում են և 2020-ին ակնկալվում է այնտեղ թվայնացնել և վերականգնել «Պեպոն»:
Հավելենք, որ «Նռան գույնը» ֆիլմի մոնտաժից դուրս մնացած կադրերը 2019-ի հունվարին ներկայացվել էին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, իսկ Երևանյան ցուցադրությունը տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝, «Այրարատ» կինոթատրոնում (նախկին «Ռոսիա»)։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում